Литмир - Электронная Библиотека

1912թ.-ին դպրոցը դարձյալ բացվում է: Դա քառամյա դպրոց էր, ուսուցիչը Տեր-Ղուկասյան Խաչատուրն էր Ախալքալաքի Լոմատուրցխ գյուղից:

Դպրոցը դարձյալ տեղավորված էր մեր «յազլուղում», Խաչատուրն էլ իր ընտանիքով ապրում էր մեր տանը: Տեր Մկրտիչը նախանձում էր նրան ու շարունակ գժտվում հետը, բայց նա ջանասիրաբար աշխատում է մինչև 1918թ-ը, մինչև թուրքերի հարձակումն ու մեր գյուղի գաղթը:

1935թ-ին հատուկ շենք են կառուցում, և դպրոցը կրկին բացվում է՝ առաջին անգամ ընդգրկելով գյուղի բոլոր երեխաներին: Ահա այդ շենքն է, որ ես կոչում եմ Հին դպրոց:

Նրա շինարարության համար քարը սայլերով բերում էին սարերից: Մի ձորի մեջ սայլերից մեկը շրջվում է, զոհվում է սայլապանը՝ Իգիթենց Մնոն, որին Մինո էին ասում:

Հիմա չկան ոչ դպրոցը, ոչ էլ նրա քարերը, ժամանակը կջնջի նաև նրա մասին հիշողությունները, բայց կա այն ձորը, որ կոչեցին զոհված սայլապանի անունով՝ Մինոյի ձոր: Այնտեղ տաք է ու վայրի վարդի թփեր են աճում: Գարնանը նրանք ծաղկում են, բայց շատ զգայուն են պաղ քամիների նկատմամբ, որոնք փչում են սարերից ու տանում են սպիտակ թերթերը, տանում ու ցրում են սարերում, ինչպես վերջին հիշողությունները մեր հին դպրոցի մասին:

Դպրոցի շենքն իր սպիտակ պատերով, շիֆերե սպիտակ տանիքով միակն էր գյուղում: Այն շինված էր բարձրության վրա, Վերի ժամին մոտիկ, նրա պատուհաններից երևում էր համարյա ամբողջ գյուղը:

Ըստ լուրերի, իմ Վայրո քեռին դասերի ժամանակ այդ պատուհաններից միշտ նայում էր Կուճուճայենց տան դռանը, որ տեսնի Ալթունին, որին սիրահարված էր: Ընկեր Արշակի սպառնալիքներն ու զգուշացումները, թե սովետական աշակերտը պարտավոր է միայն գրատախտակին նայել կամ էլ նրա վերևում փակցրած Ստալինի նկարին, նրան այնքան էին ձանձրացրել, որ մի օր ասել էր.

– Ընկեր Արշակ, ինչ ուզում է լինի, ես Կուճուճայենց դռանը պիտի նայեմ, համաձայն չես՝ ես գնացի,– ու այդպես էլ գնացել էր դպրոցից:

Բայց դրան հավատալը դժվար է, որովհետև դպրոցի ոչ մի պատուհանից Կուճուճայենց տունը չէր կարող երևալ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը դա հնարել էր կատակի համար, ինչպես որ բազմաթիվ այլ պատմություններ էին հնարել զվարճասեր Վայրո քեռուս մասին:

Իսկ գեղեցկուհի Ալթունը ամուսնացել էր անասնաբույժ և բանաստեղծ Ենոք Շաշիկյանի հետ ու ընդմիշտ հեռացել գյուղից, որովհետև վերջինիս հալածում էին որպես տրոցկիստի: Շաշիկյանն ամբողջ կյանքը ապրեց Աբխազիայում ու երբեք հայրենի սարերը չտեսավ, դրա համար էլ գրում էր իր երգերում.

Ջավախեթցի խեղճ Ենոքիս դարդերը ծով են:

Դպրոցը յոթնամյա էր: Կարտիկամցի Ընկեր Արշակն էր նրա տնօրենը: Նա միաժամանակ կոլխոզի կոմունիստների ղեկավարն էր: Կաշվե կարճ բաճկոն էր հագնում ու երկարաճիտ կոշիկներ: Նա զանազան օպորտունիստներ ու տրոցկիստներ էր որսում կոլխոզում, դաշնակների դեմ էր պայքարում, մտրակը ձեռքին մասնակցում էր խռովարարների ծեծին գրասենյակում և նույն մտրակով դպրոց էր մտնում՝ ահ ու սարսափ տարածելով շուրջը:

Սկզբում մեր ուսուցիչները եկվորներ էին տարբեր գյուղերից, առավելապես Գանձայից: Հետո եկան առաջին ուսուցիչները մեր գյուղից, որոնք այստեղ-այնտեղ միջնակարգ կրթություն ստանալով, սովորել էին Թիֆլիսում, Բաքվում կամ Երևանում: Այդ առաջիններից էր Ալվանջյան Վաչագանը, որը մաթեմատիկա էր դասավանդում, բայց շատ շուտով հիվանդացավ ու մահացավ:

Դպրոցը փոխեց մեր կյանքը և առաջին հերթին՝ մեր լեզուն: Մեր խոսվածքը մաքրվեց բազմաթիվ օտար բառերից: Դա կատարվում էր մեր աչքի առաջ այնպես արագ ու ակնհայտորեն, ինչպես այն տարիներին փոխվում էր կյանքը: Կային նաև մեր հարևան գյուղերի օրինակները. թուրքախոս Ասփարան դպրոցի շնորհիվ հայացավ: Նրանց առաջին ուսուցիչը մեր համագյուղացի Քլոյան Համբարձումն էր, որ Գանձայի դպրոցի շրջանավարտներից էր, իսկ Խուլգումոն այդպես էլ մնաց օտարախոս, որովհետև հայկական դպրոց չունեցավ:

Մեր գյուղացիները միշտ հպարտանում էին, որ իրենց լեզուն մոտիկ է գրական հայերենին՝ ի տարբերություն Կարնո բարբառով խոսող մյուս գյուղերի, որոնց համար մշտական հոգս էր բաղաձայնների արտասանության ու գրության անհաղթահարելի խնդիրը, մասնավորապես ձայնեղների խլացումն ու խուլերի ձայնեղացումը: Մենք նման խնդիր չունենք:

Ամեն տարի օգոստոսին դպրոցը նորոգում էին: Նստարանները հանում էին դուրս ու բուրգերի պես շարում իրար վրա, դպրոցի կալի մեջ, դա նշանակում էր, որ ամառը վերջացավ:

Դպրոցը նորոգում էին հավաքարարուհիները, որոնք երբեք չէին փոխվում և ծերանում էին նրա հետ: Իսկ նորոգումն այն էր, որ հատակի լայն, չներկած տախտակները լվանում էին նավթով, պատերը սպիտակեցնում էին կրով ու ներկում յուղաներկով, և դպրոցը բուրում էր…

Ուսումնական տարին սկսում էր Կալիպսե Ներսիսյանը. դեռ սեպտեմբերի մեկը չեկած անցնում էր տնից տուն ու հավաքագրում առաջին դասարանի աշակերտներին: Երբ գյուղը փոքր էր, դա հեշտ էր՝ մեկ դասարան, մեկ ուսուցչուհի, բայց երբ գյուղը մեծացավ և դպրոցն ունենում եր երկու, երեք, անգամ չորս առաջին դասարան, տարաձայնություններ էին առաջանում ուսուցչուհիների մեջ երեխաներին բաժանելիս, բոլորն ուզում էին լավ աշակերտներ ունենալ: Ներսիսյանը գիտեր բոլորի ծագումնաբանությունը, քանի որ գրաճանաչություն էր սովորեցրել նրանց ծնողներին, պապերին ու տատերին, ուստի անսխալ ջոկում էր լավերին: Ճիշտ է, երբեմն գենետիկական շեղումներ լինում էին, որ հիասթափեցնում էին նրան:

Մի անգամ ընկեր Արեգը այդ պատճառով վիճում էր նրա հետ դպրոցի դռանը: Շախովենց Լևոնը, իմանալով աղմուկի պատճառը, ասել էր.

– Էլ ինչու՞ եք վիճում, քաշով կիսեք, չաղերը ջոկ, լղարները ջոկ:

Սեպտեմբերի մեկին բոլորը հավաքվում էին դրսում, դպրոցի կալի մեջ: Դպրոցի դռան երկու կողմերին կախում էին կարմիր կտորների վրա սպիտակ, մեծ-մեծ տառերով գրված լոզունգներ, որոնք մատաղ սերնդին կոչ էին անում պայքարել հանուն բարձր առաջադիմության և անշեղորեն կատարել կուսակցության այսինչերորդ համագումարի որոշումները:

Երբ փոքր էի, կարդում էի այդ լոզունգներն ու ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե դպրոցում լավ սովորելով ու՞մ դեմ և ինչու՞ պիտի պայքարենք:

