Литмир - Электронная Библиотека

– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:

– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:

– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:

Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.

– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…

– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:

– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…

– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:

Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:

– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:

– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:

– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:

Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:

Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:

– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:

Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.

– Գիտե՞ք ինչ, իմ կարծիքով, սխալ են բոլոր նրանք, ովքեր տխրում են էն մտքից, որ հարյուր տարի հետո իրենք չեն լինի: Դա նույնն է, որ մարդ նստի և սուգ ու շիվան անի այն բանի համար, որ հարյուր տարի սրանից առաջ ինքը չի եղել: Օմար Խայամն ի՞նչ է ասում. «Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել, երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա»: Այսօրվա օրն է կարևորը, այս օրը, դրա համար էլ խմենք այս օրվա կենացը, այս պահի կենացը, որ միասին նստած ուրախանում ենք: Բարձրաբերձ ժայռին մի գրվածք կար: Երբ հարուստներն էին կարդում այն, վշտից լաց էին լինում, աղքատները կարդում՝ ուրախանում էին, իսկ սիրահարները կարդում՝ սկսում էին գնահատել միատեղ անցկացրած ամեն մի ակնթարթը: Իսկ էդ բարձր ժայռին շատ հասարակ ու պարզ մի նախադասություն էր գրված ընդամենը՝ «ժամանակավոր է այս ամենը»: Կյանքում, իհարկե, անուշ օրեր շատ կլինեն, անկարելի է, որ չլինեն, բայց էդ օրերի մեջ թող հիշվի նաև էս օրը՝ մեր ծանոթության օրը: Լավ օր է, ազնիվ խոսք: Կենացդ, Ռենա ջան, միշտ էդպես գեղեցիկ ու ցանկալի լինես, և քո կենացը, Լեո ջան, և իմ կենացը նաև, էս օրվա ու էս պահի կենացը:

«Նոր ինտուրիստի» ամբողջ երկրորդ հարկը՝ մի ծայրից մինչև մյուսը, լրիվ ռեստորաններ էին՝ հայելապատ, պարսկական գորգերով՝ հատակին ու պատերին, արևելյան նախշերով՝ հեքիաթներից արված նկարազարդումներով: Ռեստորաններն այդպես էլ կոչվում էին՝ «Գորգային», «Արևելյան», «Հայելազարդ», «Բյուրեղապակյա»:

Մենք «Արևելյան» դահլիճում էինք նստած, հյուրանոցի աջ թևում, որի լայն ու բարձրադիր լուսամուտները նայում էին իրիկնային արևի հետ խաղացող ծովին:

Ամենուր թնդում էր երաժշտությունը՝ հիմնականում թուրքական, որը վերջին մեկ-երկու տարում զանգվածային էր դարձել. քաղաքի բոլոր անկյուններում՝ ծովամերձ զբոսայգուց մինչև հեռավոր արվարձանները, առավոտից երեկո թուրք երգիչների ձայնագրություններն էին՝ Յագուբ Զուրուֆչու, Թեզջան, Սեդեն Գյուլեր, Տարկան…

Երաժիշտները պարի եղանակ նվագեցին. «Հաու դու յու, դու յու, միստեր Բրաուն… Հաու դու յու, դու յու, դու յու, դու…»:

– Լեո, սա արդարությո՞ւն է, – Արմենը շուռ եկավ բազկաթոռի մեջ՝ հրահանով վառելով սիգարետը: – Մենք երկուսով նստած ենք մի աղջկա հետ, իսկ ահա էնտեղ, մի քանի սեղան էն կողմ, մի խումբ աղջիկներ ու… երկու տղամարդ: Հարկավոր է աղջիկներից մեկին հրավիրել մեզ մոտ: Մեկը կա նրանց մեջ՝ թխահեր, լավիկն է, նայիր ոնց է պարում, տես, թե դուր է գալիս, հենց հիմա հրավիրեմ մեզ մոտ:

Շրջանաձև պարահրապարակում, գույնզգույն լուսարձակներից հորդող լույսերի մեջ, ռիթմիկ պարում էին զույգերը: Հատկապես աչքի էին ընկնում երկուսը՝ գիրուկ մի տղա և թխահեր մի աղջիկ: Նրանք ասես հոգնություն չունեին: Ժամանակակից պար էր, սակայն նրանք պարում էին ոչ թե իրար գրկած, այլ առանձին, ինքնամոռաց պարում էին՝ հայացքները հառած միմյանց ու շարունակ ժպտում էին:

Նվագը վերջացավ, զույգերը գնացին դեպի իրենց սեղանները, և այդ պահին կրկին թնդաց երաժշտությունը:

– Լեո, վերջին անգամ եմ հարցնում, հետո կփոշմանես:

Ռենան մի ումպ արեց շամպայնից, սպասողական նայեց ինձ:

– Չեմ փոշմանի, – պատասխանեցի ես: – Եթե քեզ պետք է՝ հրավիրիր, ինձ պետք չէ:

Արմենն ընդոստ շարժումով տեղից ցատկեց և, շրջանցելով սեղանները, գնաց դեպի դահլիճի մյուս ծայրը:

– Ոդիսևսը գնաց Տրոյան նվաճելու, – կատակեց Ռենան:

Քիչ անց թխահեր աղջիկն արդեն պարում էր Արմենի հետ: Նա աղջկան, երևի, ինչ-որ զվարճալի բան էր պատմում, սա շարունակ ծիծաղում էր, մեկ-մեկ գլուխը հակելով Արմենի ուսին:

– Լեո, ուզում եմ տուն զանգել, – ասաց Ռենան՝ քիչ առաջ թեքվելով: – Հետաքրքիր է, ավտոմատ-հեռախոս չկա՞ այստեղ, – հարցրեց նա մտախոհ տեսքով: – Մերոնք կարող են անհանգստանալ:

Ես գոտկատեղից հանեցի ռադիոհեռախոսը, որ դեռևս նորություն էր, միացրի, պարզեցի Ռենային, ներքուստ ուրախանալով, որ նրա հեռախոսահամարը կմնա խոսափողի մեջ: Ռենան երախտագիտությամբ նայեց ինձ, որ ստիպված չպիտի լինի հեռախոս որոնել և, վերցնելով խոսափողը, սկսեց սեղմել թվանշանները: Նա որոշ ժամանակ սպասեց մինչև կարձագանքեին հեռախոսագծի մյուս ծայրում, հետո սկսեց խոսել: Երաժշտության տակ նրա ձայնը չէր լսվում, վարդավառ շուրթերին մերթընդմերթ ծաղկում էր ժպիտը:

Ռենան ավարտեց խոսակցությունը և, ուրախ տրամադրությամբ վերադարձնելով ռադիոհեռախոսը, ավելացրեց.

– Շնորհակալություն: Ասացի, որ մի քիչ ուշ կգամ: Նրանք արդեն անհանգստանում էին:

Նվագը դադարեց, և մենք տեսանք, որ թխահեր աղջկա մերկ ուսերը գրկած, դարձյալ շրջանցելով սեղանները, Արմենը մոտենում է մեզ:

– Ոչ, դա Ոդիսևսը չէր, – ասացի ես ծիծաղելով: – Տրոյայի թագաժառանգ Պարիսն է դա, Հեղինեին առևանգած՝ Սպարտայից տանում է Տրոյա: Եվ եթե գիրուկը նրա Մենելաոսն է, – ավելացրի, – ուրեմն մեր կործանումը նույնպես անխուսափելի է:

Մինչ այդ Արմենը, նրա հետ և թխահերը՝ բավականին խմած ու խմածությունից վարդագույն, հայտնվեցին մեր սեղանի մոտ:

– Հունա-տրոյական պատերազմ չի՞ լինելու, – հարցրի ես:

– Ի՞նչ պատերազմ, – չհասկացավ Արմենը:

– Դու չհարցրի՞ր՝ նա մենա՞կ է այստեղ, թե ամուսնու հետ:

– Իյա¯, – բութ մատն ու ցուցամատը վեր՝ ծիծաղեց Արմենը: – Վախեցող ես գտել: Մարգարիտա Վոյտենկո, – ներկայացրեց նա: – Թե իմանայիք ինչպիսի դժվարությամբ հաջողվեց ինձ կոտրել սքանչելի Մարգարիտայի համառությունն ու հրավիրել մեզ մոտ: Չէր գալիս ու չէր գալիս:

– Ո¯չ, – գլուխը տարուբերեց Մարգարիտան: – Փչում է, ես սիրով ու իմ հոժար կամքով եկա և, նայելով ձեր սեղանին, տեսնում եմ, որ, այո, չեմ սխալվել, – ծիծաղեց նա, ձեռքը մեկնեց ինձ, հետո Ռենային: – Աստված իմ, մի սրանց սեղանին նայեք. սև խավիար, կարմիր խավիար, խորոված, տապակա, անանաս… Էս ի՞նչ եք անում, լսեք, չե՞ք վախենում «օբեխեսեսից», դուք ինչ է, Խորհրդային Միությունում չե՞ք ապրում, մեր ժամանակավոր դժվարությունները չե՞ք տեսնում: Արմեն, շուտ նստեցրու ինձ, կարող է ուշաթափվեմ:

4
{"b":"608192","o":1}