–Յա…– ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։
–Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։
–Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու,– հանկարծակի հարցնում է ծերունին
Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։
Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։
–Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր ութ թվին։ Հմի երևի Բաքուն շատ ա փոխվել… Էյ գիդի հա… Որ Բաքու աշխատում էի, մի ղարաբաղ– ցու թատրոնում մեր Անուշին շանց տվին։ Որ տեհա, լացս եկավ։ Դե գեղացիս ա, բեմ ելած խալխին հավասար լացացնում ա… գեղի կարոտը, հողի կարոտը առա… Օհանեսը ասում էր, որ Թիֆլիսից Դսեղ եմ գալի, ամեն անգամ, գիշեր ըլի, թե ցերեկ, որ պոեզդը մտնում ա Լոռվա ձորերը, ծմակներից փչող օդը խուտուտ ա տալի, լցնում թոքերս, զարթնեցնում։ Վեր թռչելով նա ասում էր. ''Օրհնվես, հող…''։ Էդպիսի բան ա հողը…
Արմենուհին մարդ է ուղարկում, որ մի երկու ուրիշ ծերունիների էլ կանչեն։ Ասես նրա կանչելուն էին սպասում, քիչ անց գայթելով գալիս են նրանք, բարև են տալիս ու նստում իրար կողքի։
– Սարգիս բիձա, Թումանյանից մի բան պատմիր, ընկերները լսեն,– ասում է Արմենուհին,– ո՞նց մարդ էր։
–Շատ լավ մարդ էր։ Ոնց որ էսօր, հիշում եմ։ Աչքիս առաջն ա։ Եկավ, մազերս խառնեց, մոմպաս տվեց, հետո հորս հետ գնացին Բորչալու՝ ժողովի։ Բա ո՞նց չեմ հիշում։
Նրանք նստել էին սալ քարերին, կողք-կողքի, նայում էին մեզ ու չիբուխ էին քաշում։ Ես նայում էի նրանց ու մտածում էի, որ ոչինչ չի փոխվել։ Սա Թումանյանի աշխարհն է, ինձ թվում էր նույնիսկ, թե ինչ որ տեղ ես տեսել եմ նրանց, խոսել հետները, որ ահա այս մեկը գյուղացի Համբոն է, մյուսը՝ ''Հառաչանքի''-ի ծերունին, երրորդը անպայման Սուտլիկ որսկանն է, չորրորդը՝ Գաբո բիձան, և որ նրանք բոլորը միասին Կիրակոսին քարաբաղնիս սարքեցին, ու երբ արդեն մեռել էր Կիրակոսը, ''կտերը, արևումը նստոտած, նրանք պատմում էին, թե քանի-քանի հոգի է խեղդվել քարաբաղնիսից…''։ Ու չիբուխ էին քաշում, ինչպես հիմա։
–Որ գեղ գար, կհետաքրքրվեր մարդկանց ապրուստով, երեխաներին կամփետ կտար, հանաք բան կաներ բոլորի հետ, ծերերին կնստեցներ, պատմություն անել կտար, ինքը կգրեր։ Էդպես էր։
–Դու ի՞նչ կասես, քեռի Եզեկ։
Ծերունին ծխամորճը հանում է բերանից, մի պահ մտածում։
''– Է՜… է՜…է, կրակ էինք անում, շուրջը նստոտում, մինչև կես գիշեր զրույց անում, հեքիաթ ասում, որը չիբուխն էր զոռ տալիս, որը քնում էր… քեռի Եզեկն էլ շվի էր ածում…''։
– Ի՞նչ ասեմ… Օհանեսի հետ էնքան ենք ընկերություն արել։
Օհաննեսը, երբ մաքուր մարդկանց մասին էր խոսում, միշտ ասում էր. պախրան էն տեսակ զուլալ, անարատ կենդանի ա, որ երբ քարափներից իջնում է ձորը և ջրավազանը պղտորված ա տեսնում, պինչ չի կպցնում, ջրի մոտ նստում, էնքան սպասում ա, մինչև ջուրը զուլալվում ա ու նոր խմում ա էդ ջրիցը։ Մաքուր մարդս, կասեր Օհաննեսը, միշտ էլ մաքուր տեղից ջուր կխմի։ Պախրի պես մաքուր մարդ էր Օհաննեսը… Էնքան եմ շվի ածել իրա համար… շատ էր սիրում…
Պատմում են ծերունիները, և դու տեսնում ես, որ Թումանյանը նրանց համար կենդանի մարդ է, նստում-վեր են կենում՝ նրանից են խոսում, նրանից մեջբերումներ են անում, Թումանյանն այստեղ երեխանների հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ։
Տասներեք տարեկան է եղել, որ հայրը նրան տարել է Թիֆլիս։
Թումանյանի մայրը, քույրերը, եղբայրներն ու մոտիկ հարևանները մինչև Ձաղի ձորը գնացել են, ճանապարհել նրան։ Մայրը, տղային հրաժեշտ տալուց հետո, տուն է եկել ու լաց լինելով ասել է. ''Տղիս տարան''։ Նա չէր ուզում, որ իր ''քյորփա էրեխեն են անիրավ աշխարհն'' ընկնի։ Թումանյանն իր ուղևորության մասին հետագայում գրում է ''Գիքորում''. ''Մի խաղաղ առավոտ էր, մի տխուր առավոտ։ Տանեցիք ու հարևանները եկան մինչև գյուղի ծերը…''։
Իր հայրենի սարերից, աղբյուրներից, լեռներից գնացել է Թումանյանը, բայց հոգով ու սրտով իր սարերում ու լեռներում է եղել, աղբյուրների մոտ։ Ուր էլ եղել է, կարոտ-աչքի առաջ Դսեղն է եղել, Դսեղի հերանց գնացող արտերը.
