Էդուարդ Գրիգորյան
Խնդուն օրերի թույնը բոսոր
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրակ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ…
Եղիշե Չարենց
I
Մենք ընդառաջ էինք գնում միմյանց ուրախ, վստահ և վսեմ քայլերով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, նախօրոք որոշված ու պայմանավորված փողոցով։ Մենք ընդառաջ էինք գնում միմյանց, միմյանց հանդիպելու անառարկելի միտումով՝ ոգևորված իրար տեսնելու հզորագույն ներքին տենչով։
– Ողջո՜ւյն, Ժան։
– Ողջո՜ւյն, Աննա։
Անցնելով մյուս մայթ` ես Էռնեստ Հեմինգուեի նման թևանցուկ արի Աննային ու մայթի արտաքին կողը թողեցի ինձնից հետո, հետո թեքվեցինք աջ ու բարձրահարկերի` սառը, գունեղ շենքերի արանքից, սրճարանային անուշ բույրը դիպավ ռունգերիս, ու գլխի ընկա, որ նորից ստիպված եմ լինելու սառնարանից թռցնել պառավիս ձվերն ու աղ դրած պանիրը, մինչև գյուղից որևէ բան ստանալս՝ «թռցնել»-ն այստեղ, ամենայն հավանականությամբ, արտահայտչական ձև է, քանզի պառավս շատ լավ տեղյակ է այդ մասին և ներողամտաբար հանդուրժում է իմ հարկադրված ավազակությունը, մանավանդ որ, ես չափը երբեք չեմ անցնում։ Տան վարձը տվել ու ամաչելու ոչինչ չունեմ, իսկ դուռն ամեն անգամ ամուր, բանալիով փակելուց հետո, շատ որոշակի կերպով հոգիս լցվում է հաճելի այն ենթագիտակցությամբ, որ գոնե մեկ ամսով, այդ ուրիշի բնակարանում ապրելու իրավունքն ունեմ։ Գյուղից ստանալիք երկու գլուխ ոչխարի պանիրն ու մի տոպրակ կարտոֆիլը լիուլի ինձ կբավականացնի մինչև աշուն, այնպես որ, ապրելու միջոց կա։ Ես դեռ կարող էի վսատահ լինել և հույսս դնել թոշակիս վրա, եթե այսքան ձրիակերների, կեղծ խոստումների ու պորտվեյններով առատ սրճարանների արանքում, թոշակս երեք քառորդով բարձր լիներ՝ բայց լավ է լինել հոգով հարուստ, կյանքը նվիրել արվեստին, ընծայաբերման կարգով պատկանել Աննային ու, վերջին ռուբլիանոցի հոժար ծախսումով, հեռու-մոտիկ զգալ Էլիզաբեթ Թեյլորի պիրկ իգությունը երկու կեսարների անկողիններում։
Մենք քայլում էինք գլուխներս բարձր, առույգ, ձեռքներս գրպաններում ամփոփած, այնքան գեղեցիկ, այնքան բարեկազմ, այնքան երիտասարդ ու առողջ, որ գլխապտույտ առաջացնող խելահեղ բավականությունն այդ տարածվում, անցնում էր լեռներ ու ձորեր՝ ի լուր աշխարհի, որ թարմ օդի շփումը ծխախոտի ծխից չսևացած առողջ թոքերիդ ու Աննայի ո՛չ հանկարծակի, ո՛չ իմիջիայլոց, գայթակղիչ գոյությունը կողքիդ՝ պատահական երևույթ չէ՛ր։
– Սա պատմվածքի սկիզբ չէ, – ասաց իմ ծեր բարեկամ Դանիելյանը, – սկսել պատմվածքն այդպես անհեռանկար ձևով, դա փակուղի տանող ճանապարհ է, ավելի քան համոզված եմ, որ շարունակելու մտադրություն չունես, որովհետև այլևս գրելու բան չկա՝ ասենք թե, կարող ես քամել, լավագույն դեպքում, ևս մի երկու պարբերություն, ու թերևս վերջ, ասելիքդ ասված՝ միտքդ շարադրված, իսկ պատմվածք, որպես այդպիսին, չկա ու չկա։
Ես նրան չէի հակադարձում, քանզի դա անիմաստ զբաղմունք էր, նա արդեն մտքում գծած ուներ իր տեսանկյունն ու նպատակասլաց շարժվում էր այդ ուղղությամբ, ինձ մնում էր սպասել մինչև կավարտի իր երկարաշունչ մենախոսությունն ու կկարողանամ իմ բաժին քսան կոպեկը ներմուծել պատկերն ընդհանրացնելու համար։
