Литмир - Электронная Библиотека

– Իյա¯… Բարև ձեզ, ես էլ առավոտվանից զանգում եմ, զանգում՝ պատասխան չկա, ահա թե որտեղ եք: Էս ի՞նչ եք խմում՝ կոնյակ, շամպայն, օղի չկա՞, – նստելով սեղանի մոտ, ազատ բազկաթոռում, հարցրեց նա և նայելով Ռենային, չմոռացավ հաճոյախոսություն անել, – իսկ Ռենան, ինչպես միշտ, սքանչելի է: Նոր անեկդոտ. փողոցով մի աղջիկ է անցնում, նկատում է, որ մի տղա շարունակ հետևում է իրեն: Բավական երկար քայլելուց հետո աղջիկը հանկարծ շրջվում, ասում է. «Լսիր, ինչո՞ւ ես անընդհատ հետևում ինձ»: «Հիմա՝ երբ շրջվեցիք, – ասում է տղան, – անկեղծ ասած, ինքս էլ եմ զարմանում»:

Մենք ծիծաղեցինք, ես կանչեցի մատուցողուհուն, նա օղի բերեց: Ես, իհարկե, չհավատացի, որ նա, իբր, զանգել է ինձ, զանգեր եղել էին, բայց, ոչ, նա չէր զանգել: Այդ մասին ոչինչ չասացի նրան, չասացի նաև ռեստորանային պատմության մասին, Ռաուֆ Ալիևիչին, որն ինչ-որ առիթով մոտեցել էր մեզ, նույնպես հասկացրի՝ ոչինչ չասել, և նա գլխով համաձայնության նշան արեց: Արմենը վերջում տարօրինակ կենաց առաջարկեց.

– Թող բացվող օրը խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – ասաց նա, հետո ինչ-որ բան հիշեց, ավելացրեց մտահոգ, – Վրաստանի կողմերից ադրբեջանցի մի ընկեր ունեմ, չէ, ինչ ընկեր, նոր եմ պատահաբար ծանոթացել, գողական աշխարհի հետ կապ ունի, ձեր կենտկոմի քարտուղար Հասան Հասանովի մոտ բարեկամներից է, ասում է, խոսք կա, որ ինչ-ինչ նպատակների համար քրեական կալանավորներին բաց են թողնելու բանտերից… Ամեն ինչ ինձ չի ասում, բայց տեսնում, զգում եմ, որ ինչ-որ վատ բաներ կարող են կատարվել: Ամեն շաբաթ-կիրակի ֆիլհարմոնիայի շենքում գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունենում այդ նույն Հասանովի գլխավորությամբ… Թող բացվող օրն, այո, խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – կրկնեց նա նույն մտահոգ տեսքով, – թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար: – Նա նայեց ժամացույցին, և, ելնելով տեղից, ավելացրեց, – կներեք, 26 կոմիսարների մետրոյի մոտ ինձ սպասող կա, մի տասը-տասնհինգ րոպեից կգամ:

Իրոք, տարօրինակ կենաց էր Արմենի կենացը: Ճիշտ է, մենք իսկույն մոռացանք այն, համարելով սովորական խոսակցություն, բայց հետագայում ես հաճախակի էի մտաբերում Արմենի այդ չարագուշակ խոսքերը: Նրա գնալուց հետո ես նկատեցի, որ կոկտեյլ խմող աղջիկները նույնպես չկան: Կոկտեյլի երկարուկ կիսատ բաժակները՝ ծեղաձողիկները մեջը, դրված էին կանգնակին:

Ռենայի հետ պարեցինք մի քանի անգամ, հաճելի էր նրա երկչոտությունը, շփոթմունքը, նրա մազերի խտուտը իմ կզակին, մարմնի փխրուն ջերմությունը ափերիս տակ, թեթև պարաքայլը, նրա բերկրանքն ու լուսաշող թեք նայվածքը, արծաթահունչ ձայնը, որ ոչ ոք չունի արար աշխարհում, շարժումների ու ձևերի վայելչությունն ու այն, որ ճակատին ընկնող ոսկեգանգուր մազափունջը փչելով՝ մտերմիկ հայացքով նայում էր ինձ:

Իսկ Արմենն այդպես էլ չեկավ: Մենք սպասեցինք տասը-տասնհինգ րոպեն, որի մասին ասել էր. անցավ մեկ ժամ, երկու ժամ, իսկ նա այդպես էլ չեկավ:

– Չեկավ, – ասացի ես նրա մասին՝ մի անգամ ևս նայելով պատաջահերով լուսավորված հայելուն, որն արտացոլում էր գրանիտե սանդղաշարը՝ վերևից մինչև առաջին հարկ:

Ռենան ակնդետ նայեց ինձ, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ ափսոսանքի նշույլ չկար, և նա դա նկատեց:

– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա վերադառնա:

– Ոչ, – ասացի ես:

– Ինչո՞ւ:

– Իսկ դո՞ւ, – նույնպես եզակի դեմքով՝ հարցին հարցով պատասխանեցի ես:

Ռենան տարուբերեց գլուխը, ձեռքի սովոր շարժումով ճակատից ետ տանելով մազափունջը: Նա ժպտաց, ուշացումով ասաց.

– Ոչ:

– Ինչո՞ւ, – հարցրի ես, ակամա ձեռքս դնելով նրա ձեռքին:

Ռենան ձեռքը հետ չքաշեց:

– Որովհետև դու չես ուզում դա, – նա ինքնագոհ ժպիտով նայեց ինձ:

Ես մատներով գուրգուրում, փաղաքշում էի նրա մատները, և նա դարձյալ ետ չեր քաշում ձեռքը, հետո նրա ձեռքն իմ ափի մեջ շրջվեց, և մեր մատները խառնվեցին: Հուզմունքն ալիքվեց իմ ներսում, սիրտս տագնապահար թպրտաց, լցվեց անհուն սիրով ու խանդաղատանքով: Սիրունիկ մատնակոճերով նրա երկար նուրբ մատները ես հպեցի շուրթերիս:

– Ռենա, – սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես, – ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա, դու հավատո՞ւմ ես, որ դա այդպես է:

– Հավատում եմ, – ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին: – Ես ուզում եմ, – շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, – ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Իսկ հիմա գնանք: Ուշ է արդեն:

Սքանչելի երեկոյի համար ես շնորհակալություն հայտնեցի մատուցողուհուն, չմոռանալով մի կարմիր թղթադրամ էլ աննկատ սահեցնել նրա գրպանը, վճարեցի նաև երեկ չէ մյուս օրվա համար, և մենք Ռենայի հետ իջանք առաջին հարկ: Ծաղկավաճառից մեկ առ մեկ խնամքով ընտրելով՝ հոլանդական տասնինը ճերմակ վարդ գնեցի՝ մեկը մյուսից գեղեցիկ, երկար ցողուններով, և նվիրեցի Ռենային, որի համար նա անչափ շնորհակալ եղավ: Հուզմունքից շփոթված՝ նա տաքուկ շուրթերը հպեց այտիս, որից մի պահ մնացի գամված տեղում:

Ռենան դարձյալ չուզեց, որպեսզի իրեն տաքսիով ուղեկցեմ տուն: Բաժանվեցինք մետրոյի մոտ, վերջին պահին, ճերմակ վարդերը սեղմած կրծքին, կամացուկ ասաց.

– Լեո, ես ուզում եմ հավատաս, որ այս օրը ինձ համար ևս կմնա որպես անչափ երջանիկ և անմոռաց օր:

Մետրոյի նախասրահում Ռենան այլևս չէր երևում, բայց ես դեռևս կանգնած էի՝ ասես անկարող շարժվելու. նա իր արբեցնող էությամբ ասես դեռ իմ կողքին էր, և ես զգում էի նրա տաք շունչը, նրա թովիչ ձայնը, նրա զգլխիչ բույրը, նրա փափուկ մազերի հպանցիկ շոյանքն իմ դեմքին…

* * * * *

Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:

Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:

Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:

Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:

– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…

Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:

Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:

8
{"b":"608192","o":1}