Литмир - Электронная Библиотека

1976թ. բացվեց Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգոբլոկը: Թուրքիայում առաջին ատոմակայանը դեռ կառուցման ընթացքում է:

Մագլեվ (անգլ. magnetic levitation) կամ մագնիտոպլան` գնացք մագնիսային բարձի վրա, տրանսպորտային միջոց, որը բարձրանում է իր ուղուց և շարժվում է առաջ մագնիսային դաշտի միջոցով: Չկա շփում ռելսի հետ, և գնացքը կարող է շարժվել ինքնաթիռի արագությամբ, ի դեպ համարյա անձայն: Աշխարհում մագլեվի առաջին փորձնական գծերը կառուցվել են Գերմանիայում/Էմսլանդում` 1980թ. և Բեռլինում` 1984թ./, իսկ Մեծ Բրիտանիայում 1984թ.: Բայց դրանք ցուցադրական, փորձնական նմուշներ էին: 1987թ. Հայաստանում սկսվեց Երևան-Աբովյան-Սևան մագլեվի կառուցումը, որը պետք է ավարտվեր 1991թ.: Դա լինելու էր առաջին` որպես ռեալ տրանսպորտային միջոց գործող մագլեվը աշխարհում և որը պետք է 5-7 րոպեում ուղևորներին հասցներ Երևանից Աբովյան քաղաք և 15-20 րոպեում Երևանից` Սևան: Գնացքը, որը պետք է աշխատեր հայկական ուղու վրա, մինչ այժմ գտնվում է Ռուսաստնի Ռամենսկոյե քաղաքի գործարանում: Հայաստանի համար նախատեսված մագլեվը նկարահանված է “Ռոբոտների հետ չեն կատակում” ֆանտաստիկ ֆիլմում ("С роботами не шутят"):

Այժմ մագլեվներ կան` Չինաստանում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Նրանցից ամենաերկար ուղին 43 կիլոմետր է: Փաստորեն այսօր էլ հայկական մագլեվի ուղու երկարությունը գերազանցելու էր բոլորին:

1987թ. Պարիս Հերունու մտահաղացումով և նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվել է աշխարհի առաջին/54մ. տրամագծով/ ռադիո-օպտիկական աստղադիտակը:

Հայաստանը 1950-1990 թթ. աշխարհի մի քանի կենտրոններից մեկն էր (Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտում), որտեղ նախագծվում և պատրաստվում էին հաշվիչ մեքենաներ(համակարգիչներ):

Այսօր այդ ամենը անհավատալի, գրեթե ֆանտաստիկ է թվում: Իհարկե կային բազմաթիվ պրոբլեմներ, որոնք ստեղծում էր հենց ինքը` համակարգը, և մենք նայում էինք այդ չլուծված պրոբլեմներին և ձգտում անկախանալ և անկախության ներքո ինքնուրույն լուծել մեզ հուզող և մեզ համար կարևոր այդ պրոբլեմները: Բայց արդյունքում Հայաստանը հասավ այնպիսի վիճակի, որ այստեղից փախնում են: Անկախությունը դարձավ անկախություն միայն որոշ անձանց և որոշ խավերի համար: Մյուսների համար այն մնաց որչպես մի վիրտուալ արժեք` տիրող թշվառության մեջ:

Մեզ պետք է ճշմարիտ և սառը նայել իրականությանը: Մենք պետք է տեսնենք ամբողջությամբ այդ իրականությունը, որ կարողանանք ճիշտ քայլեր կատարել: Կյանքը ցույց է տալիս, որ մեր ազգի ամենամեծ թշնամին հենց մենք ենք` մեր բնավորությունով, մեր մոտեցումներով:

Այսօր մեր երկրում ամեն ինչ ոտքից գլուխ է դրված: Մենք ունենք բացառապես առժեքազրկված փիլիսոփայություն և մտածելակերպ: Մեր իշխանական համակարգը(այլ ոչ թե այս կամ այն անձը կառավարությունում) մի թուրիմացություն է, որը թույլ չի տա ոչ մի տնտեսական աճ, ոչ մի առողջ մտքի զարգացում: Նա ինքն իրենով վտանգ է ներկայացնում: Որոշ ժամանակ հետո, երբ մենք հայտնվենք մի նոր ռեժիմի լծի տակ, մենք մեզ հարց ենք տալու Իսահակյանի “Աբու-Լալա Մահարի”-ի խոսքերով`

Ապիկա°ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ,

ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,

Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք

իշխել, խողխողել իր նմաններին:

Բայց շատ բաներ ոտքից գլուխ են դրած ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այն պետություններն որոնց մենք համարում ենք քաղաքակիրթ` փորձելով ընդօրինակել նրանց կառավարման ձևերը, նրանց կենցաղը ու բարքերը, իրենք են գտնվում խորին ճգնաժամում և շատ հարցերում արդեն գնում են մարման: Ինչի՞ մասին են խոսում տխրահռչակ Ջորջ Սորոսի անգամ գրքերի վերնագրերը` “Եվրամիության ողբերգությունը” (“The Tragedy of the European Union”) կամ “Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը” (“The Crisis of Global Capitalism”): Ի՞նչ են վկայում ԱՄՆ-ում, Եվրոպայի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ ամենը խորին ճգնաժամ է: Եվ դա դեռ սկիզբն է: Իդեալ թվացող համակարգերը մեր աչքի առաջ փլուզվում են: Իսկ մենք ուզում ենք ընդօրինակվել նրանց: Նրանք չեն քանդվել մինչ այսօր միայն այն պատճառով, որ նրանց հզոր տնտեսությունները ճկռելով դեռ դիմանում են:

Մեծամասամբ, նրանց անժխտելի թվացող կառավարման համակարգերի մոդելը ստեղծվել է դեռ Հին Հունաստանում: Այն ներկայացվում է որպես դեմոկրատիայի գագաթնակետ: Եվ դա իրոք այդպես էր 2,5 հազար տարի առաջ: Դա այդպես էր նաև ԱՄՆ-ի սահմանադրությունը ընդունելիս, նաև Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Բայց վերջին 100 տարում կյանքը լիովին փոխվել է: Ավելին, հիմա5 տարվա ընթացքում ավելի մեծ փոփոխություններ են տեղի ունենում քան Հին Հունաստանում` 200 տարում: Այն ժամանակ կյանքի և տնտեսության զարգացումը շատ միապաղաղ էր և տնտեսության երկարաժամկետ պլանավորման անհրաժեշտություն չկար մեջ: Ամեն ինչ շատ պարզ էր: Ընտրությունները կատարվում էին քաղաքներում, որտեղ բոլորը իրար ճանաչում էին: Ընտրությունները անցնում էին հրապարակում(ագորայում) այնպիսի ձևով, որ կեղծել գրեթե հնարավոր չէր: Չկար ինֆորմացիայի դիկտատ, որով ազդում են մարդկանց ուղեղների վրա:

Բայց այսօրվա խնդիրները և հնարավորությունները ուրիշ են: Աչքի առաջ ունենալով կառավարման համակարգերի տարբեր ձևեր, տեսնելով նրանց առավելությունները և թերությունները` մենք կարող ենք մեր պայմաններից ելնելով, մտովին պատկերացնել և նախագծել մի նոր կառավարման համակարգ և մոդելավորել այն:

Հիշենք, որ Հին Հռոմի Հանրապետությունում, որը լավ գիտեր ինչ է պատերազմը և ինչ է ճգնաժամը, որի լինել կամ չլինելը շատ անգամ մազից էր կախված, ընդունված էր օրենք, համաձայն որի` պատերազմների, ճգնաժամերի ժամանակ երկրի ղեկավարը (կոնսուլը) կես տարով ստանում էր դիկտատորի լիազորություններ: Այսինքն հին հռոմեացիները լավ հասկանում էին, որ երկրի համար դժվար պահերին ժողովրդավարության համակարգը այդքան էլ գործունյա և արդյունավետ չէ, անգամ կարող է խոչընդոտ լինել, իսկ երբեմն վտանգ ներկայացնել պետության գոյությանը: Մեզ պետք է ստեղծել այնպիսի կառավարման համակարգ, որը ելնելով երկրի վիճակից կարողանա շատ ճկուն, անցնցում փոփոխվել` պահպանելով ժողովրդավարության սկզբունքը:

Մեզ մոտ ընթացող ճգնաժամերը և պատերազմական իրավիճակում Հայաստանում ընթացող պրոցեսները պետք է ժողովրդավարության սկզբունքը չխախտելով հմուտ կառավարվեն պետության կողմից և անշուշտ պետք է մեծ լինի պետական գործոնը, ամեն ինչում պետք է լինի պետական մոտեցում. այսինքն, գերիշխողը պետք է լինի ընդհանուր հասարակական շահը. այդ դեպքում կշահի ամեն ոք, իսկ այլ պարագայում կտուժեն բոլորը:

Եվս մեկ անգամ շեշտենք` այն դժվարին աշխարհագրական իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, միայն ժողովրդավարության սկզբունքով աշխատող պետական կառավարման համակարգը ի սկզբանե դատապարտված է պարտության:

Այս ամենի համար ի՞նչ է պետք փոխել և անել.

I. ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր պետական համակարգը ստեղծված է եղել ո°չ թե զարգացման, ո°չ թե ժողովրդավարության ընդլայնման, այլ միայն մի նպատակով` պահպանել կառավարող ռեժիմը:

Անհապաղ անհրաժեշտություն է փոխել առկա կառավարման համակարգը և դրա հետ միասին փոխել նաև սահմանադրությունը:

Ինչպիսի՞ն կարող է լինել նոր կառավարման համակարգը: Մենք անընդմեջ ընդօրինակում ենք եղած արևմտյան մոդելները: Մենք հիացմունքով խոսում ենք քաղաքակիրթ երկրների մասին և կուրորեն փորձում ենք ընդօրինակել նրանց ապրելաձևը, նրանց բարքերը, նրանց երկրների կառուցվածքը: Սակայն այդ երկրների վիճակը շատ ժամանակ ո°չ թե հետևանք է նրանց քաղաքական համակարգերի, այլ հետևանք է նրանց ընդհանուր ապրելաոճի: Նրանց քաղաքական համակարգերը համապատասխանել են նրանց երկրի էությանը, զարգացմանը, կուլտուրային: Ընդօրինակելով նրանց համակարգը, մենք դրանով չենք փոխվում, չենք դառնում իրենց նման:

Մեր առջև կա տարբեր պետական համակարգերի համաշխարհային փորձ, կա մեր եղած իրականությունը, որը տարբերակում է մեզ բոլոր այլ երկրներից: Եկեք համարձակություն ունենանք կերտելու մեր պետական կառավարման համակարգը, որը կարող է և նման չլինել ոչ մի այլ պետության կառավարման համակարգի:

Ես ներկայացնում եմ մի տարբերակ, որը թույլ կտա ողջ Հայաստանի ժողովրդին և ամբողջ աշխարհով սփռված հայությանը մասնակցել երկրի կառուցման և զարգացման աշխատանքին: Միաժամանակ իշխանության բոլոր ճյուղերը (օրենսդիր, գործադիր և դատական) կունենան սահմանագծեր, որոնք անգամ ցանկության դեպքում նրանք չեն կարող հատել և չարաշահել իրենց իշխանությունը: Դա կլինի նոր տիպի պետական կառավարման մոդել:

Այժմ մենք կկարողանանք ողջ աշխարհի համար դառնալ հետաքրքիր տարբերակ, թե ինչպիսին կարող է լինել իշխանության կառուցվածքը 21-րդ դարում: Այս կառավարման ձևը ընդունելուց հետո Հայաստանը նույն օրը իր կառավարման համակարգով դառնում է ամենաառաջատար երկիրը աշխարհում:

2
{"b":"875637","o":1}