Լենինի մեծ դիմանկարը կախում էին դռան վերևում հատուկ այդ       նպատակով խփված մեծ մեխից: Դուրս էր գալիս տնօրենը, կանգնում էր մուտքի աստիճանների վրա ու ճառ էր ասում: Ապա դուրս էին բերում փոքրիկ պղնձե զանգակը, որը ծլնգում էր ծիծեռնակի պես:

Սկսվում էին դասերը:

Այդ զանգը Ջարդուփուրթենց Ավագն էր նվիրել դպրոցին Կախեթ քոչելուց առաջ: Նա թողել էր իր սպիտակ ձիերն ու սայլը, «պասաժիրսկի» սահնակը, որով կոլխոզի նախագահին էր տանում-բերում շրջկենտրոն ու գնացել էր:

Շատ բան էր տեսել այդ զանգը, նրա կանչով դպրոց էին գնացել ու հրաժեշտ էին տվել դպրոցին մեր գյուղի մի քանի սերունդներ: Նրա փեշը մի քիչ կոտրվել էր, լեզվակը վաղուց կորել էր ու փոխարինվել երկաթալարով կապված մի պտուտակով, բայց շարունակում էր զվարթ ծլնգալ, մինչև ընդմիշտ լռեց, երբ հին դպրոցը քանդեցին:

Ահա տեսնում եմ արևով ողողված մեր ուսուցչանոցը՝ միջանցքի ձախ կողմի երկրորդ սենյակը: Բայց լռության մեջ միայն պատի հին ժամացույցն է թակում տրտմությամբ: Ինչու՞ է այդպես լուռ և ու՞ր են բոլորը:

Մի հին, ծանր գրասեղան կանաչ մահուդե փռոցով տնօրենի համար զբաղեցնում էր իր մշտական տեղը ուսուցչանոցի անկյունում: Նրա դիմաց դրված էր դեռևս ընկեր Արշակի ժամանակներից մնացած մի երկար սեղան նույնպես կանաչ փռոցով: Այն ծածկված էր թանաքի անթիվ բծերով: Պահարանները, ծորակով մեծ ջրամանն ու թիթեղյա բաժակն անկյունում, Լենինի դիմանկարը, մատենակալն ու պատի ժամացույցը նույնպես իրենց մշտական տեղերում:

Ամեն ինչ այնտեղ այնպես հին ու անփոփոխ էր, որ թվում էր, թե ոչինչ չի կարող խախտել իրերի հավիտենական անշարժությունը: Ինչե՜ր կպատմեին նրանք, եթե լեզու առնեին դասաբաշխումների, ժողովների, վառարանի շուրջը տեղի ունեցող ձմեռային խաղաղ զրույցների, վեճերի, դավերի ու խարդավանքների, սիրո խոստովանությունների մասին…

Իրերը չէին փոխվում, փոխվում էին մարդիկ: Գալիս ու գնում էին ուսուցիչները ծեր ու երիտասարդ, փորձառու կամ անփորձ, մեր գյուղից կամ եկվորներ տարբեր տեղերից, վրացիներ ու հույներ Ծալկայից, որոնք ռուսերեն էին պարապում: Գնում էին նրանք, որ տարիներ անց կարոտով հիշեն ու ցանկալով ցանկան այն ամենը, ինչ մի ժամանակ այնպես նզովում էին՝ աշակերտների չարությունները, գյուղի քարքարոտ փողոցներն ու բաց շները, գարնան ցեխն ու ջուրը, ձմեռվա ծնկահար ձյունն ու անվերջանալի բուքը:

Տարիների հեռվից հիշում եմ նրանց բոլորին իրենց բնավորությամբ ու սովորություններով: Հնարավոր չէ պատմել ամեն ինչ, նրանցից միայն մի քանիսի մասին կփորձեմ որոշ բաներ գրել այստեղ:

● Ամենից առաջ ուզում եմ գրել հայոց լեզվի և գրականության իմ ուսուցչի՝ Կոլյա Հակոբյանի մասին, սակայն իմ ծեր սիրտը դողում է հուզմունքից, ինչպես այն ժամանակ, երբ կիսախավար միջանցքում ուսուցչանոցի դռան մոտ նրան էի հանձնում իմ առաջին ու մինչև օրս միակ բանաստեղծությունը, որ նվիրել էի իրեն: Դա շատ տարիներ առաջ էր, ես սովորում էի կարծեմ վեցերորդ դասարանում:

13
{"b":"616032","o":1}