Литмир - Электронная Библиотека

– Կխոսեմ:

– Հարյուրը խմում ենք, երեք հարյուրը տալիս եմ տուն: Դու գիտես, Սիավուշն իր խոսքի տերն է:

Նա մեկ-մեկ իր մասին երրորդ դեմքով էր խոսում:

– Ասացի՝ կխոսեմ: Ես էլ եմ նրան սպասում: Երեկոյան զանգիր:

– Էհ, դու տանը նստո՞ւմ ես որ, – բազմանշանակ նայելով՝ ասաց Սիավուշը, ծիծաղեց, իբր, տեսնում եմ՝ ինչով ես զբաղված:

– Այդ ո՞վ էր, – նրա գնալուց հետո հարցրեց Սիլվան:

– Սիավուշ Մամեդզադեն է: Բանաստեղծ է, համաշխարհային գրականության ինստիտուտն է ավարտել Մոսկվայում: Սքանչելի տղա է: Նմանը չկա:

– Դեմքը շատ դուրեկան ու ծանոթ է:

– Հեռուստատեսությամբ եք տեսել: Գրական հաղորդումներ է վարում:

– Երևի… Արինան ձեր մասին ինձ շատ է պատմել, – անսպասելի ասաց Սիլվան և, աչքերը բարձրացնելով, դարձյալ ակնապիշ նայեց:

Դադար:

– Գիտե՞ք, նա կարող է ժամերով խոսել ձեր մասին:

Նորից դադար:

– Ես հիմա եմ հասկանում նրան, – կրկին խոսեց նա և հանկարծակի ավելացրեց, – իսկ ես գլուխս չե՞մ կորցնի այստեղ:

– Ի՞նչ իմաստով, – չհասկացա ես:

Սիլվան փռթկաց, կկոցեց աչքերը՝ լիաշուրթ շառագույն բերանն այս ու այն կողմ տանելով.

– Այն իմաստով, ինչ իմաստով գեղեցիկ կինը կարող է գլուխը կորցնել գեղեցիկ տղամարդկանց շրջապատւմ:

– Կարող եք չանհանգստանալ, – ասացի ես քմծիծաղով: – Հաշվապահությունում բոլորը կանայք են:

– Այդ լավ է, – թեթև հոգոցով արտասանեց Սիլվան: – Թե չէ, գիտե՞ք, ամուսինս աներևակայելի խանդոտ է:

Նա պարզամիտ անպատկառությամբ սիրասուն կին էր խաղում. ես այդ հասկանում էի, բայց լռեցի, որովհետև դա բոլորովին ինձ չէր վերաբերում:

– Գիտե՞ք ինչ, – շրթունքները կիսաբաց ու հնազանդ հայացքով տակնիվեր նայելով՝ շարունակեց Սիլվան, – եթե հազար մարդ քո մասին լավ խոսի ու միայն մեկը՝ վատ, հենց այդ մեկին էլ մարդիկ կհավատան և կուրախանան: Էհ, երևելի մարդկանց ու գեղեցիկ կանանց շուրջը բամբասանքներ միշտ էլ լինում են:

Կադրերի բաժնի դուռը բացվեց, այնտեղից շորորալով դուրս եկավ Սեիդոզաևան:

– Սաիդա, ձեզ ենք սպասում, – ասացի ես:

Նրա բերանում ևս ծամոն կար, շրթունքները փակ, ծամելուն հանգույն՝ ծնոտներն ալարկոտ շարժելով, մոտենում էր:

– Էս աղջի՞կն է, – հավասարվելով մեզ՝ հայերեն հարցրեց նա:

Սաիդայի մայրը հայուհի էր, և նա ազատ խոսում էր հայերեն:

– Այո, այն նույն աղջիկն է, ում մասին ձեզ ասել եմ, այսպես ասած, քաղաքացուհի Դարբինյանը, ահա փաստաթղթերը:

– Գնանք, – ասաց Սաիդան՝ գնահատող հայացքով նայելով Սիլվային, հետո նայեց ինձ, երկիմաստ ժպտաց:

Սաիդան վրան քիփ նստած մոխրակապտավուն տաբատով էր, տաբատը պատռտվում էր նրա կոնքերի պրկությունից:

Առանձնասենյակում Սաիդան աչքի անցկացրեց Սիլվայի փաստաթղթերը:

– Հաշվապահական ստաժ չունեք, – աշխատանքային գրքույկը թերթելով՝ ասաց Սաիդան գործնականորեն, – կընդունենք որպես հաշվետար, կսովորեք, իսկ մի քանի ամիս անց կփոխադրենք հաշվապահի օգնական: Ես կխոսեմ կադրերի բաժնում, կարծում եմ, կոմիտեի նախագահը նույնպես չի առարկի: Արդյունքների մասին ես կհայտնեմ Լեոյին: Հարկավոր կլինի դիմում գրել, անկետա լրացնել: Այդ ամենը հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

– Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

– Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

– Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

– Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

– Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

– Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

– Սիլվային:

– Ինչո՞ւ:

– Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:

* * * * *

Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ: Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում, մինչև ես կփոխեի շորերս:

– Անցած շաբաթ էինք սպասում, – ոչ չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի, շարունակեց, – բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:

Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.

– Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին-գլխին՝ Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝ էս է:

– Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց, – աչքով անելով ինձ, սաստեց հայրս, – մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական»: – Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց սեղանին: – Տղաս եկել է, միասին խմելու ենք:

– Էնպես է խոսում, ասես մի տարի չի տեսել, – խոհանոցից հնչեց մորս ձայնը, – այստեղից Բաքու՝ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է:

– Ծամը երկար, խելքը՝ կարճ, ո՞ւմ մասին են ասել, – ասաց հայրս ժպտալով: – Ինձ համար մի ամիսը՝ մի տարի է, ես սրտից թույլ եմ, չեմ դիմանում, պրծա՞նք:

– Պրծանք, – ներս գալով ծիծաղեց մայրս և սկսեց գցել սեղանը: – Անցած շաբաթ ինչո՞ւ չէիր եկել:

– Հյուր ունեի Երևանից:

– Ո՞վ էր, – հարևանցիորեն հարցրեց հայրս:

Հո չէ՞ի պատմելու Արմենի մասին:

– Գրող Լեոնիդ Հուրունցը:

– Հուրո՞ւնցը, – զարմացած ասաց հայրս:

– Այո,– պատասխանեցի: – Ասում է հաջորդ անգամ եկա՝ ամուսնացած լինես:

– Մի տես է, տես ինչ լավ մարդ է, է¯, – գլուխը գոհ շարժեց հայրս, – տես ինչ բարի սիրտ ունի: Մարդ էդպիսին պիտի լինի: Գիտե՞ս քանիսներին է նա լավություն արել: Ուրեմն Հուրունցին տեսել ես:

– Սուրեն Այվազյանն է մեկ-մեկ գալիս: Վերջերս Սերո Խանզադյանն էր մեզ մոտ: Մեր բարբառով է խոսում:

Հայրս հպարտությամբ նայեց մորս:

– Մի տես տղադ ի¯նչ մարդկանց հետ է ծանոթ: – Նա լցրեց բաժակները: – Արի մի բաժակ էլ դու խմիր:

– Գժվե՞լ ես, այ մարդ, – ջղայնացավ մայրս: – Էդ էր պակաս:

– Էհ, մի խմիր,– տեղի տվեց հայրս, – ավելի լավ՝ մեզ կմնա, – ծիծաղեց նա, նստեց սեղանի գլխավերևում, բարձրացրեց բաժակը:

– Խմենք էն ծնողի կենացը, որ նամուսով զավակ ունի ու էն զավակի կենացը, որ ինքը բարձրանալով վեր, բարձրացնում է իր ծնողաց անունը, – հայրս ակնհայտ գոհունակությամբ նայեց ինձ, բաժակը խփեց իմ բաժակին, բայց չխմեց: – Ես մի մարդ գիտեմ, – ասաց նա, – նամուսով, ղեյրաթով մարդ, որը երեսուն տարեկան իր անբան ու հարբեցող որդու երեսին, արցունքն աչքին, ասել է. «Քո ծնված օրը, ես մեռած պիտեի»: Սողոմոն իմաստունը մի իմաստուն խոսք ունի, ասում է՝ նամուսով որդին հոր համար բախտավորություն է, աննամուսը՝ մոր դժբախտությունն է: Էդպես է, մատտաղ, զավակի բերած ցավը ամենեծանրն է, էդ ցավին դժվար է դիմանալ: Հորը թվացել է, թե չարչարանքով տղա է մեծացնում, բայց չէ՝ գետի վրա նստած ալյուր է մաղել: Կարծում ես նրա ասած խոսքն ազդե՞լ է որդու վրա: Ամենևին: Բա դա էլ կա է, մատտաղ: Մարդ կա, որ հազար արժե, հազար մարդ կա, որ միասին վերցրած՝ մի քոռ կոպեկ չարժեն: Լավ ժառանգ լինելն ու լավ ժառանգ ունենալն էլ բախտի բան է: Թե չէ՝ աշխարհիս ստեղծման օրից էդպես եղել ու էդպես էլ կշարունակվի՝ հասկացողը միշտ տանջվել է անհասկացողի ձեռքին: – Նա մի ումպով խմեց կոնյակը: Խմեց, կնճռոտեց դեմքը: – Չէ, սրանից թախտաբիթիի հոտ է գալիս, – ասաց նա, վեր կացավ, բուֆետից մի շիշ օղի հանեց: – Մարդիկ սա ո՞նց են խմում, – շարունակեց հայրս գլուխն օրորելով: – Դու կոնյակ կխմես, ես՝ օղի: Չնայած շատ չեմ խմում՝ երկու-երեք բաժակ: – Ուրեմն Հուրունցին տեսել ես, – քիչ առաջվա խոսակցությանը վերադառնալով՝ ասաց նա: – Ղարաբաղում նրա անունով երդում են ուտում, քանի անմեղ մարդու է բանտից ազատել տվել, գիտե՞ս: Բա թթի այգինե՞րը: «Իզվեստիա» թերթում մի քանի հոդված տպագրեց, չթողեց, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը վերացնի թթի այգիները, ոնց որ հետո խաղողի այգիները վերացրին: Առանց թթատերևի ո՞նց կլինի՝ Ղարմետաքսկոմբինատը կկանգներ, նրա մասնաճյուղերը՝ Խնձրիստան, Տումի, Չանախչի ու Քարինտակ գյուղերում, նույնպես կկանգնեին: Հարյուրավոր մարդիկ անգործ կմնային: Բա թո՞ւթը, դոշա՞բը, չամի՞չը, թթի անմահական արա՞ղը: Մտածում եմ՝ ինչքան խիղճը կորցրած մարդիկ պիտի լինեն, որ նստեն որոշում հանեն՝ հազար տարվա էդ այգիները ոչնչացնելու մասին, փաստորեն մարդկանց զրկելով ապրուստից: Ասենք, մեր բոլոր որոշումներն էլ միշտ հասարակ մարդկանց դեմ են եղել: Ինչը մարդկանց օգտին է՝ չի գործում, ինչը դեմ է՝ տեղնուտեղը:

18
{"b":"608192","o":1}