– Հիմա կասես, սա պատմվածք է ռոմանտիկ սիրո մասին, – շարունակեց նա իր մենախոսությունը, – և ամենևին գաղափար չունես անգամ, որ ռոմանտիկ սիրո հիմքում ընկած է սեռական անսահման կրքի հագուրդը, իսկ իմ համեստ կարծիքով, քո հերոսը, հաջորդ տեսարանում դրանով զբաղվելու ցանկություն բնավ չունի։ Առանց սեքսի սեր, դա ամենավատ տարբերակն է, քանզի սեքսը հեռացնում է աչքերիդ վարդագույն փառը և վերադարձնում մտածելու, ստեղծագործելու ունակությունը, չես հավատում ինձ, հարցրու ծերուկ Քիփլինգին, թե ի՞նչ կատարվեց այն պատանու հետ, որի առջև բաց էին նախորդ կյանքի հիշողության դռները, երբ նա հանկարծ սիրահարվեց։ Մյուս կողմից, անկողինն անշուշտ կգռեհկացներ քո պատմվածքը, քանզի քո շարահյուսությունն անտարակույս պոետիկ է, և մխտրել այն բիրտ տեսարաններով` ամենևին տեղին չէ, այնպես որ, շարունակիր գիրդ` տեսնենք ուր կբերի այն։ Միայն շատ եմ խնդրում, առանց այդ մերկանտիլ, հակամարդկային, ոչ մեկին պետք չեկող պոստմոդեռնիզմի, երբ հանկարծ, չգիտես ինչու, կպարզվի, որ քո հերոսուհին վհուկ է և կարողանում է ճախրել երկնքում։ Ես ատում եմ Ռավելին իր «Բոլերոյով», ով քանդեց այն ամենը, ինչ գնահատում եմ դասական երաժշտության մեջ, մասնավորապես, դանդաղ սոնատային սկիզբ, ռոնդո՛, հիմնական թեմայի կուռ զարգացմամբ՝ թախծոտ կամ ողբերգական տրամադրությամբ, այնուհետև հզոր, կուլմինացիոն կրեսչենդո և վերջապես` արագ, հանդիսավոր ֆինալ: Իմ սիրած հեղինակը Սարտրն է և նրա «Սրտխառնոց»-ը, ինչպես ես եմ հասկանում Սարտրին, երևի ոչ ոք ի վիճակի չէ ընկալել նրան, քանզի ես ծնվել և, ամենայն հավանականությամբ, կմեռնեմ այս անտանելի ռեժիմի օրոք, որը, սրտխառնոցից բացի, ոչինչ չի առաջացնում, և ես ողջ գիտակցական կյանքս ապրել եմ այդ զգացումով, մշտական սրտխառնոցի զգացումով՝ շատ լավ հասկանալով, որ ի զորու չեմ որևէ բան փոխել, իսկ Սարտրը սկզբում շատ լոյալ էր, ես կասեի, նույնիսկ սիրահարված էր իմ ապաշնորհ երկրի գաղափարախոսությանը, որտեղ մարդկային կյանքի գինը ձևավորվում է համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդի ուղեղում։
Հեռախոսազանգն ասես փորձ արեց ընդհատել նրա մենախոսությունը, և դա սաստիկ զայրացրեց նրան։
– Ի՞նչ եք ասում, – քամահրանքով գրեթե գոռաց զանգող հեռախոսին։ – Զբաղված եմ, չե՛մ կարող, – հետո մոտեցավ լսափողին և մի ակնթարթ թվաց, թե այնուամենայնիվ կբարձրացնի ընկալուչը։ – Ո՛չ։ Չեմ կարող, զբաղվա՛ծ եմ, – շարունակեց գոռալ նա, – ի՞նչ եք ուզում, ես ձեզ հարյուր անգամ նախապես խնդրել, զգուշացրել եմ չզանգել` երբ զբաղված եմ։
Դա տևեց երկար։ Այնքան, որ հանգիստ կարող էր բարձրացնել ընկալուչն ու ազդարարել, որ ինքը սաստիկ զբաղված է և լսափողը երկար պահելու հնարավորություն չունի։ Հետո դարձավ ինձ։
– Գիտեմ` թե ո՞վ է։ Գիտե՛մ։
– Գուցե այնուամենայնիվ պատասխանեի՛ք, – ասացի ես։
– Հիմա՛, – ասաց նա։ – Հիմա՛, – մոտեցավ, քաշեց, արմատախիլ արեց հեռախոսալարը հիմքից ու կարծես հանգստացավ, վրայից մի հսկա բեռ ընկավ։
– Ահա՛, – շունչ քաշեց նա։ – Ահա՛, գրողը ձեզ բոլորիդ տանի։ Խմել ուզո՞ւմ ես, – թեքվեց նա ինձ։ – Հիմա՛, հիմա՛, – կռացավ, բացեց փոքրիկ պահարանն ու կոնյակ և երկու բաժակ հանեց։ – Դե՛, իհարկե, գնում կորչում և չեք երևում։ Երբ ծանոթացանք, կարծեցի, թե ահա այսպե՛ս կլինենք, այսպե՛ս…
