Ջիվանին սրբություն էր հորս համար: Նա փոխարինում էր ավետարաններին, Առակաց գրքին ու սաղմոսներին, որոնք անչափ սիրում էր, որոնցով կրթվել ու դաստիարակվել էր: Հորս հոգուն հարազատ էին մեծ գուսանի իմաստությունը, լավատեսությունն ու հայրենասիրությունը:
Հայրս բառացիորեն անբաժան էր նրա գրքից, գիշերը քնելիս դնում էր բարձի մոտ, անգամ հետը դաշտ էր տանում, կարդում էր թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին աղոթքի պես: Այդ գիրքը ես գնել էի Ախալքալաքի շուկայում մի ծերունուց: Այն հետաքրքիր ճակատագիր էր ունեցել, մի քանի տերեր էր փոխել Ստեփան Զորյանի կովի պես: Երկու-երեք տարի առաջ էր լույս տեսել, բայց պատկանել էր վեց հոգու: Վեցերորդ տերը՝ մի հեշտիեցի, խոշոր տառերով գրել էր շապիկին.
– Մուրազիս հասա, անջախ նաշոլ…
Թումանյանի քառյակները շատ էր սիրում հայրս, առհասարակ նրա գործերը շատ բարձր էր գնահատում, միայն թե չէր ներում նրան Գիքորի մահվան համար, կարդալիս միշտ լալիս էր ու ասում.
– Անաստվա՛ծ, էդպես կգրե՞ն, ինչու՞ մեռներ անմեղ երեխան:
Հորս սրտին առանձնապես հարազատ էին Պատկանյանի գյուղական ռոմանտիկ պատկերները, իսկ առանձին ոգեշունչ պահերի կամ գինովության ժամանակ երգում էր նրա «Թե իմ ալևոր հերքս սևնային» բանաստեղծությունը: Մի անգամ էլ քիչ էր մնացել փորձանքի մեջ ընկներ այդ պատճառով: Մի հարսանիքում, գինովցած լինելով, երգել էր, հաջորդ օրը կանչել էին կոլխոզի գրասենյակ, թե դաշնակցական երգեր ես երգում: Կատարածու Կուտուզենց Աբրահամը, որը եկել էր ետևից, ճանապարհին խորհուրդ էր տվել.
– Մեղքդ վրադ առ, ասա՝ սխալվել եմ, խմած եմ եղել, թե չէ կկորցնեն, երեխաներդ անտեր կմնան, աշխարհում ի՞նչ կփոխվի:
Հորս փրկել էին Աբրահամի խորհուրդներն ու մեկ էլ այն, որ առաքինի մարդու անբիծ անուն ուներ գյուղում, բոլորը հարգում էին նրան:
Վերջին գիրքը, որ կարդում էր նա, «Մխիթար սպարապետ»-ն էր: Հասել էր այն տեղին, ուր պատմվում էր, թե ինչպես Դավիթ բեկի հետ գժտված Մխիթար սպարապետը ճակատամարտի ամենածանր պահին իր զորքով գալիս է նրան օգնության: Հասել էր այդտեղ, բայց շարունակել չէր կարողանում, հուզմունքից լալիս էր:
Ամառը վերջացավ, բայց նա այդպես էլ չկարողացավ հաղթահարել այդ «դժվար տեղը»: Աշնանը, երբ արտերն էին հնձում, մահացավ։ Իր սիրած ամիսն էր, սեպտեմբերը:
* * *
Հիշու՞մ ես մեր վերջին ձմեռը գյուղում, աղջիկս:
Այնպես ցուրտ էր, ձյունն ու քամիները շատ:
Մայրս հիվանդ էր, դու խնամում էիր նրան այնպիսի սիրով, որին միայն քո բարի սիրտն ու զգայուն հոգին են ընդունակ:
Վառարանի վրա բարակ լավաշներ էիր թխում: Դեռևս անվարժ քո մատներն այրվում էին, արցունքոտվում էին պայծառ աչքերդ, բայց դու թաքցնում էիր արցունք ու ցավ, որ ես չտեսնեմ: Եվ ծիծաղում էիր…
Աշխարհը խառնվել էր, աշխարհի հետ խառնվել էր և մեր կյանքը: Դժվար ժամանակ էր: Դու հասնում, օգնում էիր բոլորին, կիսում, տալիս էիր ունեցածդ, սերդ ու գուրգուրանքդ էիր տալիս, միայն մոռանում էիր ինքդ քեզ: Հետո այդպես էիր վարվում ամեն անգամ, ամեն տեղ, ուր որ նետել է մեզ կյանքը: Ոչ ոք դա քեզ չի սովորեցրել, քո էությունն է այդպես՝ հրեշտակային, իմ սիրելիս:
Հակոբ քեռին ու մեր հարևան Սամվելը այն ձմեռ գալիս էին «օդա նստելու» մեր տանը: Հակոբ քեռին հետաքրքիր պատմություններ էր պատմում իր կյանքից: Նրանց մեջ շատ թուրքեր կային: Հռոմեական այն կոնսուլի նման, որը ինչի մասին էլ խոսեր, իր բոլոր ելույթները վերջացնում էր միևնույն կոչով՝ Կարթագենը պետք է կործանվի, Հակոբ քեռին էլ իր բոլոր պատմություններն այսպես էր ավարտում.
