Արմինե Հակոբյան
Ժամադրություն մտքերի աշխարհում
Ներածական խոսք
Հարգելի ընթերցող
Ինչ հաճելի է, որ բացել եք իմ գիրքը… Հուսով եմ` գրքիս նկատմամբ հետաքրքրությունը կպահպանվի նաև հետագա էջերը կարդալու ընթացքում :
Հավանաբար, Դուք հիմա մտածում եք, թե ով եմ ես և ինչ կտա Ձեզ իմ գիրքը:
Իմ մասին Դուք այնքա~ն շատ բան կիմանաք… Իսկ գիրքը ժամադրություն է ինձ հետ, որի ընթացքում մենք երկար և, հուսամ, հետաքրքիր զրույց կունենանք: Թե ինչ կտա այն Ձեզ, ես ասել չեմ կարող… Փոխարենը` պատասխանը Ձեզանից եմ ակնկալելու:
Դե ինչ, հաճելի ժամադրություն եմ մաղթում մեզ:
Հեղինակ
Ազատ ժամանակի մասին
Իրավիճակ, երբ մենք պարտադրված չենք մտածելու այս կամ այն բանի մասին` լինեն դրանք մեր առօրյա հոգսերը, որոնք կենցաղային լուծումներ են պահանջում, լինի դա դաս թե աշխատանք, որը ենթադրում է մտավոր գործունեություն… Ինձ համար այս հիասքանչ իրավիճակը մտքի ազատություն է կոչվում, իսկ ոմանք էլ այն պարզեցնում ու անվանում են ուղղակի պարապություն:
«Ինչի՞ մասին ես մտածում այդքան», «Ի՞նչ ունես մտածելու», «Ինչու՞ է քեզ պետք ավելի շատ ազատ ժամանակ, չէ՞ որ ամեն ինչ ֆիզիկապես հասցնում ես»… Շատերի համար այս արտահայտությունները տրամաբանական են… Շատերը կյանքում ապրում են միայն մի քանի բանով` իրենց աշխատանքով, տնային գործերով և հոգսերով, անձնական կյանքի խնդիրներով… Մտածում են միայն սահմանափակ հարցերի մասին, իսկ լուծելով այդ խնդիրները` ուրախանում են, քանզի ունեն ազատ ժամանակ… Իսկ ինչպե՞ս անցկացնել այդ ազատ ժամանակը… Այս հարցին ի պատասխան կա առանձին խոսք` ժամանց (գնալ ընկերների տուն, զվարճանքի վայրեր, զբոսնելու… ): Ինձ համար, սակայն, կյանքը այդ ամենից դուրս
է. ինչ-որ մի տեղ… Գուցե մտքերի ու զգացմունքների աշխարհում. մտքի ազատությամբ ստեղծված բացահայտումների աշխարհում:
Ինձ համար պարապությունը հենց մտքի ազատությունն է, քանի որ աշխատանքս միշտ մտավոր է եղել, իսկ պարտադրված թեմաներով մտածելուց ազատ ժամանակ ես ևս մտածում եմ … Սակայն, երբ ոչինչ բռնացած չէ մտքիս, ես մտածում եմ կարևորի մասին, մտածում եմ այն մասին, ինչ ուզում եմ կամ այն, ինչ պետք է մտածեմ… Արդյունքում հասկանում ու գիտակցում եմ բաներ, որոնք կարող էին այդպես էլ խեղդված մնալ առօրյա հոգսերում… Ես հասկանում ու տեսնում եմ այն, ինչը հենց ես պետք է տեսնեմ. ինքս իմ մասին, ինձ շրջապատող և առհասարակ մարդկանց մասին, կյանքի մասին…. Եվ այդ ամենի մասին ես գրում եմ… Պարապությունն է, կամ այլ կերպ ասած՝ մտքի ազատությունն է, որ ծնունդ է տալիս նոր գաղափարների, երևույթների, գործողությունների, և երբեմն էլ կատարյալ հիմարությունն է հենց պարապության պատճառով կատարվում… Պարապ ժամանակ երբեմն մտնում ենք այնտեղ, որտեղ մեզ որևէ լավ բան չի սպասվում և խորանում ենք երևույթների և մտքերի մագնիսական ճահիճում` գտնելով այնտեղ նոր մտքեր, որոնք ծագելով մեր գլխում` մեզ հանգիստ չեն տալիս մինչև դրանց իրագործումը, իսկ երբեմն` դրանից հետո էլ… Այդպես էլ է պատահել ինձ հետ: Բայց և մտքի ազատության շնորհիվ ենք հասկանում և վերաիմաստավորում կատարվածն ու անցնում առաջ…
Շնորհակալ եմ ես մտքի ազատությանը վերը նկարագրվածի համար, ինչպես և իմ բոլոր մտքերի համար…
Կյանքի միակ իմաստը
Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼՆ է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը… Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «զգում» ենք «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են… Հենց սրանցում է կյանքի միակ իմաստը:
Երբ ես «զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն…, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ… Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը… Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել… Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ… Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում… Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ «այստեղ և հիմա»:
Կյանքը նվեր է… Չէ՞ որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք… Մեծագույն նվեր Աստծո կողմից… Եվ որքա~ն հաճախ ենք մենք (բոլորս) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով` չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու:
Կյանքը մեզ տրված նվերներից միակն է, որը քիչ օգտագործելու դեպքում ավելի ուշ չի մաշվում: Ուստի, այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է… Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ:
Անհնարին սիրո կյանքը
Սիրո` այդ երկնային զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը… Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները, սիրուն կյանք տալով, անհետանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայր հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը իրար կորստին չեն դիմանում, բայց, սովորաբար, հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է… Հավերժ է այնքան, որքան և հույսն է հավերժ: Իսկ հույսն ինքնին համառ է և տվյալ դեպքում սնվում է ապրելու ցանկությամբ. ցանկությամբ, որը նրան սերն է ներշնչում… Զգացմունքն ապրեցնում է հույսը, ապրեցնում է իր կյանքով, իր ուժգնությամբ և հրաշքի հավատով: Սակայն ինքնապահպանման բնազդն այլ ուղղությամբ է աշխատում. հետևելով սթափ դատողությանը` այն կործանում է հույսը… Իսկ հաղթում է իրականությունը:
Մեռնում է հույսը, սակայն շատ դանդաղ, ինչպես անբուժելի հիվանդությունից, որը «դառն իրականություն» է կոչվում, և սկզբում նրա անբուժելիությանը մենք չենք հավատում: Սիրո առաջին փուլում «դառն իրականության» գոյությունն ենք հերքում. հետագայում էլ, երբ ախտանիշները չափազանց ակնհայտ են դառնում, փորձում ենք այն փոխել… Դիմում ենք փորձով ձեռք բերված «հմուտ բժշկին»` «հմուտ բժշկին» ինքներս մեր մեջ, և աղերսում ենք` «օգնի~ր»… Պատասխան չենք ստանում, և լռությանը դրական պատասխանի նշանակություն տալով, հույսի՝ անհիմն ու անիմաստ, մեզ չարչարող կյանքն ենք երկարացնում:
«Հմուտ բժիշկը» մեր մեջ մեզ վերջապես պատասխան է տալիս. «Բավական է, անիմաստ է… Դառն իրականությունը երբեք չի փոխվի»: Հասկանում ենք մենք.
«Հիվանդությունն անբուժելի է, հույսը` դատապարտված»: Եվ այն մեռնում է… Բայց դանդաղ ու խաբուսիկ մահով. կարծես մեռնում է, հայտարարում է իր մահվան մասին… Սգում է նրա մահը սերը, որը մոլոր ու «անհույս» դեգերում է: Հոգեկան ցավը տանջում է այնպե~ս ուժեղ… Սերն իրեն դատապարտված է զգում հավերժ կյանքի «անհույս»… Բայց այդպես չի լինում` հույսը դեռ ողջ է: Նա բազմաթիվ կյանքեր ունի, և փոքրիկ դարմանն անգամ ունակ է նրան կրկին ու կրկին վերակենդանացնել: Նա նորից ծագում է, նոր ուժ է տալիս սիրուն, նոր ոգևորություն: Եվ այսպես երկար ժամանակ, բազում փուլերով… Սակայն փուլ առ փուլ աննշան չափով հույսն ու սերն իրենց ուժը կորցնում են: Ոտքի են կանգնում «դառն իրականության» հարվածներից հետո, սակայն նախկինը չեն, թեև իրենք էլ դա չեն զգում:
Եվ այդ ամենը այնքան ժամանակ, մինչև «դառն իրականությունը» սպանում է հույսը, իսկ սե՞րը… Սերը չի սգում, նա այլևս ոչինչ չի զգում… Սերն այլևս չկա:
Եվ այնքան զարմանալի ու անսպասելի է թվում իր գոյության համար համառ պայքարող սիրո հանկարծակի մահը: Այն չունի մահվան հստակ վայրկյան, րոպե, ժամ, օր ու ամիս: Ծնվում է նա մեծ աղմուկով, հայտնելով իր գոյության մասին ողջ աշխարհին: Կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ինքն իր մահն է հայտարարում և իրեն բնորոշ այդ նույն աղմուկով… Ու ստիպում է զգացմունքայնորեն արձագանքել այդ իրադարձությանը, սակայն այդ բազում «մահերից» հետո կրկին ու կրկին իր գոյության մասին իմաց է տալիս այդ նույն աղմուկով ու ստիպում է նորից հաշվի նստել իր իշխանության հետ: Իսկ երբ իսկապես մահանում է, անում է դա այնպես լուռ… Եվ նկատում ենք նրա մահը, երբ նա արդեն վաղուց չկա, և սովորաբար պատահաբար ենք նկատում: Չենք թաղում նրան և չենք էլ սգում… Ուղղակի չենք հիշում: Քնել է նա խորը քնով, թե՞ անդառնալիորեն վերացել` ոչ ոք չգիտի: