Հեղինե. – Չէ՜… Էս երկու ազիզ բալեքս պատերազմում զոհվեցին (Բ, էջ 11):
Մամիկոն. – Գնանք, գնանք, մինչև կյանքիս վերջը պարտական եմ քեզ: Քո խաթեր համար մի հատ էլ երգ ասեմ (ՍԹ, էջ 142):
Թագուհի. – Տղա Մարտինիչ, քո տուն չակոլի, քո կուժ մոռցար (ՀՀՆԾ, էջ 251):
Ժողովրդախոսակցական բնույթի բառերն ու արտահայտություններր բավականաչափ շատ են Արամաշոտ Պապայանի պիեսներում, ուստի շատ դժվար է բոլորի մասին խոսել: Թվարկենք մի քանիսը: Բերենք օրինակներ. էս (այս), էն (այն), էսպես (այսպես), էնպես (այնպես), հա (այո), էդքան (այդքան), էլ (այլևս), էծեր (այծեր), հրես (ահա) և այլն: Իր պիեսներում Արամաշոտ Պապայանը գործածել է նաև ժողովրդախոսակցական լեզվին հատուկ ձայնարկություններ և այլ սպասարկու բառեր, որոնք խոսքը դարձնում են ավելի արտահայտիչ:
Հա բառը օգտագործվում է մի շարք իմաստներով: Ամենից առաջ այն գործածվում է որպես պատասխանական բառ, որը համարժեք է այո-ին: Սակայն առավել հետաքրքրական են հետևյալ կիրառությունները:
Հա՞ – հարցում ճիշտ լինելու մասին:
Լուսինյան. – Սամսոնը, Մասիսը…Հասկացա, պահ են մտել, հա՞: Սամսոն՜, հարազատ (ԵՎ, էջ 80):
Հա – հաստատում.
Ցոլակ. - Հա, իհարկե, ճարպն ու յուղը խոհարարի և այլոց փորը, ճենճն ու ջուրը իմ հորը (ԽՊ, էջ 142):
Սամսոն. – Հա՜, հա՜, հա՜, ինչ միամիտն ես եղել, քուրս, խնդալս կուգա (ԵՎ,117):
Հա – ասվում է մի բան դժվարությամբ հիշելուց հետո:
Տիգրան. – Տիգրա՞ն… Հա, լսել եմ, բայց նրա մասին ասում են, որ… (ՄՀ, էջ 30):
Բազմաթիվ կիրառություններ ունի նաև վայ բառը: Այն արտահայտում է սպառնալիք, զարմանք, սուգ, ողբ, ափսոսանք, հեգնանք, սարսափ, ահ և այլն:
ա. Սպառնալիք.
Հեղինե. – Ահա մի շաբաթ է աղոթում եմ, որ էսօրվա խաղը մերոնք տանեն, թե չէ՝ վայն եկել է այսօր մեր ուրախությանը (Բ, էջ 12):
բ. Զարմանք.
Պետրոս. – Վա՜յ… ը՜… Դուք էլ եք այստե՞ղ… (ԽՊ, էջ 179):
գ. Սուգ, ողբ.
Շուշան. – Վայ, քոռանամ, էս ինչ զուլում եկավ մեր գլխին… (ԽՊ, էջ 179):
դ. Ափսոսանք.
Նունուֆար. – Վա'յ, քոռանամ, մոռացել էի (Մ, էջ 86):
ե. Հեգնանք.
Հայրապետ. - Վայ դու, խրբուկ ծաղիկներն էլ է պրոկատ վերցրել (ԿՀ, էջ 59):
զ. – Սարսափ, ահ.
Շուշան. – Ի՞նչ է, արդեն բաժանվե՞լ են: Վա՜յ ինձ, վա՜յ… (ԽՊ, էջ 178):
է. Մտերմական երանգ.