Կլթացնում են, արտորում,
Արտույտները արտերում,-
Թռչում մանուկ հագուս հետ,
Ճախրում, ճըխում եթերում։
Հիշել է ''վես ու վիթխարի լեռների'' շուրջը տարածված անտառները, կարոտել.
Ո՞վ է ձեռքով անում, ով,
Հեռվից անթիվ ձեռքերով.
–Ջան, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։
Հիշել է անգամ մանկության կենդանիներին. ''Իբրև հին կարոտ մտերիմների, հիշում եմ պոզատ գոմեշը՝ Նազլուն, Ծաղիկը (կով), Չերքեզը, Աբրաշը (եզներ), Թոբլան շունը, Ղայթարը (շան անուն), իմ պապոնց, մեր Մարինոս էշը, Ղռատ ձին…''
Ես գիտեի, լսել էի, որ Դսեղից վերև, անտառի մեջ կա մի լճակ, որին դսեղցիները անվանում են ''Ծովեր'' և, որ Թումանյանը շատ է սիրել ''Ծովերը''։ Դեռևս 1922-ին նա դիմել է հողժողկոմ Արամայիս Երզնկյանին, խնդրել, որ ''Ծովերի'' մոտ գրողների հանգստյան տուն կառուցեն։
– Կուզենայինք տեսնել Ծովերը,– ասում եմ Արմենուհի Թումանյանին։ Արմենուհին մի պահ նայում է ինչ-որ կետի, հետո ժպտալով ասում է։
– Խնդրեմ։ Թումանյանն այնտեղ շատ է եղել։ Գնանք։
Գյուղամիջով քայլում ենք։
– Այստեղ մի մարդ է ապրում, որի հարսանիքին Թումանյանը քավոր է եղել։ Մտնե՞նք։
Բակում նստած էին ''հարսն'' ու ''փեսան''։ Ծերունին գլուխը քաշ, տեր-ողորմյա էր քաշում, պառավը՝ ձեռքերը ծնկներին (ասես նկարվում էր), նայում էր ճանապահին։
–Բարի օր ձեզ,– բարձր ասաց Արմենուհին։– Կարելի՞ ա…
–Եկեք, եկեք։– Պառավը վեր կացավ տեղից։– Ախչի, աթոռ բերեք։
–Ասում են Հովհաննես Թումանյանը ձեր քավորն է եղել, ճի՞շտ է, -հարցնում եմ ես։
– Հա, բա ոնց, ճիշտ ա,– հպարտացավ պառավը։– Կարողա՞, որ ճիշտ չըլի…
Ծերունին լուռ, դեռևս ոչինչ չհասկանալով, նայում էր մեզ։
–Արտեմ բիձա, Թումանյանի մասին մի երկու բան ասա, լսենք։
Ասես հենց դրան էր սպասում։ Դասը սերտած աշակերտի պես ծերունին սկսեց.
–Մի անգամ հերը աղունը տարել էր աղալու. ջրաղացում տեսնելով միրգ ծախող մի գյուղացու, աղունը թողնում ա ջրաղացում, միրգը բեռնում ձին, բերում։ Կինը հարցնում ա. ''Տերտեր, բա ալյուրը ո՞ւրա''։ Տերտերը թե՝ ''Ջրաղացում ջրաղացպանը դեռ աղում ա''։ ''Ախր, անտեր ա, կգողանան''։ ''Չունեվոր մարդիկ են, թող մի քիչ էլ գողանան'',– ասում է Օհաննեսի հերը։ Օհաննեսն էլ շատ լավ մարդ էր։ Էջմիածնա որբերը բերել տանը պահում էր։ Մի օր էդ որբերին շատ հեքիաթներ ա պատմել, ծիծաղացրել ա, հետո, որ որբերը քնել են, ինքը գնացել, պարտեզում նստած լաց ա եղել… ախպերն ա տեսել…
Ու դեռ՝ ''Օհաննե՜ս աղա''…
Ծերունին լռում է։
–Էլ ի՞նչ գիտեք, հայրիկ։
–Հա, Օհաննես Թումանյանը ուսում շատ էր սիրում, ուսումնասեր մարդ էր, նրա պես ուսումնասեր մարդ, ես կյանքիս մեջ տեսած չեմ։ Որ գեղ գար, իսկույն գեղիցը կհարցներ։ Մի անգամ, էլի որ գեղ էր եկել, գնացինք գանգատ արինք։ Առաջ դպրոց չկար, ասացինք, հիմա էլ դպրոց կա, ամա շատերը իրենց երեխեքին դպրոց չեն տալի։ Ասաց՝ օրինակ, ո՞վ։ Ասացինք՝ Ալեքսին։ Կանչել տվեց։ Ալեքսին եկավ, թե՝ բարով ես եկել, Օհաննես ջան։ Օհաննեսն էլ թե՝ բարիդ եմ եկել։ Էս ոնց ա, քեզնից բողոքում են։ Երեխեքին խի՞ չես դպրոց տալիս, որ աշխարհքի լիսն ու մութը ջոկեն, գրաճանաչ դառնան, խավարումը չմնան։ Ալեքսին էլ թե՝ Օհաննես ջան, չկա, բա որ ըլի, ղարգիլ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։
''Ամեն ինչ անցողական ա, – ասաց Օհաննեսը ,– ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում''։
– Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։
– Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…
Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.
– Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. ''Համլիկ, մեր էս թազա հարսին նկարիր''։ Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում։
– Դե հիմա էլ ինձ ականջ արա,– խոսք վերցրեց ամուսինը։– Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։