Литмир - Электронная Библиотека

– Ինչպե՞ս, – ես զարմանքից կարկամեցի: – Չի կարող պատահել:

– Գիտե՞ք, մենք շատ մտածեցինք… ուզում էինք աշխատողներով մի կերպ… բայց դե, գումարը շատ է մեծ, երեք հարյուր ռուբլի, հնարավոր չեղավ…

Տևեց երկար դադար: Ես ոչինչ չէի գտնում ասելու, իսկ նա սպասում էր:

– Դուք մինչև քանի՞սն եք այդտեղ, – ի վերջո հարցրի ես, դեռևս չհավատալով իմ լսածին:

– Վաղը կարո՞ղ եք անցնել:

– Այո, իհարկե:

– Վաղը հինգին-վեցին, խնդրեմ, եկեք: Ես ձեզ կսպասեմ:

Այս ամենն արտասովոր էր, տարօրինակ: Շա¯տ էր տարօրինակ: Հիշում եմ, Արմենը մի քանի անգամ դուրս եկավ դահլիճից ու կրկին վերադարձավ: Գուցե սպասո՞ւմ էր ինչ-որ մեկին, իսկ նա ուշանո՞ւմ էր: Ամեն դեպքում, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ Արմենն ինքը հրավիրեց: Նա գնաց հաշիվը փակելու, իսկ մենք ներքևում Ռենայի հետ սպասում էինք նրան: Իսկ հեռախոսահամա՞րը: Մետրդօթելը որտեղի՞ց կարող էր դա իմանալ: Մի՞թե զանգել է կոմիտե: Իրարամերժ մտքերը հանգիստ չէին տալիս ինձ:

Ժամը չորսի մոտերքը զանգեց Արմենը: Ռաուֆ Ալիևիչի հեռախոսազանգի մասին ես նրան ոչինչ չասացի, ասացի միայն, որ շտապ գործով տեղ պետք է գնամ, և որ մեր հանդիպումն այսօր չի կայանա:

– Ուրեմն վա՞ղը, – հարցրեց Արմենը:

– Վաղը, – պատասխանեցի ես ու դրեցի խոսափողը:

Սակայն մյուս օրը նա չզանգեց: Նույն՝ մեկը մյուսին հակասող մտքերը դեռևս հանգիստ չէին տալիս ինձ: Ես հիշեցի, որ Ռենայի հեռախոսահամարը մնացել է իմ խոսափողի մեջ: Այո, ահա այն՝ 92-69-98: Ես երկչոտ հավաքեցի՝ 9, 2, 6, 9, 9, մի պահ վարանում էի պտտել վերջին թիվը: Սիրտս ուժգին տրոփում էր, վերջապես պտտեցի վերջին թիվը՝ 8: Հեռախոսագծի մյուս ծայրում իսկույն վերցրին լսափողը:

– Ալլո՞, – դեռևս երկչոտ ասացի ես:

– Բարև, Լեո, – կրծքային քաղցրանուշ ձայնով ասաց Ռենան:

Զարմանալի է, եթե մարդը սիրելի է քեզ, սիրելի է և նրա ձայնը: Ինչպիսի¯ երջանկություն, նա իսկույն ճանաչեց իմ ձայնը, ասես սպասում էր այդ զանգին: Եվ ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն: Ես վայրկենապես մոռացա և՛ Արմենին, և՛ այդ ամբողջ տարօրինակ պատմությունը՝ կապված ռեստորանի հետ:

– Բարև, Ռենա, – ինչպես ուրբաթ օրը՝ խմբագրությունում, ես ակամա ոտքի ելա, – ինչպե՞ս եք:

– Լավ եմ: Դո՞ւք ինչպես եք:

– Շնորհակալություն: Ես նույնպես լավ եմ: Ռենա, կարևոր գործով ուզում եմ հանդիպել ձեզ: Դա հնարավո՞ր է:

– Իհարկե: Ե՞րբ և որտե՞ղ:

– Բաքսովետի մետրոյի մոտ: Ժամը հինգին:

– Շատ լավ: Ժամը հինգին ես այնտեղ կլինեմ:

– Շնորհակալություն:

Ես մի պահ խոսափողը ձեռքիս շրջում էի սենյակում, ինձ թվում էր՝ այն դեռ պահում է Ռենայի հարազատ շունչն ու քնքշանուշ ձայնը:

Իրոք, բոլոր ձայների մեջ ամենաքաղցրն այն աղջկա ձայնն է, որին սիրում ես: Մի՞թե ես արդեն սիրում եմ նրան:

Ռենային դիմավորեցի մետրոյի նախասրահում: Նա բաց կապույտ բլուզ էր հագել, ոսկյա բարակ շղթայիկը պսպղում էր ճերմակ պարանոցին, մազերը, ինչպես երեկ չէ մյուս օրն էր, անփութորեն թափված էին ուսերին: Դեռևս շարժասանդուղքին կանգնած՝ նա հարազատորեն ժպտաց ինձ, և այդ ժպիտը կախարդիչ էր: Նրա լիքը շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը նույնպես կախարդիչ էին:

– Ողջույն, – Ռենան ձեռքը մեկնեց, և ես բերկրանքով մտածեցի, որ նա չէր շտապում ետ քաշել ձեռքը, – վաղո՞ւց եք սպասում:

– Չէ, նոր եկա, – ասացի ես, թեպետ մոտ տասնհինգ րոպե կլիներ, որ սպասում էի նրան՝ նայելով շարժասանդուղքով վեր ելնող մարդկանց անդադար հոսքին:

Մենք դուրս եկանք փողոց: Հաճելի տաք եղանակ էր:

– Երեկ Արմենն ասաց, որ միասին կինո պիտի գնաք, – ասացի ես: – Լա՞վ նկար էր:

– Երե՞կ: Երեկ լրացել էր իմ տասնինը տարին, իմ ծննդյան օրն էր, – ասաց նա ու կանգ առավ:

Ես զգացի, որ ծննդյան օրվա մասին ասածը հանկարծակի դուրս թռավ բերանից, նրա դեմքը շառագունեց:

– Ես ամբողջ օրը տանն էի, – անվճռականորեն ավելացրեց Ռենան: – Եվ ոչ մի տեղ չեմ գնացել: Նա ինձ չի զանգել և… չէր էլ կարող զանգել, նա չգիտի իմ հեռախոսահամարը:

Ես ոչինչ չէի հասկանում:

– Ձեր ծննդյան օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ, – ասացի ես:

– Շնորհակալություն, – արձագանքեց Ռենան ամոթխած շփոթմունքով:

– Արմենի հետ պայմանավորվել էինք «Գյուլիստան» գնալ, եթե հիշում եք: Նա պետք է խոսեր ձեզ հետ ու զանգեր ինձ: Ինչպե՞ս պիտի զանգեր, եթե չուներ ձեր հեռախոսահամարը:

– Երևի մտածում էր վերջին րոպեին վերցնել, բայց ես մերժեցի:

Մի պահ լռություն տիրեց:

– Ռենա, կներեք, իհարկե, որ նման հարց եմ տալիս, – ասացի ես: – Արմենին դուք վաղո՞ւց եք ճանաչում:

Ռենան տարակուսանքով նայեց ինձ:

– Գիտե՞ք, ես նրան ընդամենը երկու անգամ եմ տեսել և, հետաքրքիր է, երկու անգամ էլ՝ պատահաբար: Առաջին անգամ հենց այստեղ, մետրոյի մոտ պատահեց, դա մի քանի ամիս առաջ էր: Ես հանրային գրադարանից էի գալիս, մոտեցավ, ինչ-որ հասցե էր հարցնում, ես նրան բացատրեցի: Երկրորդ անգամ, դա արդեն երեկ չէ մյուս օրն էր, մտա ձեր շենքի տակ գտնվող փոստը՝ մերոնց զանգելու, ինքն էլ այնտեղ էր, ինչ-որ տեղ էր զանգում, մոտեցավ, դարձյալ ինչ-որ բան էր հարցնում: Հետո խնդրեց իր հետ բարձրանալ ձեզ մոտ, խմբագրություն, ասաց որ ձեր ծննդյան օրն է և որ ձեզ համար հաճելի կլինի, եթե երկուսով շնորհավորենք ձեր ծնունդը: Շատ խնդրեց: Մի խոսքով, չգիտեմ ինչ փչեց խելքիս, նրա հետ բարձրացա ձեզ մոտ: Դե, մնացածը դուք գիտեք:

Ասես ծանր բեռից ազատված՝ ես ազատ շունչ քաշեցի:

– Եվ ծննդյան ու նախածննդյան այդ բոլոր ծիսակատարությունների մասին նա, իհարկե, հնարում էր: – Ռենան նայեց ինձ ու լայն ժպտաց: – Հնարո՞ւմ էր:

– Երևի, – խուսափողական ասացի ես: – Ուրեմն նա չուներ ձեր հեռախոսահամարը:

– Չէ, իհարկե:

– Հետաքրքիր է:

– Ձեր զանգից, ճիշտն ասած, ես մի տեսակ կորցրի ինձ ու այդպես էլ չհասկացա՝ իսկ ձե՞զ որտեղից իմ հեռախոսահամարը:

– Չեմ ասի, – ժպտացի ես, – դուք իմ ռադիոհեռախոսով տուն զանգեցիք, հիշո՞ւմ եք:

– Հիշում եմ:

– Խոսափողում պահպանվում է համարը:

Ռենան ծիծաղեց, ասաց.

