Իմ պատմվածքները խոտանում, մերժում էին մեկը մյուսի ետևից։ Գրական հանդեսներից մեկի գլխավոր խմբագիրը մի օր որոշեց անկեղծանալ հետս՝ լռության, մեկ էլ սերտած, անգիր արած` «Ձեր պատումի լեզուն, ոճը, շատ ծանր է և դժվարամարս։ Հրատարակչությունը, հաշվի առնելով ընթերցողական ենթադրելի շրջանակը, դրանով թելադրված պահանջարկը, նպատակահարմար չի համարում ձեր գործի հրատարակությունը»։ Նմանատիպ դատարկաբանության փոխարեն, ցանկացավ լիկբեզ անցկացնել հետս՝ բացել իմ աչքերը։
– Շատերի՞ն ես ուղարկել, – պատմվածքս ստանալուց երկու շաբաթ անց, ներս հրավիրելով իր աշխատասենյակ` հարցրեց նա:
– Ո՛չ, – պատասխանեցի ես: – Առայժմ միայն ձեզ:
– Գեղեցի՛կ, – ասաց նա, – կձևացնեմ, որ չեմ կարդացել այն։
– Չհասկացա՛, – զարմացա ես:
– Զարմանալու բան չկա, ուղղակի ցավում եմ քեզ համար, կհալածեն, ուժասպառ կանեն ճամբարներում կամ հոգեբուժարաններում։ Զսպիր ինքդ քեզ և փորձիր գրել ուրիշ պատմություններ, տես, թե ինչքան հերոսացում կա շուրջդ, գրիր նրանց մասին։ Դանակը ոսկորին մի հասցրու, մենք փոքր ազգ ենք, որի գոյության մասին ոչ ոք ոչինչ չգիտի, առանց խղճի խայթ զգալու կվերացնեն քեզ, և ոչ ոք այդ մասին ոչինչ չի իմանա, այդ նրանք կարող են իրենց թույլ տալ այլախոհական գրականություն, քանզի նրանց համար վատագույն արդյունքը՝ երկրից վտարումն է, տոմս` մեկ ուղղությամբ, Նոբելյան մրցանակ, և վերջ, մեզ հետ այդպես չեն վարվի, կատոկով կճզմեն և «ախ» չեն քաշի:
– Ես այլ կերպ գրել չեմ կարողանում։
– Ուրեմն դադարիր գրել և յուրացրու մեկ այլ մասնագիտություն, եթե չես կամենում տիրապետել դերձակ-մոտորիստուհու մասնագիտությանը՝ սիբիրյան, ոչ այնքան հեռավոր վայրերում։ Հուսով եմ, որ այս խոսակցությունը կմնա մեր մեջ, անշուշտ հասկանում ես, որ ես ռիսկի եմ գնում ոչ պակաս քան դու, իմ սրտացավությամբ:
Ես դուրս եկա նրա մոտից` շատ լավ գիտակցելով, թե ո՞ւր էր խփում, ի՞նչ էր բաղձանքը նրա։ Նա կամենում էր խոշտանգել, ամայացնել ողջ էությունս և ինձ դարձնել այս գարշ համակարգի հլու-հնազանդ ոչխարը՝ բարի ոստիկան, ով շահագրգռված էր նրանով, որ հանկարծ անգիտակցաբար չկործանեմ երիտասարդ կյանքս, չէ՞ որ ինձ հրաշալի ու լուսավոր ապագա է սպասում՝ այս հզոր երկրի բոլոր քաղաքացիների հետ մեկտեղ։ Բայց մի հարցում նա ճիշտ էր անտարակույս, և այդ միտքը հանգրվանեց ուղեղումս անդարձ. հարկավոր է թարգմանել ու փորձել պատմվածքներս հրատարակել արևմուտքում՝ նման պարագայում, առավելագույնն, ինչ կարող են թույլ տալ իրենց, երկրից ինձ դուրս շպրտելն է, չեն համարձակվի ֆիզիկապես ոչնչացնել, թեև փաստ չէ, նրանք հենց մեր հանդեպ կարող են թույլ տալ իրենց ամենն, ինչ կամենան, օրինակ, 58-րդ հոդվածի փոխարեն, կպցնել մի ինչ-որ քրեական ահարկու հոդված ու` ցտեսությո՛ւն, դու չես ո՛չ առաջինը և ո՛չ էլ վերջինը։
Ես մի քանի օր ապրում էի անիրազեկության մեջ, մտածում էի՝ կկանչե՞ն անվտանգության մարմիններն ինձ, թե՞ ո՛չ։ Միամտություն էր իմ կողմից հուսալ, որ իմ դիմազրկված պատմությունը փոթորկահույզ, մոլեգնող ծովի մասին, նրանք կընկալեն որպես իմպրեսիոնիստական ոճով բնության նկարագրություն և վերջ՝ այդքանը միայն: Նրանք ամեն ինչ լավ ըմբռնել, հասկացել էին։ Հիմա, հավանաբար, պատմվածքս ձեռքից ձեռք է անցնում այդ սարսափելի հաստատության տարբեր գրասենյակներում, վերծանվում են նրա տողատակերն, ու որոշվում է, թե ինչպես է պետք վարվել ինձ հետ, հարկավոր է անմիջապե՞ս պատժել, թե՞ կարելի է դեռևս համբերել։ Ամենայն հավանականությամբ, կանխարգելիչ զրույցն ու գլխավոր խմբագրի խոսքերը, որոնք հնչեցին որպես նախազգուշացում, ըստ էության, իմ պատիժն էր. «խելքի՛ եկ», ահա թե ի՞նչ էին նրանք հստակ ու պարզ առաջարկում ինձ: Ես շատ լավ հասկանում էի, որ ինձ գրչի վրա էին վերցրել. անհասելի են այլևս արտասահմանյան ուղևորությունները, ոչ մի ուղիղ եթեր ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է խոսափողի հասանելիության թույլտվություն, իսկ դա ինձ համար ոչ ոք չի ստորագրի այլևս։
«Թող կորչեն գրողի ծոցը, բոլորն անխտիր»` մտածեցի ես, մեծ հաշվով, ինձ համար գլոբալ ոչինչ չի փոխվել, ես այս երկրի համար առանց այն էլ անվստահելի տարր էի և այդ ամենից զրկված էի ի սկզբանե, քանզի բռնաճնշվածների հետնորդ եմ ես՝ ժողովրդի թշնամիների ժառանգ։ Սակայն, շատ փոքրիկ հույսի նշույլ, որ գլխավոր խմբագիրը մատնիչ չէր, այնուամենայնիվ կար։ Կար ցանկություն` համոզվել, որ իր փոքր ժողովրդի զավակների ճակատագրով նրա մտահոգությունն անկեղծ էր՝ իրակա՛ն։
Օրերն անցնում, թռչում էին անասելի արագությամբ։ Ինձ ոչ մեկը չէր անհանգստացնում, ոչ մի տեղ չէին կանչում, և դա ավելի տագնապահույզ էր։ Ես շարունակում էի գրել իմ պատմվածքները` հստակ գիտակցելով, որ նրանք դատապարտված են անգոյության։ Հետզհետե իմ այդ տագնապներն ու անհանգստություններն անցան` տեղի տալով մտքին, որ կարծես բարեհաջող ավարտ է ունեցել իմ այդ անմիտ արկածախնդրությունը, և ես վերսկսեցի լիաթոք շնչել ու գոյատևել իմ սովորական խաղաղ կյանքով՝ սթրեսներից ու ցնցումներից զուրկ, բայց ներքին լարվածությամբ՝ պատրաստ իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր ընթացքին։
Նրանք իմ պապիկին, բարբարոսաբար տարել էին 37-ին, դասախոսության ժամանակ՝ թույլ չտալով ավարտել այն, իր ուսանողների աչքի առաջ, միտումնավո՛ր, որպեսզի նվաստացնեն. մարդակերի հոգեբանություն, որը գիտնականին ընկալում է` որպես սննդամթերք, գաստրոնոմիական պարեն և ոչինչ առավել։ Միակ բանը, որ թույլատրել էին պապիկիս, այն է՝ ճանապարհին թեքվել տուն և վերցնել ձեռագրերը, իր անավարտ վեպը։ Ի՞նչ իմանար խեղճ պապս, որ իր ձեռագրերն ու անավարտ վեպն էլ իր հետ միասին կանէանան, կփոշիանան հավերժ, և ի՞նչ անուն տալ այն երկրին, որը գողացել էր պապիկիս մտքերը՝ զրկելով ինձ նրանց մեջ խորասուզվելու, նրա հետ մեկուսանալու իմ ժառանգական իրավունքից։
