Литмир - Электронная Библиотека

Եվ եթե մի օր հրաշքի ուժով (իսկ հրաշքներ լինու՞մ են արդյոք) հույսը վերածնվի, գուցե սերն էլ հնազանդորեն նրան հետևի: Բայց դա արդեն ոչ ոք չգիտի…

Միգուցե՞ սերը հենց ցանկալի բանի հույսն է ինքնին…

Եվ ճիշտ է ասված, որ «հույսը վերջում է մեռնում»…

Գուցե հենց դա է պատճառը, որ սերը այդքան երկար է ապրում…

Իրավիճակ, որում հայտնվել են, թերևս, մեզանից շատերը

Որևէ էակ հետևողական չի կարող լինել այն գործողություններում, որոնք հակասում են իր էությանը, քանի որ շատ շուտով նա կբախվի աններդաշնակության` երևի թե դաժանագույնին մարդկային ապրումներից. մի բան, որ մասնատում է ներաշխարհդ, հանգիստ չի թողնում միտքդ… Դեպի փակուղի ճանապարհ բացող հոգեվիճակ. փակուղի, որն առաջ է քաշում բազմաթիվ խնդիրներ, բարդ խնդիրներ քեզ համար, որոնց չկա որևէ մեկ լուծում աններդաշնակության թակարդում, և ինքդ քեզնից դու մշտապես խնդրի լուծման հակասական ուղիներ ես ստանում… Եվ ուզում ես, անպայման ուզում ես դուրս գալ այդ իրավիճակից, բայց չգիտես` որ ուղղությամբ շարժվել… Գուցե արագ առա՞ջ գնալ, գուցե` ե՞տ, գուցե` կանգնել և սպասե՞լ, իսկ միգուցե գտնել ինչ-որ այլընտրանքային, մարդկությանը դեռ անծանոթ ուղի… Ո՞րն է քո ճանապարհը…

Աններդաշնակությունից դուրս գալու քո ճանապարհը դու, միայն դու պետք է գտնես… Ես ասեմ, որ այս` սահմանային իրավիճակում, որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը… Ինչու՞ ես հապաղում… Վախենու՞մ ես երևի, սխալ որոշումից ես վախենում… Սխալ, որը քեզ ի վերջո ցավ կպատճառի… Սակայն արդյո՞ք ցավալի չէ այս իրավիճակը, երբ դեռևս ոչ «ճիշտ», ոչ էլ «սխալ» որոշում չես կայացրել… Ցավալի է գուցե և ավելի, քան ցանկացած որոշման ամենավատ արդյունքը կլինի…

Ճիշտ որոշումը ցանկացած իրավիճակում այն է, որը բխում է քո իսկ էությունից. քո իրական էությունից և ոչ վերջինիս արտացոլանքից` թեկուզ քեզ հարազատ և քեզ համար հեղինակավոր մարդկանց աչքերում… Քո իսկ էությունից և ոչ` մշտապես քո գլխին նստած «հասարակություն» կոչվող հրեշից… Այո, հրեշից և եթե դու գիտակցաբար կամ անգիտակցաբար նրա հետ մշտապես հաշվի ես նստել քո որոշումներում, նա քո մեծագույն թշնամին է. քո և բոլորի` բոլոր, բոլոր

«հասարակական» էակների: Իսկ դու ունես այլընտրանք` թա´փ տուր ուսերդ, գլուխդ թա´փ տուր, վայր նետի´ր քո և քեզպեսների (երբեմն` կյանքի) հաշվին դեռևս կենդանի այդ հրեշին, տրորի´ր ոտքով, ծիծաղի´ր վրեն ու մոռացի´ր նրան… Մի´ հիշիր նրան` նույնիսկ հակադրվելու համար, քանզի սա էլ նրա պատճառած չարիքի հակառակ կողմն է…

Ու կայացրու´ որոշում…

Ճիշտ որոշումն այն է, որն առավելագույնը բխում է քո իսկ էությունից…

Քո որոշման մեջ ոչ մեկին մի´ լսիր, ոչ մեկին նաև դիտմամբ մի´ հակադրվիր…

Լսի´ր ինքդ քեզ ու սխալվելուց էլ մի´ վախեցիր… Փորձի´ր ու հիշիր` երբեմն որոշում կայացնելու փաստն ավելի կարևոր է, քան ինքնին որոշումը:

Սիրտը

Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները… Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով` ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է:

Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է. ուստի, որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: Ես այս հարցում անզոր եմ: Եվ իմ կողմից կատարված ցանկացած փորձ կառավարելու նրան այն ոլորտում, որը միայն իրենն է, իմ և այլոց համար պատուհաս է դառնում, իսկական դժբախտություն… Սիրտը չի սիրում, երբ իրեն փորձում են լռեցնել, համոզում են, վիճում են նրա հետ, որքան էլ տրամաբանական և հիմնավոր լինեն փաստարկները… Տանել չի կարող, երբ իր ձայնին խառնելով արտաքին աղմուկը (ուրիշների խորհուրդներ և այլ արտաքին ազդեցություններ) իր խոսքերն աղավաղում են… Սիրային հարցերում մենաշնորհն իրենն է, և նրա միակ կոչումը հրամայելն է, իսկ նրա հետ համերաշխ ապրելու միակ ուղին` ենթարկվելը… Հակառակ դեպքում այս արքան դաժան է դառնում. իրեն չհնազանդվելու յուրաքանչյուր րոպեի համար պահանջում է հատուցում` երկարատև տառապանքներով: Նա ավելի վրեժխնդիր և իշխանատենչ չէ, քան մեր կյանքը կառավարող մյուս արքաները: Պարզապես, արդարացիորեն միայն իրեն պատկանող ոլորտի գործերին այլ արքաների միջամտությունը նա չի հանդուրժում… Եվ երբ մեր կյանքը կառավարող մյուս արքան` բանականությունը, փորձում է ներխուժել սիրո ոլորտ` թելադրելով իր օրենքները և առավել ևս, երբ հաղթանակ է տանում, սիրտը մեծ ցավ է ապրում և կսկիծը հավերժ պահելով իր ներսում` անվերջ տանջում է մեզ:

Այդպես վրեժ է լուծում: Կյանքի մյուս ոլորտներում սրտի և բանականության մրցակցությունը բնական է, առողջ և արդար, բայց ոչ սիրո հարցում: Սերը սրտի տոնն է:

Սիրտը քմահաճ է, կամակոր, անհամբեր, անտրամաբանական և անկանխատեսելի, երբեմն` փոփոխական, երբեմն էլ` կայուն իր նախասիրություններում և շատ համառ:

Ինչպիսին էլ որ լինի, նա է իմ սիրտը և սիրային հարցերում իմ տերը. նա է հրամաններ արձակում, որոշումներ կայացնում իմ գործողությունների վերաբերյալ, ինձ «խելքին» փչած պահանջները ներկայացնում և ունի այդ ամենի արդարացի իրավունքը, քանի որ նա է, որ ունակ է կյանքս վերածելու հոգեկան ցավով հագեցած անելանելի իրավիճակի (իրեն անտեսելու պարագայում), և միևնույն ժամանակ, նա է, որ ունի հնարավորություն պարգևելու մարդ էակին հասանելի մեծագույն երջանկությունը կյանքում` սիրո երջանկությունը, ինչն արտահայտելու համար ավելի հարմար հոմանիշ չեմ գտնում, քան «դրախտ երկրի վրա» հասարակ և բովանդակալից արտահայտությունը… Մի հոգեվիճակ, որին միայն բանականությանը հետևելով` երբեք չես հասնի:

Ուստի, իր «առաքելությունը» իսկապես կատարող բանականությունը սիրո աշխարհում սրտի արդարացի կառավարմանը երբեք չի խանգարում: Նա նույնիսկ ասում է. «Թողե´ք, որ սիրտը իշխի, իշխի` իրեն լիովին դրսևորելով և մեզ ամբողջությամբ իրեն ենթարկելով… Թողեք, թեկուզ հանուն սերը` (իսկական, տրամաբանական հիմնավորումից զերծ սերը ) «դրախտը երկրի վրա» վայելելու չնչին հավանականության»:

Սրտի գաղութացում

Գրում եմ մի հիպոթեզ, որը, հուսամ, կհերքվի, քանի որ մարդիկ այլ կերպ չեն կարող:

Конец ознакомительного фрагмента.

Текст предоставлен ООО «Литрес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

2
{"b":"873689","o":1}