– Թող այդպես լինի, – և իր քնքույշ կապույտ աչքերով նայելով ինձ՝ ավելացրեց, – ի՞նչ կարևոր գործ է, որի մասին ասացիք հեռախոսով:

– Մենք երեկ չէ մյուս օրը ռեստորանից դուրս ենք եկել առանց վճարելու:

– Չէ հա, – Ռենան ետ ընկրկեց, վախվորած ձեռքը տանելով այտին: – Չի կարող պատահել:

– Այն թիկնեղ տղամարդուն հիշո՞ւմ եք: Ռաուֆ Ալիևիչ: Արմենը ռեստորանում մեզ ներկայացրեց նրան: Նա երեկ զանգեց ինձ:

– Ինչպիսի¯ խայտառակություն, – Ռենան տագնապած նայեց ինձ, – ի՞նչ պիտի անենք:

– Նա հիմա սպասում է մեզ, – ասացի ես:

– Մի րոպե, – մտամոլոր ասաց Ռենան, մտքում ինչ-որ հաշվարկներ անելով: – Ես հորս ասել չեմ կարող, մորս՝ նույնպես, եղբորս՝ առավել ևս, իսկ եղբորս կնոջը կասեմ: Իրադան կօգնի: Իմ միամսյա կրթաթոշակը մոտս է, դա էլ կարող եմ տալ:

– Ռենա, ոչ մի բան պետք չէ, մի մտածեք, – ես խանդաղատանքով նայեցի նրան: – Գնանք:

– Հնարավո՞ր չէ առանց ինձ, – Ռենան խնդրողական նայեց:

– Անհնարին է: Հնարավոր լիներ՝ մենակ կգնայի, – ջերմ գոհունակությամբ ասացի ես: – Դե, գնացինք:

Ես թևանցուկ արեցի Ռենային և համարյա ուժով տարա դեպի տաքսիների կանգառ:

* * * * *

Ռաուֆ Ալիևիչը մեզ դիմավորեց հարգալիր ու հոժարակամ ժպիտով, ասաց, որ իր պրակտիկայում այդպիսի բան չի եղել, այսինքն եղել է, բայց դե որ մեզ նման հարգարժան մարդիկ թողնեն ու առանց վճարելու հեռանան՝ չէ, էդպիսի բան չի եղել, ինքը նման դեպք չի հիշում:

Մենք «Արևելյան» դահլիճ չգնացինք, նստեցինք «Հայելազարդ» դահլիճում, լուսամուտի մոտ: Ռենան այդպես ցանկացավ: Բեմահարթակի վրա, աթոռին սաքսոֆոն էր դրված, մի ուրիշ աթոռի՝ շեփոր ու թմբուկ, պատյանով կոնտրաբասը կանգնած էր պատի տակ. երաժիշտներն արդեն եկել էին և բեմահարթակի առջև հավաքված զրուցում էին, մերթ ընդ մերթ նայելով հաճախորդների կողմը:

Ռենայի համար կիսաքաղցր շամպայն պատվիրեցի, ինձ համար՝ կոնյակ: Մատուցողուհին փոքր-ինչ գունատ, նիհարավուն, սակայն գրավիչ դեմքով ռուս աղջիկ էր, և մեր պատվերները կատարում էր ընդգծված պատրաստակամությամբ, ասես դա մի առանձնահատուկ հաճույք էր պատճառում նրան:

Բարի առջև, կանգնակի բարձր աթոռներին թառած, երկու աղջիկ՝ մինչև գոտկատեղ հասնող երկար ոտքերով, տոնիկով ու կիտրոնով ջին էին խմում գունավոր ծեղաձողիկներով, գնահատող հայացքներով երբեմնակի նայելով տղամարդկանց:

Հաճելի մթնոլորտ էր, մեղմիկ երաժշտություն: Ինձ դուր էր գալիս, որ բոլորը, կից սեղաններից, ուշադրություն էին դարձնում մեզ վրա: Մենք զրուցում էինք, մեկ ես էի ինչ-որ պատմություն անում, մեկ՝ Ռենան, և ես հետզհետե զգում էի, որ նրա մոտիկ ներկայությունը խենթացնում է ինձ: Ռենան ուշադիր լսում էր ինձ, երբեմն ժպտում, ծիծաղում էր: Եվ, ի զարմանս ինձ, դիմակայած պատի երկայն հայելու մեջ ես հանկարծ տեսա Արմենին. սիգարետը բերանին, անհոգ՝ նա դանդաղ բարձրանում էր երկրորդ հարկ: Ես մտածեցի, որ այն օրը, ամենայն հավանականությամբ, չէր կարողացել վճարել և հիմա եկել է վճարելու: Շրջվելով ետ, ես ձեռքով արեցի. նա մեզ չէր տեսնում, կոկտեյլ խմող աղջիկները կարծես թե ծանոթ էին նրան, նույնիսկ տեսա՝ նա ժպտաց նրանց, սակայն, հանկարծակի տեսնելով մեզ, կանգ առավ՝ տարակուսալի հայացքով նայելով մեր կողմը, հետո ժպիտ սարքեց դեմքին, մոտեցավ:

7
{"b":"608192","o":1}