– Ես բողոք եմ ստացել, – որոշ ժամանակ անց, երբ թվում էր, թե ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, և վտանգն անցել է անդարձ, ինձ դիմեց թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը՝ ցածրահասակ, բարակ բեղերով մի անձնավորություն, որն իր ճաղատությունը հմտորեն թաքցնում էր այն մազերի շնորհիվ, որոնք լիուլի աճում էին նրա պստլիկ գլխի հետին և կողային մասերում, որոնցով, կանոնավոր կերպով, առաջ և կող տանել-բերելով, ստեղծում էր արտասովոր մի սանրվածք, առատորեն սոսնձելով թատերական սոսնձով՝ կայունության համար, որպեսզի նրանք չծածանվեն քամիներից` մերկացնելով նրա ճաղատությունը, քամիներ, որոնք հաճախակի էին հյուրընկալվում կիրճերում սեղմված, բարձր լեռների ստորոտում, դանդաղահոս գետի երկայնքով սփռված մեր քաղաքում։
– Ես ահազանգ եմ ստացել, որ դու հակախորհրդային պատմվածք ես գրել, – ասաց մի մարդ, ով, թերթերի վերջին էջից բացի, ոչինչ չէր կարդացել երբևէ։
– Մի՞թե, – հարցրեցի ես։
– Այո՛: Ազդանշանը եկել, տեղ է հասել, ես չվստահելու պատճառ, առավել ևս չարձագանքելու իրավունք չունեմ, թեպետ, ինքս չեմ կարդացել քո պատմվածքը, ճիշտ կլիներ ազդանշանին նաև պատմվածքիդ պատճեն կցել, սակայն վերևներում շատ ավելի լավ գիտեն, թե ինչն-ինչպես է արվում, իսկ քեզ, ահա թե ինչ կասեմ, հիմարություն մի արա, զբաղվիր իրական գործով՝ նայիր ինձ, ես սկսել եմ զրոյից, երիտասարդությանս տարիներին նույնիսկ ստիպված եմ եղել թղթե տոպրակներ սոսնձել գոյությունս մի կերպ պահպանելու համար։
– Ոչ բոլորին է տրված սոսնձելու ունակություն, դա Աստծո պարգև է, – ասացի ես։
– Գուցեև այդպես, ուղղակի ուզում եմ ասել, որ նախկինում ես տոպրակներ էի սոսնձում, իսկ այժմ մի ամբողջ թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղարն եմ։
– Եվ շարունակում եք սոսնձե՞լ:
– Ի՞նչ նկատի ունես, – չհասկացավ նա։
– Միայն այն, որ ձեզ համար ոչինչ չի փոխվել, նախկինում թղթե տոպրակներ էիք սոսնձում, իսկ այժմ` բեղ ու կեղծամ ցածրորակ դերասանների համար:
– Հիմարությո՛ւն, դու գոնե հասկանում ես, որ ինձնից սպասում են քո բնութագիրը ընդհանուր գործին կցելու համար, որը կարող է վճռորոշ դեր ունենալ:
– Իսկ ի՞նչ կարող եք գրել իմ մասին։ Պատմվածքս դուք չեք կարդացել, և նույնիսկ եթե կարդացած լինեիք, դժվար թե ինչ-որ բան հասկանայիք, կգրեք, որ ես հրաժարվում եմ սոսնձել ձեր անիծյալ կեղծ բեղե՞րը, որ ես` որպես դերասան, գերադասում եմ ներքին վերամարմնավորում և ոչ թե արտաքին ֆինտիֆլյուշնե՞ր, և դա անբարոյական, բուրժուական խորթ երևո՞ւյթ է: – Կարող եք գրել, խնդրե՛մ։
– Ես կձևացնեմ, որ չեմ լսել դա:
– Հազիվ թե։ Ձեզ բոլորիդ մեկ մայր է ծնել, դուք համընդհանուր ինկուբատորի պտուղ եք։ Մի սրտացավ գործիչ ևս, իր ասելով, աչք էր փակում, բայց չհասցրեցի դուրս գալ մոտից, անմիջապես վազեց ու փայտփորիկի նման սկսեց թակել բոլոր հնարավոր և անհնար դռները։ Ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ եք գրելու իմ մասին, շտապե՛ք, քանի դեռ դրոշն ու իշխանությոնը ձեր ձեռքին է:
Իմ անհանդուրժողականությունն առնետների նկատմամբ անսահման է, մի օր դա ինձ կկործանի անտարակույս, եթե, իհարկե, հրաշք տեղի չունենա, ու առնետները չանէանան ինչ-որ գերբնական ուժի շնորհիվ, բայց ցավոք, նման ելք անհնարին է դեռևս, քանզի չի երևում այն մոգ սրնգահարը, ով կհավաքեր առնետներին և հստակ շարքով կտաներ, կլցներ, հրճվանքից մոլեգնած քաղաքային գետի հորձանուտը՝ հավետ ու անդառնալի։