Литмир - Электронная Библиотека

Առավոտ լուսո

Արեգակն արդար

Առ իս լոյս ծագեա…

Ինչ որ զգում էի այն ժամանակ կամ ինչ որ հիմա եմ զգում այդ առավոտներն ու երգը հիշելիս, խոսքով արտահայտել անհնար է:

Այն ժամանակ ինձ թվում էր, թե աշխարհը լի է բարությամբ ու լույսով, հիմա զարմանում եմ, թե որտեղի՞ց է աշխարհի չարությունը, եթե մարդը կարող է այդպիսի երգ ստեղծել ու այդպես երգել:

Հետագայում ես շատ եմ լսել այդ աննման շարականը հայտնի ու անհայտ մարդկանց կատարմամբ, բայց հորս երգածը ուրիշ էր, երևի այն պատճառով, որ մանկությունն ու հարազատ երդիկի լույսը ուրիշ երգերում չկային: Դա մաքուր զգացմունքների բնական զեղում էր: Նա երգում էր իր պապենական օջախում հենց լույսը բացվելիս ու լույսի մասնակցությամբ, երբ շուրջը խաղաղ քնած էր մեծ գերդաստանը:

Երդիկից թափանցող կապույտ լույսն աճում էր նրա սրտաբուխ երգի հետ, հետզհետե պայծառանում էր կապույտ քառակուսին, որ կարծես թե դեպի հաշտության ու խաղաղության երկնային երանելի աշխարհը տանող մի ճանապարհ էր.

Ընկալ զիս, գթած,

Ընկալ, ողորմած,

Ընկալ, մարդասերդ…

Այդ ապրումները, այդ զգացողությունը ես մեկ էլ ունեցել եմ, երբ հետագայում Էջմիածնի Մայր տաճարում երեկոյան ժամերգություններն էի լսում:

Հետո հայրս լվացվում ու բարձրաձայն աղոթում էր: Առավոտյան քաղցր նիրհի մեջ միշտ լսում էի.

– Տեր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւն Քո, օրհնեալ, համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութիւնդ…

Նա աղոթում էր, որ աշխարհին խաղաղություն լինի, որ ամեն իրիկուն զավակները տուն գան «առանց մեղաց ու փորձանաց» և հավաքվեն հին խոնչայի շուրջը խաղաղ ընթրիքի:

Չնայած իր տեսած անթիվ փորձություններին, հորս հավատն անխախտ ու լուսավոր էր, ինչպես իր էությունը:

* * *

Տարօրինակ ժամանակներ եկան, կարծես թե էլ ճիշտ բան չմնաց, ամեն ինչ սխալ դուրս եկավ՝ գրքեր, առաջնորդներ, կուսակցություններ ու գաղափարներ: Սխալի մասին մտածելն իսկ սխալ է, որտե՞ղ թաքնվես, որ այդ բառը չլսես:

Հին կտակարանում կա, թե հին հրեաները հատուկ քաղաքներ ունեին, ուր կարող էին ապաստան գտնել սխալվածները, սխալմամբ հանցանք գործածները, միայն այնտեղ կարելի էր փախչել:

Իսկ հիմա ինչու՞ չկան: Սխալմամբ իր տունն ու երկիրը լքածի համար ինչու՞ մի տեղ չկա, որ դադար առնի մարդ աստանդականը:

Առաջ կարծես թե ընդհանրապես ուրիշ էր սխալի ըմբռնումը: Միայն հին հրեաները չէին, նարդևանցի մեր Նուրբեկյան Թորո քեռին, օրինակ, երբ պատահում էր, որ խոսք էր բացվում, թե այսինչ բանը սխալ եղավ կամ այնինչ մարդը սխալ բան արեց, ասում էր.

– Ախպար, ճիշտն ու սխալը վե՞րն է, ասանք ա ըլլենար՝ անանք դի ըլլենար, անանք ա ըլլենար, ասանք դի ըլլենար…

Կատակում էր նա, թե լուրջ էր ասում՝ չգիտեմ, բայց համոզված եմ, որ կյանքի էությունը, եթե կարելի է այսպես ասել, կատակային է, ով շատ լուրջ է վերաբերվում նրան, ավելի շատ է սխալվում:

Հիմա բոլորը խոսում են սխալներով սովորելու մասին.

– Խելացի մարդիկ ուրիշի սխալներով են սովորում, հիմարները՝ սեփական սխալներով:

– Եթե բոլորը ցանկանան ուրիշներից սովորել, էլ ո՞վ պիտի սխալվի և ումի՞ց պիտի սովորի խելացի մարդը, – մի անգամ հարցրի դերասան Թելմանին:

– Աշխարհում միշտ կգտնվեն հիմարներ, որ կսխալվեն և խելացիներ, որոնք կսովորեն նրանց սխալներով, ցանկանալը քիչ է, – ասաց նա:

Եզովպոսը ունի այդպիսի մի առակ, ճիշտ է, այնտեղ արատների մասին է խոսքը, բայց կարելի է շրջել, տարբերությունը մեծ չէ, որտեղ արատը, այնտեղ էլ սխալը: Ահա այդ առակը.

Պրոմեթևսն ստեղծեց մարդուն և նրա վզից երկու տոպրակ կախեց, մեկը սեփական արատներով լցված, մյուսը՝ ուրիշի: Այն տոպրակը, որը լցված էր սեփական արատներով, կախեց ետևից, որ երբեք չտեսնի, իսկ մյուսը առջևից կախեց, որ միշտ տեսնի:

Շրջելը լավ, բայց այնքան էլ պարզ չէ, այդպիսով Պրոմեթևսը պատժե՞լ է, թե՞ լավություն է արել մարդուն, որ երբեք չտեսնի սեփական արատները կամ սխալները: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե դրա փոխարեն աստվածները մարդուն տային սխալն ազնվորեն ընդունելու հատկություն և մեղմացնեին սխալի հիշողության ու զղջումի ցավը:

Այս խառն օրերին ցավն էլ է շատացել ու երբեմն հուսահատ մտքեր է ծնում այն մասին, որ մարդն ինքը սխալի հետևանք է ու սխալի պատճառ, նաև այն մասին, որ մենք բոլորս ճամփորդ ենք, բայց ոչ սովորական ճամփորդ, այլ խելակորույս երթևեկության մասնակից, տեսանելի և անտես կապերով կապված մյուս մարդկանց հետ, թեկուզ ինքն էլ չսխալվի, ուրիշի սխալի զոհը կդառնա:

* * *

Հազար տարին մի անգամ աշխարհը փրկության է սպասում:

Փրկիչ գա, թե չգա, աշխարհը խառնվում, ալեկոծվում է հազար տարին մի անգամ, դարերի ու դարաշրջանների արանքում, և վա՛յ նրան, ով փոփոխությունները չի հասկանում կամ պատրաստ չի լինում դրանց:

Հին ու նոր օրինակներից, եթե ես իմը չհաշվեմ, առաջին հերթին հիշում են Սերվանտեսին ու իր Դոն Կիխոտին: Նրան համարել են Իսպանիայի Քրիստոս: Սերվանտեսը նրան նկարագրել է ըստ իր արտաքինի, հայելուն նայելով, երբ բանտ էր նստած պարտքերի պատճառով: Նոր դարաշրջանի սկիզբն էր, նա էլ իր հերոսի պես լավ չէր հասկանում նոր կյանքը:

Եվ ինչու՞ Սերվանտեսի այդ հերոսն ավելի հասկանալի ու հարազատ է մեր ժողովրդին, ինչու՞ հենց նրան են անվանել ազգերի Դոն Կիխոտ, թեև ազգերի ավագ եղբայր, բայց աշխարհին օտար ու խորթ են համարել:

Նայելով նրա կրած չարչարանքներին, կարող էին և ազգերի Քրիստոս համարել: Բայց պետք է ուրախանա՞լ, թե՞ տխրել դրա համար:

Հայտնի է, որ բոլորից առաջ Նարեկացին է ցույց տվել հայի դոնկիխոտությունը: Նա էլ իր Նարեկը գրել է նոր հազարամյակի սկզբին, երբ մարդկությունն սպասում էր Տիրոջ հայտնությանը:

Նրա հերոսը ինքն իր պատճառով տառապած հայն է, որը, սակայն, խղճահարություն չի առաջացնում, թեև անկյալ է, բայց վեհություն ունի իր մեջ, ինչպես Դոն Կիխոտը, նրան հաղթել են, բայց նա չի պարտվել, չի կորցրել հոգու լույսն ու հավատը:

Հիմա էլ ամեն տեղ է նա, աշխարհում ցրված, բայց աշխարհից տարբեր: Աշխարհը նրան վիրավորել ու խաբել է, բայց նա հավատում է աշխարհին ու մարդուն. մի՞թե դոնկիխոտություն չէ:

Իր երևակայության տեսիլներով տարված, փոխանակ իր տանը նստելու, նա թափառում է աշխարհով մեկ ինքն իրենից հալածական ու սպասում է, որ աշխարհը իր Նարեկը կարդա, իր հոգին տեսնի:

Աշխարհում էլ ուրիշ ոչ մի ժողովուրդ Նարեկ չունի՝ այդպիսի բաց ու ազնիվ խոստովանանք, այդ էլ է դոնկիխոտություն:

Մինչդեռ պետք էր Սանչո Պանսա լինել աշխարհին հարմարվելու, նրա շարժումն ու փոփոխությունները հասկանալու համար, մանավանդ որ Դոն Կիխոտը ամեն անգամ այդ փոփոխությունների հետ մեռնում ու կենդանանում է, իսկ Սանչո Պանսան երբեք չի մեռել ու չի մեռնի:

* * *

Երբ կործանվեց Լուսավոր ապագայի երկիրը, «երբ դարաշրջանն էին թաղում», ես այնտեղ էի, մեծ կայսրության մայրաքաղաքում:

Միշտ չէ, որ կայսրության կործանում կտեսնես, դրա համար անհրաժեշտ է, որ երկու ձախորդություններ համընկնեն՝ քո և կայսրության:

Փողոցները մայրաքաղաքում, չգիտես ինչու, դատարկ էին, բայց ամենուրեք շատ թուղթ կար, որ քշում ու տանում էր քամին:

Այդպիսի դեպքերում, դեռևս Ժողովողի ժամանակներից, միշտ հայտնվում են քամիները, որ փլուզումներն ուղեկցեն ու ողբան ավերակների վրա:

Կարծես թե մարդիկ ընդմիշտ լքել էին հսկայական քաղաքը, իսկ քամին տանում, պտտեցնում ու ետ էր բերում թղթերը՝ խոսքեր, ճառեր ու մեծ-մեծ մտքեր, այլևս դատարկ ու անիմաստ, քշում, տանում էր քամին ու կորցնում էր փոշիների մեջ՝ ևս մի անգամ հաստատելու համար աշխարհի ու մարդկային գործերի ունայնությունը:

Կայսրությունները մարդկանց նման հանկարծամահ չեն լինում,երևի մարդիկ էլ չեն լինում, այդպես թվում է միայն: Ինչ որ երևում է, ինչ որ կարելի է տեսնել, թաղման արարողությունն է, նրան նախորդում են տանջալի հոգեվարքն ու մահը: Իսկ թաղումից հետո սկսվում է թալանը, բոլորը թալանում են պետությանն ու իրար, ապա, դոմինոյի օրենքով, փլուզումները շարունակվում են մարդկանց հոգիներում՝ բերելով ցավ ու հիասթափություն: Դրանք ոչ չափում են, ոչ էլ կշռում, ինչպես որ ոչ ոք չի կշռում մառախուղը սարերում կամ էլ չի հաշվում հողմահալած տերևները անտառներում:

Մեծ քաղաքականությունը տեսնում է միայն մարդկային մեծ զանգվածներ և մեծ տարածություններ:

Ի՞նչ է յոթանասուն տարին հավերժության համեմատությամբ: Մոտավորապես այդքան կյանք ունեցավ մարդկությանը կոմունիստական երջանիկ ապագա խոստացող երկիրն ու կորավ: Վերացավ ու դարձավ ոմանց համար ցավագին ցնորք, ուրիշների համար՝ լուսադեմի ցանկալի երազ և կամ մղձավանջ, որ հայտնվում է, ինչպես բանաստեղծուհին է ասում, «որպես ջրահեղձի դիակ գարնանային գետում»:

2
{"b":"616032","o":1}