Литмир - Электронная Библиотека

Դիմացի պատին մոտիկ, որտեղ ճանաչված դերասան-դերասանուհիների գունավոր նկարներն են փակցված, ապակեպատ, թափանցիկ մի արկղ էր տեղակայված, որում գտնվող զանազան իրերը, կարելի էր դուրս կորզել տասնհինգ կոպեկանոց մանրադրամի ծախսումով։ Դանիելյանը փող մանրողին ցույց տվեց բռան մեջ շիկացած տասնհինգ կոպեկանոցը` հասկացնելով, որ մանրելու կարիք չունենք։ Դիմացի երիտասարդն այնպիսի հայացքով նայեց վրաս, կարծես ամեն ոք, ով մուտք է գործում այս տարածք, պետք է ամպայման ծանոթ լինի իրեն։ Դանիելյանն անխռով մոտեցավ արկղին, գցեց մանրադրամը, ապա սեղմելով կոճակը, սևեռուն կերպով սկսեց կառավարել մագիլներ հիշեցնող բռնակը։ Նրա բռնակը շատ դանդաղ առաջ էր գնում, հետո կանգնում ու նորից շարժվում էր ցանկալի ուղղությամբ։ Այդ ավտոմատում նման բան բացառված էր ի սկզբանե, բայց նա, ինչ-որ անհասկանալի, մոգական ուժով, կարողանում էր շրջանցել այդ արգելքը։ Ես զարմանքով նայում էի նրան, իսկ նա ուշադիր կենտրոնացած էր ծխախոտատուփի ու մեկ էլ բռնակի վրա։ Նա բռնակն իջեցրեց ուղիղ այնտեղ, ուր իրար կպած երկու ծխախոտատուփ էր տեղադրված։ Մագիլները ճանկեցին երկուսն էլ ու շարժվեցին դեպի արտաքին դուռ ունեցող պահարանը, որը բացելուց հետո ծխախոտը մերն էր, բայց կես ճանապարհին մեկը վայր ընկավ, իսկ մյուսը բարեհաջող տեղ հասավ։

– Թո՜ւհ, ես քո, – բացականչեց նա, ապա ավելացրեց, – ոչի՛նչ, մեկն էլ բավական է։

– Ինչպե՞ս ստացվեց, – չհասկացա ես։

– Ի՞նչը, – հարցրեց նա։

– Այն, որ շարժվում, հետո կանգնում ու նորից շարժվում էր։

– Ա՜, – ծոր տվեց նա, – Իմ մեթոդն է, օգտվում եմ, երբ դրամս վերջանում է։

Մենք դուրս եկանք կինոթատրոնից։ Անձրևը դադարել էր, այլևս չէր մաղում: Մենք քայլում էինք` շրջանցելով անձրևից հետո առաջացած բազմաքանակ ջրափոսերը։ Մեր կողքից դանդաղորեն, երթուղային տաքսու նմանվող մի ավտոմեքանա անցավ, ու ես հասցրեցի նկատել, որ ներսում գտնվողներն անխտիր սևազգեստ տղամարդիկ էին՝ ծխախոտի ծխով շղարշված, որոնք անընդհատ, անհասկանալի ամպլիտուդայով ճոճվում և ձեռքերի ագրեսիվ շարժում-թափահարումներով վիճում էին միմյանց հետ։ Իմ հարուստ երևակայությունն ուզում էր կառչել այդ տեսարանից և զարգացնել ապագա պատմվածքիս համար՝ հետաքրքիր նյութ որպես, բայց չգիտես ինչու, հրաժարվեցի այդ մտքից և ուղղակի, մեր զրույցը շարունակելու համար, ասացի։

– Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է անձրևից հետո հողը բուրում։

– Հողը երբեք չի բուրում, – առարկեց նա, – որոշ բույսեր, չորային ժամանակահատվածում արտադրում են յուղեր, որոնք կլանվում են կավահողի կողմից։ Անձրևների ժամանակ, այդ յուղերը խառնվում են ջրին` ստեղծելով աէրոզոլ, որը և բարձրանում է օդ՝ տարածելով այդ բնորոշ բուրմունքը, – բացատրեց նա և ավելացրեց, – իսկ դու գիտեի՞ր, որ XVII դարում Մեծ Բրիտանիայում օրենք էր ընդունված անձրևի մասին, ըստ որի, անձրևի սխալ կանխատեսման համար, օդերևութաբանին մահապատժի էին ենթարկում։

