Литмир - Электронная Библиотека

– Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:

– Ոչ:

– Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:

– Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:

Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:

– Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան:

– Ռաուֆ Ալիևիչ, արի մի բաժակ խմիր մեզ հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:

– Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:

– Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:

– Ուրախ եմ, շատ ուրախ եմ, – քաղաքավարությամբ գլուխ տվեց Ռաուֆ Ալիևիչը: – Տեսնո՞ւմ եք, ոչ մի ազատ տեղ չկա: Միշտ այսպես է, բայց ձեզ համար տեղ, իմացած եղեք, որ կճարվի: Համեցեք:

Ռենայի հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:

Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:

Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ համատարած, անծայրածիր՝ փայլկտում էր նոր ելնող լուսնի ու աստղերի ցոլքերից: Բարձրախոսները հրավիրում էին զբոսանքի, պտտվում էին կարուսելները, մանկական ճիչ ու զնգուն ծիծաղ՝ քամին տանում, հեռացնում էր, կրկին ետ բերում, և այդ ձայները լսվում էին հստակ ու շատ մոտ:

– Հո չե՞ք մրսում, – հարցրի ես՝ փորձելով հանել պիջակս:

Ռենան օրորեց գլուխը, երախտագիտությամբ ժպտաց ինձ:

– Շնորհակալ եմ, ցուրտ չէ, – ասաց նա՝ հայացքը դեպի Նարգին կղզի ընթացող զբոսանավը, որից հնչող երաժշտությունը նույնպես քամու հետ մեկ հեռանում, մեկ կրկին վերադառնում էր:

Մեքենաների մոտ խմբված վարորդները հետաքրքրասիրությամբ դիտում էին Ռենային, դա ինձ դուր չեկավ և, նրա արմունկն առնելով ափիս մեջ, ես նրան տարա դեպի հերթի առջևում կանգնած մեքենան:

– Մենք ձեզ տաքսիով կտանենք մինչև տուն, – ասացի ես, նրան նստեցնելով մեքենայի ետնամասում, ինքս նստեցի առջևում, վարորդի մոտ:

– Ոչ, պետք չէ, – խնդրողական ասաց Ռենան՝ ձեռքը դիպցնելով ուսիս:– Մինչև տուն պետք չէ: Եղբայրս, սովորաբար, կանգառում դիմավիրում է ինձ: Մինչև մետրո:

Վարորդն արագ տեղավորվեց ղեկի մոտ: Ես նրան խնդրեցի քիչ սպասել. Արմենը շտապ իջնում էր աստիճաններով:

Բաքսովետի մետրոյի մոտ Ռենային ուղեկցեցինք մինչև նախասրահ, մի անգամ ևս պայմանավորվելով, որ Արմենը վաղը կզանգի Ռենային ու ինձ, և մենք միասին կգնանք «Գյուլիստան»: Ռենան մտավ մետրո, վերջին անգամ շարժասանդուղքի մոտ շրջվելով ու ձեռքով հրաժեշտ տալով մեզ:

Մոտեցանք փողոցին: Արմենը տաքսի կանգնեցրեց:

– Էդ գիժը տանը սպասելու է ինձ, – ծիծաղեց նա: – Հասցեն ու հեռախոսը տվեց: Ասում է, եթե ուշացար, ինձ կկախեմ:

– Գնա, – ծիծաղեցի ես: – Ուշացար՝ թոկից-բանից տար, կարող է չունենա:

Արմենը նորից ծիծաղեց, մոտեցավ մեքենային:

– Նստիր մինչև տուն տանեմ, – ետ շրջվելով, ասաց նա:

– Երկու քայլ է, ոտքով կգնամ, – պատասխանեցի: – Վաղը սպասում եմ:

Մեքենան պոկվեց տեղից, սակայն, մի հարյուր մետր չանցած, կանգ առավ՝ ետնամասի կարմիր լույսերը վառ և սկսեց ետ-ետ գալ:

– Լսիր, Լեո, – դուրս գալով մեքենայից ասաց Արմենը: – Կարո՞ղ է մոտդ փող լինի՝ տասնհինգ-քսան ռուբլի:

– Իհարկե, – ասացի ես:

Մեքենան կրկին պոկվեց տեղից, ես երկար նայում էի, մինչև այն կորավ փողոցի շրջադարձում:

Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ բանից աշխարհն աչքիս հազար անգամ մեծ էր երևում, եղածը՝ հազարապատիկ շատ: Իմ կողքով զույգեր էին անցնում, ես, իմ մտքերի մեջ խորասույզ, նրանց չէի նայում, բայց մտածում էի, որ նրանք անպայման երջանիկ են, ես սրտանց ուզում էի, որպեսզի երջանիկ լինեն նրանք, որովհետև ինքս անչափ երջանիկ էի այդ պահին, և այդ երջանկությունն արբեցնում էր ինձ, ես ուզում էի ողջունել բոլորին, ես բոլորի բարին էի ցանկանում: Իրոք, թե ինչ էր կատարվում ինձ հետ՝ անհասկանալի էր: Ես վայրկյան անգամ չէի կարողանում մոռանալ Ռենային, նրա դեմքը, աչքերը, շուրթերը, ձայնի նրբագրգիռ ելևէջը, վայելչագեղ պարանոցը, որ բուրում էր ինչպես նորաբողբոջ վարդը: Աստված իմ, մի՞թե այդպես միանգամից սիրահարվեցի նրան: Ես զարմանում ու ծիծաղում էի ինքս ինձ վրա, որովհետև այսօր առավոտյան ես ոչինչ չգիտեի նրա գոյության մասին, իսկ հիմա նրա մասին մտածելն անգամ ինձ ուրախություն է պատճառում: Ես ուզում էի ետ պահել ինձ այդ խելացնոր մտքից, ես աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել, բայց չէր հաջողվում: Ես նախանձում էի Արմենին, բայց դա չար նախանձ չէր, պարզապես ափսոսում էի, որ ոչ թե ինձ, այլ նրան է բախտ վիճակվել ծանոթանալ այդպիսի հրաշք աղջկա հետ: Հարկավոր է մոռանալ նրան, մտածում էի, անպայման մոռանալ, ինչքան էլ դժվար լինի ինձ համար, որովհետև իմ կողմից գեղեցիկ քայլ չէ՝ մտածել մեկի մասին, որը ոչ թե քո, այլ ուրիշի ծանոթուհին է, նրա հետ եկավ քեզ մոտ: Տանը նույնպես մտածում էի Ռենայի մասին, հիշողություններն ալեկոծում էին իմ հոգին, անծանոթ հույզեր արթնացնում իմ մեջ, ես իմ աչքի առջև շարունակ տեսնում էի նրա ամոթխած և ուշադիր հայացքը, գեղեցիկ շուրթերի արանքից երևացող ատամների տամուկ փայլը, հիշում էի նրա մատների սառը հպումը, և այդ ամենից ասես գլուխս պտտվում էր: Դասական երաժշտության տակ հաճելի էր մտածել ու հիշել: Հիշել ու մտածել: Իսկ գիշերը՝ երազում, ես կրկին նրա հետ էի, քաղցր ինքնամոռացության մեջ ես գրկել էի նրան, ես նրան սեր էի խոստովանում, ես նրան կրկին ու կրկին համբուրում էի ու չէի հավատում, որ հենց հիմա համբուրեցի այդ շուրթերը, որ երազից դուրս նման իրական բան կարող է լինել և բերկրանքից ու երջանկությունից կտրվում էր շունչս…

Հեռախոսազանգն արթնացրեց ինձ: Երազի տպավորության տակ՝ ես ցատկեցի դեպի հեռախոսը, չգիտես ինչու, մտածելով, որ Ռենան է զանգողը:

Ռենան չէր, իհարկե. մայրս էր Սումգայիթից զանգում, և ես սուր ամոթ զգացի այն բանից, որ քամու դեմ վառած լուցկու կրակի պես հանգավ ոգևորությունս: Մայրս անհանգստացած էր, որ տուն չէի գնացել, չնայած իմ խոստմանը, ասաց, որ երեկոյան քույրս Ստավրոպոլից նույնպես զանգել է, բայց ես տանը չէի:

Ասացի, որ հյուր ունեի Երևանից, հաջորդ ուրբաթ անպայման կգամ: Հետո լվացվեցի, մի թեթև նախաճաշեցի և սկսեցի պատրաստվել այսօրվա հանդիպմանը: Մի քանի անգամ, աղջկա նման՝ հայելու առջև փոխեցի շորերս, մեկ այս փողկապն էի փորձում, մեկ այն, ի վերջո, ընտրեցի՝ սև կոստյում, կապույտ վերնաշապիկ և դարչնագույն փողկապ՝ մանուշակագույն երանգներով: Օծանելիքներից ընտրեցի «Դրակարը»: Դա Արինայի նվերն էր՝ փետրվարի քսաներեքի առթիվ, և ինձ շատ էր դուր գալիս:

Ժամը տասներկուսին զանգեց Արմենը:

– Հը, ինչպե՞ս ես, – ծիծաղեցի ես: – Մարգարիտային հաջողվե՞ց կախվել:

– Հա, մինչև առավոտ վզիցս կախված էր, – Արմենը ծիծաղեց, ավելացրեց, – Լեո ջան, եկել եմ կինոյի տոմս վերցնելու, նոր տեսա, որ, թարսի պես, ուրիշ շալվար եմ հագել՝ փողերս մնացել են մյուս գրպանում, չգիտեմ ինչ անեմ, մինչև մեր հանդիպումը, ուզում էի Ռենայի հետ կինո գնալ:

– Արի, ես կտամ, – ասացի ես, մտածելով, որ նա երեկ ահագին ծախսի տակ ընկավ: – Հո չե՞ս մոռացել հասցեն:

– Իյա¯: Ի՞նչ ես ասում, – ուրախաձայն ասաց նա: – Իհարկե, չեմ մոռացել:

– Դե, ավելի լավ, որ չես մոռացել, արի: Միասին սուրճ կխմենք:

Արմենը եկավ մի կես ժամից:

– Քսանհինգ ռուբլին հերի՞ք է, – հարցրի ես:

– Իհարկե, շատ էլ է: Անչափ շնորհակալ եմ, Լեո ջան: Քեզ ասեմ՝ իսկական ընկեր ես ու իսկական տղամարդ: Դա իմ կարծիքն է: Ապրես:

Նա սափրվեց, սուրճ խմեցինք: Արմենին ճանապարհելուց հետո նորից անհանգիստ քայլում էի՝ նայելով ժամացույցին, ժամանակը կարծես թե դժվար էր առաջ գնում, փորձեցի ինչ-որ բան կարդալ ժամանակը կարճելու համար, բայց ոչինչ չստացվեց, նույն պարբերությունը ստիպված մի քանի անգամ կարդում էի. ուշքս ու միտքս այնտեղ էր՝ Ռենայի հետ:

Հեռախոսը զանգեց: Վերջապե¯ս… սիրտս տրոփեց, ինչ-որ հաճելի ոգևորությամբ համակված՝ դանդաղ վերցրի լսափողը:

– Ալլո:

– Ալլո, բարև ձեզ: Լեո, դուք եք, չէ՞:

Ձայնն անծանոթ էր:

– Բարև ձեզ: Այո:

– Ռաուֆ Ալիևիչն է, «Նոր Ինտուրիստից»: Ինչպե՞ս եք:

– Շնորհակալ եմ… Երեկ շատ լավ էր ձեզ մոտ, անմոռաց երեկո էր:

– Շատ ուրախ եմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: Համեցեք, միշտ պատրաստ ենք: Բայց գիտե՞ք… – նա մի պահ ասես վարանեց, հետո միանգամից ասաց, – դուք երեկ գնացիք առանց վճարելու:

6
{"b":"608192","o":1}