Իմ սրտին մոտիկ էր Վահան Տերյանը ժամանակի իր ընկալմամբ: Ինձ թվում էր, թե դա իմ գյուտն է, իմ գաղտնիքը, որովհետև այդ մասին ոչ մի տեղ գրված չէր: Գրում էին նրա հոռետեսության, հեղափոխական ոգևորության ու վերադարձի մասին, իսկ ժամանակը մոռանում կամ անտեսում էին:
Տերյանի մոտ, ինչպես ասում են, մինորն ու մաժորը, լույսն ու խավարը հաջորդում են իրար, նա ինչպես որ հոռետես է, այնպես էլ լավատես, ինչքան որ հուսահատ է, այնքան էլ ոգևորվող ու լուսավոր: Նույնն էլ ժամանակը, նա կարծես թե խույս է տալիս ժամանակի մասին հոգեմաշ մտքերից, նրա համար գոյություն ունի մի հատուկ ժամանակ, ուր միախառնված են ներկան, անցյալն ու ապագան:
Ահա մի քանի տող նրա տարբեր բանաստեղծություններից.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում անցյալն ու ներկան իրար է խառնում, ինձ համար չկա ժամ ու ժամանակ, ապագա և անցյալ և ներկա խառնվել են իրար, ինձ համար չկա այսօր ու երեկ, ու թվաց հանկարծ, որ չկան, չկան անցյալն, ապագան, օրորում է անուշ մի թախիծ և գալիք, և ներկա, և անցյալ…
Տերյանական այդ ժամանակն անշարժ է, անսկիզբ ու անվախճան, նա չի հոսում, չի հեռանում ու կորչում: Դա հավերժական խաղաղության ու երանության մի ներկա է, որպիսին երազում էի ես.
Չեմ ուզում ոչ անցյալը հիշել,
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր
Ու սիրտս չի տենչում արշալույս…
Երբ առաջին անգամ կարդացի Ավետիք Իսահակյանի «Հիշատակարան»-ը և այնտեղ այսպիսի գրառում գտա, զարմացա.
– Անցյալի օրագրությունն այժմ չեմ կարող գրել, քանի որ հենց ամեն մի տառը գրելիս ներկան դառնում է անդարձ անցյալ…
Ճիշտ և ճիշտ իմ մտքերը բայի ժամանակը բացատրելիս: Կարդում ու թեթևանում էի, նշանակում է միայն ես չեմ տառապում ժամանակի այդ հիվանդությամբ:
Մեծ բանաստեղծը, որ կյանքի, մահվան ու ժամանակի գաղտնիքները հասկանալու համար կրոններ, փիլիսոփայություններ էր ուսումնասիրել, կյանքի մայրամուտին ցավով հասկացավ, որ պատասխան չկա իրեն տանջող հարցերին և ուզում էր հեռանալ, փախչել ժամանակից…
Եթե հնար լիներ փախչելու… Կարելի է խուսափել բարձրությունից, ցածրությունից, լույսից ու խավարից, փախչել, ազատվել ջրհեղեղից, երկրաշարժից, անգամ մարդուց… Իսկ ու՞ր փախչես ժամանակից:
Մենք ժամանակի գերին ենք: Յուրաքանչյուր վայրկյան ներկան անցյալ է դառնում, և մենք ներկայի մեջ մնալ չենք կարողանում, փախչում ենք դեպի անցյալ կամ ապագան ենք տենչում: Երազում ենք այն, ինչը գալու է անխուսափելի կերպով, անխուսափելին ենք տենչում… Ներկան կոխկրտում ենք անարժեք ավազի պես, տրորում ենք ու անցնում, իսկ հետո ավազի ամեն մի հատիկը դառնում է մի գանձ, որ գին չունի…
Ահա այսպես, մանկությունից մինչև հիմա ինձ հանգիստ չեն տալիս ժամանակի մասին մտքերը, ինչպես Իոսիֆ Բրոդսկին է գրել, թվում է, թե ես ժամանակի մասին մտածել եմ ավելի շատ, քան նա, ով ստեղծել է ժամանակը…
* * *
Քանի մոտենում եմ վերջին, այնքան ավելի հաճախ եմ մտքով վերադառնում դեպի սկիզբը, որտեղից եկել ենք բոլորս՝ դեպի մանկություն, երևակայությամբ վերականգնում եմ անցքեր, պատկերներ և այնքան հաճախ ու այնպես ինքնամոռաց կերպով, որ երբեմն շփոթում եմ՝ ինքս տեսե՞լ եմ այդ բաները, թե՞ մերոնք են պատմել:
Ահա տեսնում եմ իմ վաղ մանկության կարմիր օրերից մի օր: Կարմիր են թվում անցյալի օրերը, մեկ էլ ապագան է կարմիր թվում, երբ հավատում են նրան:
Խորունկ ձմեռ էր, ձյունառատ ու խիստ: Մենք հավաքվել էինք թոնրի շուրջը: Մայրս հացի այրված կուտերը լցրել էր ուռենու ճյուղերից հյուսած սկուտեղի մեջ ու դրել մեր առջև, որ ուտենք:
Խորունկ ու դժվար ձմեռ էր, պատերազմը նոր էր վերջացել, այդ սևացած կուտերից բացի մեր տանը էլ բան չկար ուտելու:
Կոլխոզը մեր փոքր գոմը պահեստ էր դարձրել, կարտոֆիլ էր լցրել: Գոմի դուռը կնքել էին: Գոմը լիքը կարտոֆիլ էր, իսկ մեր մեծ ընտանիքը սոված էր: Հայրս ու եղբայրներս լուռ նստած նույն բանն էին մտմտում՝ ի՞նչ կլինի, եթե կարտոֆիլը հանեն: Այդպես լռությամբ էլ միևնույն որոշումը կայացրին՝ ուրիշ ելք չկա: Այնուհետև հայրս շաբաթը մի անգամ քրոջս՝ Նազերին, պարանով երդիկից իջեցնում էր գոմը, քանի որ նա փոքրամարմին ու թեթև էր, իսկ նա դռան շեմքի տակից կարտոֆիլները գլորում էր դուրս: Դա փրկություն էր, մեզ այլևս սով չէր սպառնում:
Պահեստապետը Առաքելենց Աղասիմն էր: Նա կռահել էր, թե ինչ է կատարվում իր պահեստում, բայց բան չէր ասել, միայն հորս զգուշացրել էր, թե ռևկոմի նախագահը երկու-երեք օր հետո ստուգման պիտի գա, երդիկը պիտի փակի ու նույնպես կնքի:
Երկու օրվա Նազերը այնքան կարտոֆիլ դուրս տվեց, որ մեզ բավական էր մինչև գարուն:
– Աստված մարդուն չի կորցնի,– ասաց հայրս դռները փակելով:
– Բայց մեզ Աղասիմ քեռին փրկեց,– առարկեց ինչ-որ մեկը:
– Այո՛, իսկ նրան դրդեց Աստված…
Մեր ավագ եղբայր Համբոն հիվանդ պառկած էր մի անկյունում, իսկ Գևորգը գնում-գալիս էր գոմի երկայնքով ու ոգևորված արտասանում էր.
Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստոմ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին…
Նա այդ բանաստեղծությունը երկու օր հետո պիտի արտասաներ Ստալինի ծննդյան օրվան նվիրված համերգին և լարված պատրաստվում էր: Երբ հասնում էր «ո՛վ Պողպատե Առաջնորդ»-ին, ձայնը բարձրացնում և ձեռքը թափով վեր էր պարզում, այդպես էր սովորեցրել ուսուցիչը, իսկ երբ պիտի ասեր՝ քեզ արևը պիտի լինի հաղթանակի շքանշան, երկու ձեռքն էր պարզում:
Համբոն չարացած էր և ամենից առաջ հենց Պողպատե Առաջնորդի դեմ, որովհետև նրան էր համարում վերջերս իրեն բաժին ընկած ձախորդությունների պատճառը: Նրան բռնի ֆեզո էին տարել Վալե քաղաքը, որտեղ հիվանդացել էր դողէրոցքով: Այնտեղից մի ընկերոջ հետ փախել էր և մի քանի օր ճանապարհին տանջվելուց ու զանազան արկածներից հետո գյուղ էր հասել: Թվում էր, թե ձախորդությունները վերջացան, բայց այդպես չէր: Աբուլի կոլխոզի հովիվները այդ ձմեռ խոտի պակասության պատճառով ոչխար էին պահում մեր հարևան Սմբատենց գոմում և շատ շուն ունեին: Երբ Համբոն հասել էր մեր տանը, շները հարձակվել էին նրա վրա ու քիչ էր մնացել քրքրեին: Մարդիկ հասել ազատել էին, բայց նա բազմաթիվ վերքեր էր ստացել և հիվանդ ու չարացած պառկած էր, ուստի Գևորգից պահանջեց լռել:
Հայրս հավանություն տվեց դրան, Գևորգին ուղարկեց ստուգելու, թե բոլոր դռները փա՞կ են և սկսեց հայհոյել բանաստեղծությունը գրողին էլ, Առաջնորդին էլ:
Այդ վտանգավոր տարիներին նա իրեն շատ զգույշ էր պահում, բայց երբ համոզված էր լինում, որ դռները փակ են, հայհոյում էր բոլշևիկներին: Նա այն կարծիքին էր, որ նրանք շեղվել են Լենինի ծրագրից, կոլխոզները ուրիշ տեսակ պիտի լինեին, հողն ու անասունները միանգամից չպիտի խլեին գյուղացուց:
– Տրոցկին էր մարդ, սրանք ի՞նչ են,– ասում էր նա:
Համբոն դպրոցում լավ էր սովորում, յոթնամյակն ավարտելուց հետո հայրս մտադիր էր նրան Գանձա ուղարկել ուսումը շարունակելու, ֆեզոն խանգարեց: Ֆեզո կոչվածները ֆաբրիկա-գործարանային ուսումնարաններ էին, որտեղ արհեստներ էին սովորեցնում կոմունիզմի ապագա շինարարներին: Բոլորը փախչում էին, ոչ ոք չէր ուզում գնալ, դրա համար էլ բռնի էին տանում: Տասներկու-տասներեք տարեկան երեխաներին դպրոցից հանում, տանում էին օտար քաղաքներ և շատ խիստ պայմաններում պահում էին ամիսներով: Բռնի էին տանում, բայց ասում էին կամավոր է:
Մինչդեռ նույնիսկ երգելը կամավոր չէր:
Դպրոցում սոված, մրսած երեխաները երգեր էին երգում ոչ միայն Լենինի ու Ստալինի, պարտիայի ու հզոր բանակի մասին, այլև ընկեր Թելմանի ու ընկեր Դիմիտրովի, Իսպանիայի անվախ կոմունիստների մասին, բայց ամենից շատ՝ ինչ-որ երջանիկ ապագայի մասին, որին բոլորը պարտավոր էին հավատալ:
Իմ քույրերը, հատկապես Մաքոն, դպրոցի երգչախմբի զարդն էին, բայց նրանց երգեցիկ էությունը այդ երգերով չէր բավարարվում, տանը անվերջ գեղգեղում ու երգում էին «Աման, Թելլո»-ն, «Քելե, Սաթո»-ն և «Ալմաստը շողում է»:
Կամավոր բան չկար, բռնի աշխատանքի էին քշում, մթերք էին հավաքում, ընտրությունների էին տանում ու դարձյալ անունը դնում էին կամավոր:
Պատմում էին, թե մի անգամ գյուղացիներից մեկը Ստեփան քեռուս խնդրել էր, որ դատարանում վկայություն տա, թե այսինչը քարով խփել, սատկեցրել է իր հորթին: Քեռիս համաձայնվել էր, միայն ասել էր, որ ճաշարան տանի, մի աման բորշ ուտեցնի: Բորշը ուտելուց հետո գնացել էին դատարան: Դատավորը քեռուս հարցրել էր՝ կամավո՞ր է եկել, թե՞ ստիպել կամ համոզել են:
– Հընգեր դատավոր, հիմի կամավոր բան կա՞: Էն օրը մեզնից քսան հավկիթ տարան, մեկ էլ երկու կիլո բուրդ, կամավո՞ր տվի կամ պապդ կամավո՞ր մտավ կոլխոզ: Էս մարդը մի պորցի բորշ հյուրասիրեց, ասաց՝ արի, ես էլ եկա, թե չէ՝ ի՞նչ հորթ, ի՞նչ բան, տեղեկություն չունեմ:
Դատարանից դուրս գալուց հետո, երբ հորթի տերը դժգոհել էր, քեռիս ասել էր.