– Ո՛չ։ Ես դա չգիտեի, – պատասխանեցի ես։ – Խե՜ղճ օդերևութաբան։

– Ոչ մի խեղճ, ոչ մի բան։ Թող քիթը չխոթեր այնտեղ, որտեղ իր տեղը չէր:

– Օդերևութաբան չեն ծնվում, – հակադարձեցի ես: – Դա մասնագիտություն է, սխալվելով են սովորում, իսկ այս դեպքում, նրան զրկել են սխալվելու իրավունքից, և անմիջապես կառափնարան, դա բոլորովին էլ արդար չէ:

– Բանն էլ հենց այն է, որ օդերևութաբան ծնվում են, և հետքագետ նույնպես ծնվում են, չի կարելի արթնանալ մի գեղեցիկ օր և ասել` ես ուզում եմ դառնալ հետքագետ կամ բանաստեղծ, դա Աստծո պարգև է, որը չի բաժանվում ում պատահի։ Առաջընթացը՝ պրոգրեսը, որը դու նկատի ունես, միայն ժամանակակից դատարկ խոսք է, ներկայիս մարդն իր արժեքներով շատ ավելի ցածր է, քան վերածննդինը, և դա անառարկելի փաստ է. ցույց տուր ինձ հիմա Լեոնարդո կամ Միքելանջելո:

– Աշխարհը զարգանում է պարույրաձև և ոչ թե ուղղահայաց։

– Հենց այդպես։ Կա սահման, որից բարձր չես ցատկի։

– Իսկ դրա ցանկությունը միշտ կա, – նկատեցի ես։

– Որովհետև երիտասարդ ես, և դա հրաշալի է։ Բայց գիտցիր մի բան, որ ինչ էլ անես, քեզանից առաջ, ինչ-որ մեկն արդեն արել է, հիմա դու կասես` Իսկ Նյուտո՞նը, չէ՞ որ նա է տվել այն, ինչ իրենից առաջ երբեք չի եղել։ Նյուտոնը ոչինչ չի տվել, նա պարզապես առաջինն է կռահել և գրի առել այն երևույթը, որը ստեղծվել է աստվածային ուժով, Նյուտոնը չէ, որ ստիպել է խնձորին վայր ընկնել, և ոչ թե հակառակը՝ վեր խոյանալ: Այն, ինչ անձեռակերտ է՝ հոգևոր է, այն, ինչ ձեռակերտ է` ստեղծված է մարդու ձեռքերով, զուրկ է հոգևորից, բացի պոեզիայից, երաժշտությունից ու գեղանկարից, բայց այնտեղ մի մոռացիր, որ բուն սկիզբն է աստվածային, նկարիչը միայն կապում է այն գծերը, որոնք նրան գծում է Ամենաբարձրյալը։

Ես սաստիկ տխրեցի նրա բոլոր այդ խոսքերից։ Ես չէի կամենում վեճի բռնվել իմ երիտասարդական մաքսիմալիզմով և մտածեցի, – մի՞թե ես էլ նրա տարիքում, նրա նման թերահավատ, սկեպտիկ եմ լինելու: – Նա, կարծես, կարդաց իմ մտքերը և ասաց։

– Դատարկ բան է այս ամենը, ապրիր և վայելիր կյանքը, և դա կլինի ճիշտը, – իսկ հետո ժպտալով հարցրեց, – Ես իսկապես նման եմ արվամոլի՞:

– Եթե հաշվի առնենք ձեր հիգիենիկ տեսքն, ու թե ի՞նչ թանկ պարֆյումով եք բուրում, միանշանա՛կ, – խայթեցի ես։

– Խայթո՞ւմ ես, – աչքերը կլորացնելով ու տարակուսանքով զարմացավ նա։

– Իհարկե՛, – պատասխանեցի ես: – Միայն ձեզ չի տրված խայթելու իրավունքը:

– Կորիր գրողի ծոցը, – քամահրեց նա։

II

Կիսախավարների լաբիրինթոսում, կարևոր կիսախավարը, թեթևակի լուսաստվեր հեղեղելով լաբիրինթոսից դուրս, զատվում, չէր միախառնվում, – և ծովը սև՜-սև էր, կապո՜ւյտ-կապույտ էր, կանա՜չ-կանաչ էր։ Հորիզոնում սևը շա՜տ-շատ էր։ Մտածելիս` սև չէր, մթություն էր։ Հորիզոն-մթության մեջ, խավար շողում էր հանրության միակ արևը՝ այնքան խավար, որ արև չէ՛ր՝ լուսին էր, բայց շատ որոշակի երակներդ թխկթխկում, շխկշխկում, հուշում էր, որ դա անժխտելի արև էր։