Սրբուհի. – Վա՛յ, բալիկ ջան, եկա՞ր: Այս երիտասարդը քեզ է սպասում (Բ, էջ 39):
Նազան. Վայ, Մամիկոն ջան, բա հոգուդ մեղք չե՞ս անում (ՍԹ, 133):
Ջեն. Պաղպաղա՞կ, վա՛յ, Ջեկ, իսկապե՞ս (ԱՄ, 106):
Արամաշոտ Պապայանը կատակերգություններում օգտագործել է ժողովրդական խոսքին բնորոշ այ, բա, հո, է, ախր, համ…համ և նմանատիպ այլ բառեր, որոնք բավականաչափ շատ են: Այդպիսի բառերն արտահայտում են զարմանք, ուրախություն, վիշտ, դժգոհություն, զայրույթ, ափսոսանք: Բերենք բնագրային օրինակներ.
Վռամ. – Այ աղջի, շա՞ռ ես, քաղաքական աստառ ես կպցնու՞մ (ՍԻՉԱԵԱՔԷ, էջ 289):
Նուբար. – Բա հյուրանո՞ցը (ԱԱՇԷԵ, էջ 321):
Վարշամ. – Գլուխ հո ունես, տնաշեն, էդքան ուսում, կրթություն, դու հունարդ ցույց տուր (ԱԱՇԷԵ, էջ 376):
Շմավոն. - Է, Վարշամ ջան, մեջք չունեմ, մեջք (ԱԱՇԷԵ, էջ 376):
Գրապ. – Ախր ինչու՞… Հարսս հիմա ելույթ պիտի ունենա… (ԽՊ, էջ 128):
Վարշամ. – Համ վարիչ եմ, համ քարտուղար, համ գրագիր (ԱԱՇԷԵ, էջ 376):
Նուբար. Հայ-հույ, էլի էդ խերքի՞ն ես (ԱԱՇԷԵ, 382):
Մարգար. Պահո՛, հացներս կերանք (ԱԱՇԷԵ, 383):
Նուբար. Ինչ է, ուրեմն ես լեզվից խախու՞տ եմ, հայ-հույ (ԱԱՇԷԵ, 383):
Նուբար. Բա էդ եղա՞վ: Ձեր հեր ձեզ համար վատ հեր չի եղել (ԱԱՇԷԵ, 321):
Բ. Այցելու. Էհ, իրեն համար վատ: Այդ ճամփով գնացողը հեռու չի երթա (ՍԻՉԱԵԲԷ, 294):
Սամսոն. Եվ մի վհատվիր, պանդուխտ Մասիս, հեչ մի վհատվիր, այն ուժը, որ ինձի հոս բերավ, օր մըն ալ երևի քովդ կբերե (ԵՎ, 117):
Կարմեն. Օխա՛յ, հիմի դու էն ասա, մեր մեծ խազեինը ինչու՞ է կանչել (ՀՀՆԾ, 240):
Ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ են նաև մաղթանքների, ողջույնների, անեծքների, նվաստական և արհամարհական արտահայտությունների օգտագործումը: Բերենք բնագրային օրինակներ.
Կտրիճ. – Աչքիս վրա, քեզ մատաղ (ՀՀՆԾ, էջ 203):
Թագուհի. – Չէ, մռնիմ քզի, ժամանակ չունեմ, պտի գնամ (ՀՀՆԾ, էջ 227):
Արմեն. – Շնորհավորեք, հարսնացուս: Տարոսը ձեզ (ԵՎ, էջ 113):
Արմեն. – Այո, անաղուհաց քրդի շուն…ը… գոռոզի մեկը դուրս եկավ (ԵՎ, էջ 90):
Անուշ. Դե նստիր, նստիր, անուշ ջան, բարով եկար, հազար բարին, նստիր, խոսիր, ասա տեսնեմ ո՞վ է նա, ի՞նչ մարդ է…(ԵՎ, 74):
Գրապ. Քո արևը հարևան, ոչինչ չհասկացա, գնացեք, հանգստացեք, ո՞վ է ձեզ խանգարում (ԽՊ, 128):
Մինաս. Վայ, ցավդ տանեմ, Հակոբ Նշանիչ, հազար առողջություն քեզ (ՀՀՆԾ, 235):
Հմայակ. Բա մենք ինչքան ուրախ ենք: Շնորհավորում եմ, թանկագին Հակոբ Նշանիչ: Ցանկանում եմ երկար կյանք, առողջություն և երջանկություն (ՀՀՆԾ, 224):
Սեդա. Գնա ու արի, նստի ու սպասի, գրողի ծոցը, թե գործը տապալվում է (ՀՀՆԾ, 192):
Անուշ. Բարով, բարով եք եկել: Այս ինչո՞ւ ուշացաք (ԵՎ, 83): +
Այսպիսով, իր պիեսներում Արամաշոտ Պապայանը հմտորեն է օգտվել բարբառային ու ժողովրդախոսակցական բառաշերտերից։ Բարբառային ու ժողովրդախոսակցական բառերի գործածությամբ նա ավելի արտահայտիչ ու կենդանի է դարձնում իր հերոսների խոսքը։
1. 2. ԿՐԿՆԱՎՈՐ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱՄԱՇՈՏ ՊԱՊԱՅԱՆԻ ՊԻԵՍՆԵՐՈՒՄ
Սույն ենթագլխի նպատակն է ուսումնասիրել հայերենի կրկնավոր բարդությունները Արամաշոտ Պապայանի պիեսներում։
Ժողովրդական խոսքին բնորոշ բառակազմական միջոցներից են կրկնավոր բարդությունները կամ կրկնությունները, որոնցով արտահայտվում են հատկանիշի սաստկություն, բազմակիություն, ընդգծվում են տրամադրությունն ու միտքը: «Կրկնավորները նույն բառի կրկնությամբ կազմված հարադրական բարդություններն են, որոնք վերլուծական բարդության ամենապարզ տեսակն են և ծնունդ են առել լեզվի զարգացման վաղ անցյալում» [6, էջ 189]։
Արամաշոտ Պապայանի պիեսներում բազմաթիվ են նման բարդությունները: Բերենք բնագրային օրինակներ.
Շավարշ. – Կոպտիր, կոպտիր, այդ քնքուշ-քնքուշ խոսելդ է, որ տունս քանդեց (ՄՀ, էջ 24):
Սուրեն. – Շուտ-շուտ եկեք մեզ մոտ հյուր (ՄՀ, էջ 25)։
Նազիկ. – Որ ձեզ մոտ շուտ-շուտ հյուր գամ (ՄՀ, էջ 25):
Լուսինյան. – Դե լավ, գնանք մի-մի բաժակ բարձրացնենք ու գնանք քնենք (ԵՎ, էջ 99):
Վերոհիշյալ բարդությունները միևնույն բառով կազմված կրկնություններ են, որոնք ցույց են տալիս առարկայի կամ գործողության վիճակ: Երբեմն միևնույն նախադասության մեջ օգտագործում է մեկից ավելի կրկնություններ: Բերենք բնագրային օրինակ.
Կարմեն. – Տաք-տաք վաննայում լողանում էի, տկլոր-տկլոր հանեցին բերին միջանցքում, կես ժամ կանգնեցրին, հետո էլ թե սապոնված ես-սապոնված չես` շորերդ հագիր ու թռիր (ՀՀՆԾ, էջ 239):
Պիեսներում օգտագործված բարդություններից են նաև չարաչար (ԽՊ, էջ 154), հազիվհազ (ԵՎ, էջ 83), մեկնումեկը (ԱԱՇԷԵ, էջ 376): Բերենք մի քանի բնագրային օրինակ.
Արմեն. – Այո, տպեք, որ չարաչար սխալվել եմ, զղջացել եմ, որ եկել եմ հայրենիք (ԵՎ, էջ 107):
Վարշամ. – Է՛, ճառ մի ասա… Էս արդեն քանի՞ աթոռ փոխեցիր: Մեկնումեկը մեջքիդ չկպա՞վ… (ԱԱՇԷԵ, էջ 376):
Արամաշոտ Պապայանի պիեսներում քիչ չեն նաև հնչյունափոխությամբ կրկնավորները: Այս կարգի բարդություններում հնչյունափոխվում կամ հնչյունի կորուստ է կրում կրկնվող բաղադրիչներից մեկը կամ էլ բաղադրիչների միջև առաջանում է հավելյալ հնչյուն [10, էջ 273]: Հնչյունափոխությամբ կրկնավոր բարդություններն են՝