Նա բացեց ձայնապնակների պահարանը ու, գտնելով անհրաժեշտ ձայնապնակը, մեկնեց ինձ։
– Ահա, նայի՛ր։ Կարծում էի` այսպես կլինենք, – ակնոցները հանելով` ժպտաց նա, ու հասկացա, որ արդեն տաս տարուց ավելի` կոշտ բան չէր դրել բերանը։ Հասկացա, երբ ժպտալիս նկատվեց, որ բերանում գրեթե ատամ չէր մնացել, իսկ կեղծ ատամներ չէր կրում։
Ես վերցրի ձայնապնակն ու նրա կազմին երկու տղամարդկային ձեռք և ջերմ ձեռքսեղմում տեսա։ Ծիծաղս զսպել չկարողացա, իսկ նա, երկու շիշ սառը լիմոնադը մի ձեռքում, բացիչն ու մի քանի սալիկ շոկոլադը մյուսում, լուռ կանգնած գլխավերևումս` հետևում էր։
– Դե՛, իհարկե, կարող ես ծաղրել ծեր մարդուս, – նա ինձ ճիշտ չհասկացավ, մեղավորը գուցե այն քառասուն տարին էր, որը մեզ բաժանում էր միմյանցից։
– Ոչի՛նչ, – շարունակեց նա։ – Ոչի՛նչ, երիտասարդ ես ու շատ բան չես հասկանում, կծերանաս` նոր կհականաս, թե ի՞նչ բան է իմ տարիքում քեզ հետ ընկերություն անելը։
Նա պահարանից լիմոնադի համար ևս երկու բաժակ ու շոկոլադի ափսե հանեց։ Բաժակների մեջ փրփրեց, ապա անմիջապես հանդարտվեց բավականին սառը լիմոնադը։ Կոնյակը վատը չէր։ Ես ինձ համար լցրի երկրորդ բաժինը, իսկ նա դանդաղ, կում-կում ներս էր առնում իր առաջին բաժինը։
Նրա զորակոչիկային տարիքն ուղիղ համընկել էր պատերազմի սկզբի հետ, որի մասին աշխատում էր լռել՝ հավելելով, որ ամեն ինչ այդքան հերոսական ու միանշանակ չէր, ինչպես պատկերվում են ֆիլմերում, հատկապես` Բեռլին մտնելուց հետո, երբ թույլատրվեց փոստային ծանրոցներ ուղարկել տուն։ – Սկսվեց տարերային, անկառավարելի մի քաոս, զանգվածային բռնաբարություններ ու թալան, չէին օգնում նույնիսկ բարձրագույն հրամանատարության հրամաններն ու տրիբունալի դատավճիռները՝ տեղի կանանց հետ «շփվելու» և թալանի արգելումները, քանզի բարձրագույն հրամանատարությունն ինքն էր վագոններով կրում-տանում գերմանական տոհմական դղյակների ու թանգարանների թանկարժեք գույքը։
– Պատերազմից վերադառնալուն պես, առաջին բանը, որ շրխկացրին երեսիս. դա այն էր, որ բնակարան այլևս չունեի։ Բարի մայրիկս, գցել-բռնելով, որ ինձ տուն այլևս հարկավոր չէ, քանզի պետությունն ինձ պարտավոր է ապահովել բնակարանով, մեր կենտրոնում գտնվող չորս սենյականոց բնակարանն անդարձ նվիրել էր իր անտուն բարեկամներին։ Ինձ ժառանգություն հասավ միայն` 1874-ին Բերի և Հերմանի տպարանում լույս տեսած, ամուր կաշվե կազմով և փղոսկրե առանձին թերթերին դրոշմված, Գուստավ Դորեի օֆորտներով ձևավորված, Դանթեի «Դժոխքը» և վերջ, իսկ այս բնակարանը կնոջս է, և նա ինձանից երկար է ապրելու, այդ անիծյալները միշտ երկար են ապրում, հետո ինչ, որ անհաջող է եղել մեր ամուսնությունը, նա իմ կինն է, և ապրում ենք միևնույն՝ նրա բնակարանում, ես այստեղ հյուր եմ, հյո՛ւր, կմեռնեմ ու ինձանից հետո լռություն և ամայություն միայն։ Ես դա քեզ պատմում եմ, քանզի հաստատ համոզված եմ, որ դու բառերի արանքում ընդունակ ես գտնել այն խորը ցավը, որն այրում է իմ հոգին և, եթե ես շեշտում եմ, որ ծնողներիցս ժառանգել եմ միայն «Դժոխքը», ուրեմն դա հենց այն է` ինչ եղել է իրականում։ Գուցե մի օր, հեռու ապագայում, կցանկանաս պատմվածք գրել մի մարդու մասին, ում վիճակված էր արծիվ ծնվել և ազատ ճախրել բարձր երկնքում, բայց որի թևերը կտրեցին՝ վերածելով նրան թշվառ, ընտանի կենդանու։