Աղճատված հոգիների թափորը ծովի երկայնքով, ալիք-ալիք մոտենում-չէր մոտենում՝ բայց ափից վախենում, շատ էր վախենում։ Մնացյալ ալիքները, հիմար-հիմար, միամիտ-միամիտ մոտենալով ափին, ջրապտույտ էին ստեղծում՝ հետ չէին գնում, և ջրապտույտ էր ստեղծվում։ Կարմրաբոսորի փայլքը ուղեղդ քլունգում ու զգում էիր, որ ծովը սև՜-սև, կապո՜ւյտ-կապույտ, կանա՜չ-կանաչ չէր, մի գույն էր՝ սևակապտականաչ կամ հեշտ ու սեղմ «սակռ»։ Սակռագույն ծովի սակռագույն ալիքները ջրապտույտ ստեղծելով` ծովի ընդերքից աղաղակ էին կորզում, և աղճատված հոգիների թափորը հեռվից հեռու լսում, ծիծաղում, աղաղակներն ընդունում-չէր ընդունում ու ուրախանում, հպարտանում էր իրենց հավատափոխ դավանանքով, որ ափին մոտ չէր, ափից հեռու՝ շատ հեռու էր։ Աղճատված հոգիների թափորը ափից հեռու, ափը զգում ու չէր մոտենում։ Իրենց համար, իրենց տեղն այնտեղ չէր։ Ծանրութեթև անելիս` ծանրությունը հետ, ծովի խորք էր ձգել ու այնտեղից դիտվում-զգացվում էր։ Նրանց ափին մոտ լինելը կարևոր չէր, նպատակ չուներ։ Ամեն ինչ լսված, սովորած, կարդացած, երազներում տեսնված էր։ Մնացյալ ալիքներին հրելիս և քամահրանքով ծաղրելիս, նրանց թևերը դիմադրության ուժ չէին զգացել։ Աղճատված հոգիների թափորը` ծեր, շատ ծեր, վաղուց ափին մոտենալով, հասնելով, փրփուր չէր տվել, անփրփուր ճողոպրել ու թեթևակի փրփրել էր ծովի խորքում` այդ ամենն ուսումնասիրելիս, սովորելիս, երազներում տեսնելիս։

Ջրապտույտից՝ չյուղված սայլի անվի ճռնչոց ու ծանր հևք էր լսվում։ Ալիքներն էին ճռնչում, հևում։ Ճռնչոցը ուրորէ լացի էր փոխվելու, բայց փոթորիկը հեռու էր։ Ամեն ինչ փոթորկի համար կարծես զարգացել, հասունացել էր, իսկ լաց, ողբ չկար։ Լճացած արցունքներ պետք չէին, անտեղի էին։

Խրախճանքով ու կոկետ սեթևեթանքով, ալիք-ալիք, ակոս-ակոս, սակռագույներին բախվեց պոռնիկների գոսացած թափորն ու թվաց, թե ջրապտույտը հանդարտվեց։ Ջրապտույտի հանդարտությունը գոսացածների թովչանքն ու գեղգեղանքն էր ամրագրելու, սակայն ալիքների ըմբոստ համրությունը, չյուղված անվի ճռնչյունը, այդ խեղդվող-զսպվող աղաղակները մոլեգնած ընդդիմացան, և պոռնիկների գոսացած թափորն իր տեղը ջրապտույտում անառարկելի ժխտեց, իսկ ջրապտույտը հանդարտեցնելու սկզբնական մտադրությունը բախվեց բանականությանը` հուշելով, որ չափազանց չնչին և անսահման մանր էր դեպքերում մխրճվելու համար և գլխիկոր, հիասթափ վերադարձավ, միացավ աղճատված հոգիների թափորին։

Ջրապտույտի ողբաձայն աղաղակները կարծես վերջ չպիտի ունենային, բայց կամաց-կամաց, հուշիկ-հուշիկ այն փոխակերպվեց տագնապի։ Տագնապն աճեց, աճեց ու վերջում` տագնապ չէր՝ բողոք էր։ Մնացյալ ալիքներն էին բողոքում, իրար հրմշտում, քաշքշում։ Եվ այդ քաշքռտուքից ծովը ճեղք տվեց, բացվեց ու հեռու-մոտիկ գվյունով, ընդերքից վեր խոյացավ մնացյալ ալիքների ըմբոստ ցասումը։

3
{"b":"877263","o":1}