– Թուրքին հավատալ չի կարելի:
Սամվելը դիտմամբ գրգռում էր նրան, որ նոր բան պատմի:
– Ինչու՞ միայն թուրքին, հիմա ոչ ոքի հավատալ չի կարելի, այնպիսի ժամանակ ենք ապրում, որ մարդուն պետք է հազար անգամ փորձել, նոր վստահել:
Եվ Հակոբ քեռին պատմում ու պատմում էր և դարձյալ խոսքը վերջացնում էր նույն կերպ՝ թուրքին հավատալ չի կարելի:
Այդպես մենք կարճում էինք ձմռան երկար գիշերները:
Բաքարյան Կարենն էր միշտ այցելում մեզ այն ձմեռ: Գալիս էր, ինչպես ինքն էր ասում, քո աննման ծիծաղը լսելու համար ու միշտ սիրտ էր տալիս ինձ.
– Կանցնին էս օրերը, Մարկոսյան ջան, լավ օրեր կգան:
Նա մեկն էր այն քչերից, որոնց մեջ միացած էին մարմնի ուժն ու հոգու պոեզիան, այդտեղից էր նրա լավատեսությունը:
Թե գիտենայի ինչ է սպասվում մեզ, մնացած բոլոր օրերս հոժարությամբ կտայի, միայն թե այդ օրերը չանցնեին:
Հիշու՞մ ես, ինչպես հյուր գնացինք Կարենենց, երբ վերադարձել էր նրա հայրը՝ Վարոսը: Նա վարորդ էր, ավտովթարի պատճառով բանտարկվել էր: Նստել էր որոշ ժամանակ ու նոր ազատվել, վերադարձել էր տուն:
Վարոսի ավագ որդին ու աղջիկներն էին եկել հեռուներից, հոր սիրած երգերն էին երգում, արտասանում էին: Այնպես թեթև ու գեղեցիկ էր այդ երեկոն, այնպես հուզիչ ու բնական էր ամեն ինչ, որ Վարոսը կարծես մոռացել էր կրած դառնությունները:
Նա մեր գյուղի առաջին վարորդներից էր, որոնք փայտե խցիկներով «Գազիկ» էին քշում: Նրանց նախանձում էին ընկերները, իսկ աղջիկները սիրահարվում էին:
Նրա հորը՝ Ազիզենց Մադոյին, ձերբակալել էին երեսունյոթ թվին որպես «ժողովրդի թշնամու», դաշնակցական գաղտնի խմբակի անդամ լինելու մեղադրանքով: Իբր թե այդ խմբակի անդամները մի գիշեր հավաքվել էին Կուճուճայենց օդայում և նրանցից մեկը երգել էր «Ինչու՞ բոլորն եկան, իմ Զոհրան չեկավ» երգը: Դա տարածված երգ էր ինչ-որ արևելյան հին սիրավեպից, իսկ կոմունիստների կարծիքով նշանակում էր ինչու՞ դաշնակները չեկան…
Հաջորդ օրը ձերբակալել ու տարել էին յոթ հոգու:
Դա եղել էր ձմռանը: Վարոսի հայրը ոչխարին խոտ էր տվել ու յափունջին ուսերին կանգնած էր եղել ոչխարի մոտ, պատի տակ: Երբ միլիցիոներները եկել էին տանելու, յափունջին տվել էր ավագ որդուն՝ Սաքոյին.
– Առ,– ասել էր նա,– մինչև գարուն գա, դեռ շատ ցրտեր կլինեն:
– Այն ժամանակ ոմանք հավատում էին, որ շուտով գարունը պիտի գա,– ասաց Վարոսը,– այսինքն սովետական կարգերի վերջը: Ահա այդ վերջը եկավ, բայց ինչ-որ նման չէ գարնան:
Վարոսի հայրը Վանո Տացուի առաջին աշակերտներից էր եղել: Նա տանը Նարեկ էր պահել, որ հրաշքով փրկել, պահել էին: Վարոսը բերել տվեց գիրքը, ցույց տվեց հոր ծալած թերթը: Ես տեսա մատիտով հազիվ նկատելի նշված մի տող այդ էջում՝
Արդեօք լուա՞յց ընդ ձայնի գուժիս՝ աւետեաց համբաւ ինձ առաքեցեալ…
Դժվարություններ շատ էր տեսել Վարոսը: Թեև կյանքն ու մարդիկ դառնացրել էին նրան, բայց էությունը մնացել էր լուսավոր: Նրա հետ մի տեսակ թեթև ու հեշտ էր ամեն ինչ: Ամեն տեղ և ամեն ինչում իրեն այնպես էր պահում, որ կարծես ասելու լիներ.
– Կյանքը շաքար չէ, բայց ապրել կարելի է, կարևորը մարդ մնալն է:
Մինչ մենք զրուցում էինք, դուռը ծեծեցին: Վարոսը գնաց բացեց ու ներս եկավ երկու վրացիների հետ: Նրանք ներս մտան մրսած, ձյան մեջ կորած ու տիկով օղին դրեցին սեղանին: Նրանք չորացրած մրգեր էին բերել պանրի հետ փոխանակելու, ուզեցել էին հասնել Ասփարա, իրենց ծանոթի մոտ, բայց ճանապարհը մեր անտառի տակ փակ էր եղել, մեքենան թաղվել, մնացել էր ձյան մեջ: Շալակել էին տիկով օղին, եկել գյուղ: Շներից խույս տալով ու հալածվելով եկել հասել էին Վարոսենց:
Նրանք եկան և իրենց հետ մի տեսակ թարմություն բերեցին, տխրությունը ցրվեց: Տաքացան, խմեցին ու երգեցին վրացիները: Խմեցինք մենք էլ նրանց օղին, որ այդ օրերի պես պղտոր էր:
Նրանցից մեկը, որի անունը կարծեմ Դաթո էր, մի երգ երգեց: Բառերը մոռացել եմ, միայն ընդհանուր տպավորություն է մնացել, ընդհանուր ասոցիացիա, որ երբեմն ավելի հարուստ է, քան ամեն մի խոսք: Եվ եթե այդ ընդհանուր տպավորությունն էլ «թարգմանենք», կստացվի ահա այսպիսի մի երգ, որ երգեց նա.
Տարիները անցան գնացին Արագվայի ջրերի պես, անցածը էլ ետ չի գա, գինի խմիր այսօր, որ տխրությունդ քաշվի աշնան մշուշի նման: Մի՛ լինիր սարերի պես մտքերի մեջ այդպես մոլորված, մի՛ լինիր պաղ ձյուների պես, որ աշնանը իջնում են սարերին…
Այդ երգը միշտ անբաժան է մեր վերջին ձմեռվա և այն երեկոյի թախծալի վերհուշից:
* * *
Ես մի ծանոթ ունեմ, ինչի մասին ուզում ես հետը խոսիր, հենց նեղն է ընկնում թե չէ, ասում է՝ ամեն ինչ հարաբերական է: Ծերության մասին էլ է այդպես ասում, թեև ինքը վաղուց երիտասարդ չէ: Խենթանալու բան՝ ամեն ինչի մասին էլ կարելի է ասել, թե ամեն ինչ հարաբերական է:
Իմ կարծիքով, ծերության առավելության մասին միայն տխուր հումորով կամ ինչ-որ վերապահությամբ կարելի է խոսել, այդտեղ հարաբերական բան չկա:
Ի՞նչ ունի ծեր մարդը: Նա ունի անցյալ, որն ինքը անվանում է «իմ ժամանակը», նա արդեն չկա կամ այլևս չկա, բայց նա ունի…
Այդ ժամանակի մասին սովորական ձևով նստել ու պատմել հարմար չէ, կարելի է պատմել միայն այնպես, ինչպես մեռածի վրա են ողբում մեր գյուղում՝ լալիս են երգելով… Նա անպայման արցունք է պահանջում՝ ինչպիսին էլ եղած լինի ու գնալով քաղցրանում է, ինչու՞ է այդպես, չգիտեմ: Գիտնականներն էլ չգիտեն, ինչպե՞ս է, որ գինու թնդությունը կամ մետաղների ժանգոտելը բացատրում են, իսկ ժամանակի դառնությունը կամ քաղցրանալը՝ ոչ: