_Ինքդ ուշքի արի,_սպառանգին ասաց նա։
Վրեժը սփրթնեց։ Այստեղ ոչ ոք չկար։ Ու Ֆելիքսը կարող էր իրեն հարվածել։
_Գնացինք,_Ֆելիքսը գլխով արեց օրիորդին։
Երկուսով դուրս եկան։
_Հետևու՞մ ես ինձ,_չհամբերեց Լիլիթը։
_Իհարկե… չեմ կարող գեղեցիկ աղջիկներին չհետևել…
Ժպտաց ու փոսիկներ հայտնվեցին այտերի վրա։
Այդ օրվանից նրանք մտերմացան։ Ազնավուրյանը մի քանի անգամ ևս փորձեց խոսել օրիորդի հետ իր զգացմունքների մասին, բայց ինչ որ միջադեպից հետո դադարեց։ Պարզվեց որ մի քանի հոգի բռնել ծեծել էին ու վախեցրել, թե հանկարծ մոտենա Լիլիթին շանսատակ կանեն իրեն։ Շուտով ի հայտ եկավ նաև այն որ նա կաշառակեր է, փող էր վերցնում գնահատականների համար ուսանողներից։ Այդպես էլ նրան հեռացրին աշխատանքից։
Լիլիթը ազատ շունչ քաշեց։ Ավելի մոտ ծանոթանալով Ֆելիքսի հետ ընդունեց նրան ինչպես ընկեր ու եղբայր, հարազատ մարդ ում հետ կիսում էր գանգատներն ու գաղտնիքները։ Բայց առաջին իսկ օրերից երիտասարդը բացահայտեց, որ անտարբեր չի իր նկատմամբ։ Ու աշխարհի բոլոր հնարավորությունները պիտի ձեռնարկի մինչև շահի օրիորդի սիրտը։ Լիլիթը ժպտում էր ու ծիծաղում։
_Երբեք նման բան չի լինի։ Ֆելո՛, դու փոքր ես ինձնից երկու տարով։ Ես քեզ նույնիսկ տղամարդու տեղ չեմ դնում։
Դա վիրավորում էր երիտասարդի ինքնասիրությունը, սակայն հույսը երբեք չէր կորցնում։ Նա համբերությամբ տանում էր Լիլիթի ծաղրն ու կատակները։ Անցավ երկար ժամանակ Ֆելոն կիսատ թողեց ուսումը գնաց բանակ։ Հաճախ զանգում էր Լիլիթին,պատմում բանակի կյանքից։ Երբ վերադարձավ՝ Լիլիթը տեսավ դիմացը ոչ թե տղա այլ տղամարդ։ Բայց իր համար մնացել էր նույն Ֆելոն։ Նկատում էր մյուս աղջիկների պահվածքը երիտասարդի ներկայությամբ։ Նրանց համար նա արդեն Ֆելիքս էր։ Զարմանում էր, ուշադիր նայում ընկերոջը։ Նույն բոյովն էր, ուղղակի մոդայիկ սափրածքով, բայց նույն անհնազանդ ու չսանրված մազերով։ Սակայն ավելացել էր մի լրջություն նրա աչքերի մեջ։ Ու քանի գնում այն ավելանում էր։ Մի օր ասաց.
_Լիլիթ, դու չես ամուսնանա իմ հետ չէ՞… այնպես էլ չսիրեցիր ինձ….
Օրիորդը ծիծաղեց.
_Ֆելո՛, քեզ հենց սկզբից ասացի որ չեմ ամուսնանա քո հետ… դու իմ համար շատ թանկ մարդ ես… սակայն ո՛չ ապագա ամուսին…
_Լիլի՛թ, սիրտս ջարդուփշուր ես անում։
_Դու սիրտ չունե՜ս, Ֆելի՛քս։ Թե սիրտ ունենայիր կտեսնեիր, հետևիցդ նայող աղջիկների կարոտած աչքերը։
_Ես քո աչքերն եմ ուզում…
_Հանե՞լ,_ ճանկ ցույց տվեց Լիլիթը ու ծիծաղեց։
_Լիլո՜…..
Սիրում էր, ու երևի միլիոն անգամ կրկնել էլ, սակայն արձագանք չկար Լիլիի սրտում։ Այո առաջին օրվանից ինչ տեսել էր նրան, գրավվել էր նրա արտաքինով, սակայն շփվելով հետը գերեց նաև նրա ներքին աշխարհը։ Մի անգամ քննություններից առաջ օրիորդը առաջարկեց գնալ եկեղեցի մոմ վառել որ հաջող հանձնեն։ Ինքը ծիծաղեց.
_Լիլո, մոմը քեզ ինչպես է օգնելու…
_Ոչ թե մոմը, այլ աստված։
Գնացին մոմերը վառեցին։ Ֆելոն իհարկե քիչ էր հավատում մոմի ուժին, սակայն Լիլիթի հետևից դառնում էր ու համբերությամբ վառում մոմերը, միաժամանակ հետաքրքրությամբ զննելով ամեն իր որ կար շրջապատում։
Վերջին մոմը Լիլիթը վառեց մայր աստվածածնի առաջ։ Փակեց աչքերը մրմնջաց.
_Դու մայր ես բոլորիս համար ու խնդրում եմ ձեռքդ միշտ մեր վրա լինի,_մի պահ լռեց ապա շարունակեց._մի քիչ խելք լցրու Ֆելոյի գլուխը։ Նա ունի մաքուր սիրտ, բայց քամիներով լի գլուխ։ Մի նեղանա նրանից…
_Իսկ սա ու՞մ համար,_մեջքին բուսավ երիտասարդը։
_Որտեղի՞ց իմացար որ մեկի համար է։
_Զգացի… Այնպես էիր աղոթում որ սիրտս մրմռաց։ Եթե ես աստված լինեի անպայման քո ցանկությունը կկատարեի։
Օրիորդը ժպտաց ու ոչինչ չասաց։
Այսպես անցնում էր ժամանակ ու Լիլիթը հասավ ավարտական կուրսին։ Քանի որ Ֆելոն գնացել էր բանակ ու ետ եկել, ապա մնացել էր երկու տարով ցածր կուրսում։ Սակայն համալսարանում ամբողջ ժամանակ համարյա միասին էին։ Ֆելոն երկու տարով փոքր էր, Լիլիթը նրա մոտ ազատ էր զգում իրեն ու միշտ էլ կրկնում որ երիտասարդը իր եղբորը հավասար սիրված է իր կողմից։ Բայց Ֆելոյի զգացմունքները հակառակ օրիորդի սպասումներին բոցավառվում էին վայրկյան առ վայրկյան։ Նրա համար կար մի աշխարհ ու այնտեղ կար միայն Լիլոն։
Ու մի չարաբաստիկ օր աշխարհը փուլ եկավ։ Այն օրը երբ Կարենը հավաքեց Լիլիթի հեռախոսահամարը։ Պարզվեց որ պետք է գյուղից դիմավորել ծանոթներին ու վերցնել ծնողների ուղարկած պահածոները։ Ա՜խ, նախնադարում ապրող մարդիկ, փչացրիք Ֆելոյի ապագան։
Երբ հեռախոսին անծանոթ համար տեսավ, Լիլիթը իսկույն մտաբերեց հարազատ գյուղը ու սիրտը կարոտով լցվեց։ Մտաբերեց անծայր դաշտը որտեղ անհոգ թռչկոտում էր ընկերների հետ ու վայելում երջանիկ մանկությունը։
_Ալո…
_Բարև ձեզ…
_Բարև…
_Ես Կարենն եմ։ Լիլի՞թ եթե չեմ շփոթվում…
_Չեք շփոթվում…
_Ձեր ծնողները ծանրոց են ուղարկել։ Ու՞ր կարող եմ բերել…
_Դուք ասեք, որտեղ եք ես կգամ կվերցնեմ։
_Ծանր են… մեքենայով եմ, կբերեմ…
_Անհարմար է։ Նեղություն եք քաշելու։
_Անհարմար չէ։ Հասցեն ասեք։
Երբ Կարենը դուրս եկավ մեքենայից, Լիլիթը զարմացավ, որովհետև այն բարեհամբույր ձայնը որ լսեց հեռախոսի մեջ պիտի ունենար նուրբ կեցվածք։ Սակայն դիմացը կանգնողը սարի տեսք ուներ։ « Երևի մի հարվածով պատ կփշրի»։ Ու նրա աչքերից վրիպեց թե ո՜նց էր նայում իրեն երիտասարդը։ Աչքերը չէր կարողանում պոկել օրիորդից։
_Ի՞նչ եղավ բալես։ Ծուղակը ընկա՞ր,_մեքենայում ծիծաղեց մայրը։
_Ո՛չ, մամա ինչ ես ասում,_ բայց Կարենը պահեց աչքերը։
Մայրը հիշեցրեց.
_Միտդ է ի՞նչ ասաց Լիլիթի տատը «Շատ չնայես թոռանս, խելքդ կտանի, կսիրահարվես, մեղք ես»։
_Լա՜վ մայրիկ։
_Իրյոք լավն է։ Բայց սիրունին տիրություն անել դժվար է։
_Գլխավորը տեսքը չի,_որդին նայեց հայելու մեջ որ տեսնի ետևը նստած մոր աչքերը_ու դա դու՛ ես ինձ սովորեցրել։
Մայրը ժպտաց։
Ու մի քանի շաբաթ անց հասկացավ որ որդին ոտով գլխով կորավ։ Ավելի մոտ ծանոթանալով Լիլիթի հետ ինքն էլ սիրեց նրան։
Ֆելոն կենդանի մեռած էր։ Լիլիթը ամբողջ օրերով պատմում էր Կարենի մասին։ Հիացմունքը չուներ չափ և սահման։ Կարենը՛… Կարենը՛… նա այսպե՛ս է, նա այնպե՛ս է… մենք այնքան բան ունենք ընդհանուր… խեղճ Ֆելիքսի աչքերը լցվում էին երբ լսում էր Լիլիթին։ Մի անգամ չհամբերեց ու ասաց.
_Դու հասկանում ես որ տանջում ես ինձ, ոչնչացնում…
Լիլիթի սիրտը մղկտաց.
_Ֆելո՜, մի խոսի'ր այդպես… ես երբեք չեմ խաբել քեզ… միշտ էլ կրկնել եմ որ չենք կարող միասին լինել։ Առաջին՝ դու…
_Երկու տարի փոքր եմ,_ կտրեց խոսքը երիտասարդը։
_Ու երկրորդ՝ մենք չունենք ընդհանուր ոչինչ։ Նույնիսկ խոսել երկար չենք կարող։ Երկու բառ ասում ենք ու երրորդից սկսվում են վեճերը։
_Լիլո, սխալ ես….
_Դու անլուրջ ես,_օրիորդը տեսավ ինչպես մարեցին այն չար կրակները, որ տարիներ առաջ տեսել էր ընկեր Ազնավուրյանի դասաժամին։ Փոշմանեց որ այսքան ժամանակ չի մերժել ու կտրականապես հեռացրել Ֆելոյին։ Հիմա ստացվում է որ մեղավոր է… բայց չէ որ միշտ էլ ասել է որ վերաբերվում է նրան ինչպես եղբորը,_ես սիրել ու սիրում եմ քո բնավորությունը, կատակներն ու մաքուր սիրտը…
_Բայց չես սիրում այն սիրով որ հարկավոր է ինձ…
Լիլիթը անկախ իրենից մղվեց առաջ ու գրկեց Ֆելոյին։
_Դու դեռ կսիրես ու կլինես երջանիկ։ Դու արժանի ես դրան։ Ես քեզ սիրում եմ ինչպես հարազատ եղբորս։
_Լիլիթ մի արա… այսպես ավելի շատ ես ցավեցնում։
Վանեց օրիորդին։
_Ֆելո՛…
_Լիլո՛…
Երիտասարդը հուզված բռնեց օրիորդի ձեռքերը։
_Աղաչում եմ, Լիլի՛թ, մի ամուսնանա նրա հետ…
_Ֆելիքս ես սիրու՛մ եմ Կարենին, իսկ ինքը՝ ի՛նձ։ Չեմ ուզում որ մեր ընկերությունը վերջանա… բայց եթե կանգնեմ ընտրության առաջ… ապա…
Պատասխանն ակնհայտ էր։ Ֆելիքսի շրթունքները դողացին, հազիվ պահեց արցունքները։ Մեջքով դարձավ դեպի օրիորդը։ Ապա նստեց մոտակա նստարանին ու բռնեց գլուխը։ Լիլիթը կանգնած էր անորոշության մեջ։ Ի՞նչ անել… հեռանա՞լ… թե մնալ… գուցե իր ներկայությանը ավելի դաժան է քան բացակայությունը։
_Արդեն ուշ է… գնա տուն… թե չէ Կարենդ կզանգի կհարցնի «ու՞ր ես», իսկ դու կասես «պուրակում Ֆելոյի հետ եմ»։ Անհարմար է, կնեղանա։
_Ֆելիքս, մի սկսի,_նստեց երիտասարդի կողքը,_ իմիջիայլոց նա քեզ էլ սիրում… շատ կապվել է քո հետ…
_Շատ մերսի,_ծաղրանքով արտասանեց Ֆելոն։ Տխուր ծիծաղեց ու ետ նստեց։ Նայեց կողքը շվարած օրիորդի տխուր դեմքին,_գնա տուն, Լիլո՛, թող ես մտածեմ։
Լիլիթը երկար նայեց նրա աչքերի մեջ։ Զգում էր որ կորցնում է ընկերոջը, մի մարդու որ վաղուց դարձել էր հարազատ։
Ու Լիլիթը գնաց։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.