Литмир - Электронная Библиотека

Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.

– Սուրճ չե՞ս խմի:

– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:

Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.

– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:

– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:

Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:

Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:

Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.

– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:

Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:

– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:

– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:

– Ոչ, չեմ տեսել:

Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:

– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:

– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:

– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:

– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:

Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:

– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:

– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:

– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:

Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.

– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:

– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…

– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…

– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:

– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:

– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:

– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:

– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…

– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:

– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:

– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:

– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:

– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:

– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:

– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:

– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:

– Սիրո՞ւն է:

– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:

– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:

– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:

– Սիրուն մասնագետ:

– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:

– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:

– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:

– Տառերը գիտի՞:

Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.

– Ի՞նչ տառեր:

– Շարունակիր, ազգանուն, անուն:

– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:

– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:

– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:

– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:

Արինան ելավ տեղից:

– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց,– էն աղջիկն էր եկել:

– Ի՞նչ աղջիկ, – իբր անտարբեր, բայց սրտահույզ բերկրանքով հարցրի ես, ներըմբռնումով զգալով, որ Ռենայի մասին է խոսքը:

– Ի¯նչ աղջիկ… չգիտեմ, – նետեց Արինան ուշադիր նայելով ինձ: – Էն որ Արմենի հետ եկել էր: Քեզ էր հարցնում:

– Ի՞նձ, – դարձյալ սրտահույզ բերկրանքով ու դարձյալ անտարբեր ձևանալով հարցրի ես:

– Ի¯նձ… Այո:

Նույն քննախույզ նայվածքը: Արինան դանդաղ ծածկեց դուռը, և ես հասկացա, որ չի գնում, կանգնած է միջանցքում: Հետո բացվեց ու փակվեց ընդհանուր սենյակի դուռը: Քիչ անց Արինայի փոքրիկ սենյակում խուլ չխչխկաց գրամեքենան:

Ես համարյա ցատկեցի տեղից, բանալին պտտեցի կողպեքի մեջ, փակեցի դուռը: Մտածում էի, եթե խոսափողը Ռենան չվերցրեց, չեմ խոսի: Հավաքեցի հեռախոսահամարը՝ 9, 2, 6, 9, 9, պտտեցի վերջին թիվը՝ 8, մի փոքր պահեցի ու բաց թողեցի: Սկավառակը մանրիկ աղմուկով վերադարձավ իր տեղը:

– Ալլո՞:

Ռենան էր:

– Բարև, Ռենա, – հուզմունքից դողացող ձայնով ասացի ես:

– Ողջույն, Լեո: Ես երկու անգամ եկա քեզ մոտ, խմբագրություն, դու տեղում չէիր:

– Ես անսպասելի գնացի գործուղման, – մի տեսակ արդարանալով բացատրեցի ես, – և ամբողջ ճանապարհին ու այնտեղ շարունակ մտածում էի քո մասին:

– Շնորհակալ եմ: – Նույնիսկ հեռախոսով ասես զգացվում էր նրա ամոթխած ժպիտն այդ պահին: – Հաճելի է լսել: Երկուշաբթի օրը ոչ մի տեղ չե՞ս մեկնում:

– Ոչ, – արագ ասացի ես:

– Երկուշաբթի պարապմունքներից հետո կանցնեմ: Սպասիր ինձ, լա՞վ:

– Իհարկե:

Սակայն Ռենան չդրեց խոսափողը:

– Գիտե՞ս, քո վարդերը չեն թառամել դեռ, – ասաց նա: – Կոկոնները լրիվ բացվել են և սենյակս լցված է բուրմունքով: – Նա մի կիսավայրկյան լռեց, ասաց, – նրանք շարունակ հիշեցնում են ինձ քո մասին:

– Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում, – ասացի ես, – մարդիկ հանդիպում են իրար առանց գիտենալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը:

– Այո, երևի այդպես է, – արձագանքեց Ռենան: – Իսկ ի՞նչ է սպասում նրանց հարյուրավոր ճանապարհների այդ անհայտ խաչմերուկից հետո՝ նույնպես անկարելի է գիտենալ:

9
{"b":"608192","o":1}