Литмир - Электронная Библиотека

– Բա ո¯նց, – արձագանքեց Սաղումյանը, – արյան գնով նվաճել է, հո ձեռքից չի՞ տալու: Ադրբեջանցիները լավ ասացվածք ունեն՝ քյոռ թութտուղընը բրախմազ*:

– Ա՛յ Հարություն, – դիմելով Սաղումյանին՝ մտամոլոր ասաց Հուրունցը: – Հայի ձեռքով հային բնաջնջելը նորություն չէ: Ադրբեջանի ղեկավարությունն իր հայահալած գործողություններում միշտ էլ դիմել է հայերի օգնությանը, օգտագործել է նրանց շատ ճկուն միջոցներով, դրա համար ընտրելով այնպիսիներին, ովքեր պատրաստ են եղել իրենց անձնական շահի համար ոտնատակ տալ հարազատ ժողովրդի շահն ու պատիվը: Շուշիի անառիկ բերդն ո՞վ նվիրեց Պարսկաստանից փախած մի ոմն քոչվոր ցեղի պարագլուխ Սարիջալլու Փանահալուն՝ հայազգի մի նենգ Շահնազար: Բագրատ Ուլուբաբյանի պես մեծ հային ո՞վ տապալեց՝ մի ոմն ծախու շուն՝ Գևորգ Աթաջանյան անունով: Լսել եմ, որ ձեզ մոտ է աշխատում: Բուլգակովն իր հռչակավոր գրքում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպում, նկարագրում է, թե ինչպես կիրիաֆցի

Հուդան Յեշուային սիրալիր հրավիրում է իր տուն, հյուրասիրում է, միաժամանակ հետաքրքրվելով նրա վերաբերմունքով՝ հանդեպ իշխանությունները, իսկ հետո մատնում է նրան դահիճներին: Ճիշտ նույն ձևով այդ Աթաջանյանն իր նման մեկի հետ, որի անունը տալ չեմ ուզում, որովհետև ընդունված չէ մեռած մարդկանց մասին վատ խոսել, Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանի հետ միասին, հյուր են կանչում և սեղանի շուրջ եղած ամբողջ խոսակցությունը թաքուն ձայնագրելով հանձնում են ԿԳԲ-ին: Դա այն ժամանակ էր, երբ ղարաբաղցիները հերթական անգամ հարց էին բարձրացրել՝ Ղարաբաղը միավորել Հայաստանին: Բոլոր շրջաններում, գյուղերում ստորագրություններ էին հավաքվել: Քառասունհինգ հազար ստորագրություն… Շատ շուտով Ղարաբաղի մի շարք հայտնի մարդիկ սկսեցին ենթարկվել հալածանքների, ոմանք ստիպված եղան քոչել հանրապետությունից:

Հուրունցը մտամոլոր, երկար մտածում էր:

– Քառասուն հոգու Բաքվի մեկուսարաններում ու բանտերում անմարդկային տանջանքների ենթարկելուց հետո, – շարունակեց նա, – ուղարկեցին Կոմի երկրամաս: Նրանց մեջ էր և 1966-ի սեպտեմբերին Մարտունու շրջանի Կուրապատկինո գյուղում Արշադ Մամեդովի ձեռքով դաժանորեն սպանված ութ տարեկան Նելսոն Մովսիսյանի հայր Բենիկ Մովսիսյանը: Այն Արշադ Մամեդովի, որի հուղարկավորությանը մասնակցելու էին եկել

Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ Իսկանդարովն ու մինիստրների խորհրդի նախագահ Ալիխանովը: Երկուսն էլ՝ ազգությամբ քուրդ:

Հուրունցը մի կարճ պահ դադար տվեց, ցավագնորեն ասաց.

* քյոռ թութտուղընը բրախմազ (ադրբ.) – կույրն իր բռնածը բաց չի թողնի

– Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի այն ժամանակվա առաջին քարտուղար Վալի Յուսուֆովիչ Ախունդովի հրամանով Ուլուբաբյանը վտարվեց Ղարաբաղից, իսկ նրա տեղը գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակվեց… այդ նույն ծախու շուն Աթաջանյանը: Մի օրվա մեջ նրան ընդունեցին գրողների միության շարքերը: Չտեսնված ու չլսված բան. Մաքսիմ Հովհաննիսյանի նման մեծատաղանդ գրողը տասնհինգ տարուց ավելի հերթի է սպասում, չեն ընդունում: Վարդան Հակոբյանի, Հրաչյա Բեգլարյանի, Նվարդ Ավագյանի, Կոմիտաս Դանիելյանի պես գրողներին, որոնց ստեղծագործությունները քաջ հայտնի են նաև Հայաստանում, չեն ընդունում գրողների միության մեջ, իսկ այ անտաղանդ, թեթևսոլիկ ու անբարոյական մարդուն մի օրվա մեջ ընդունեցին: Եվ ովքե՞ր նրան այդպես շտապ երաշխավորագիր տվեցին՝ Սամվել Գրիգորյանն ու ձեր նոր գլխավորը: Կանչեք՝ երեսին ասեմ:

Հուրունցը երկար դադար տվեց, ասաց.

– Հայոց պատմության մեջ չի արձանագրված որևէ փաստ, որ մեզ նվաճողներից պարսիկը, արաբը կամ թուրքը հայ վեհափառ սպանած լինի: Դրան մենակ բոլշևիկներն ընդունակ եղան: Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը հրաժարվում է Մայր Աթոռի գանձերը տալ բոլշևիկներին: 1938-ի ապրիլին նրան գազախեղդ են անում Էջմիածնում: Եվ ո՞ւմ հրամանով է արվում՝ հայ բոլշևիկ Անաստաս Միկոյանի: Եվ վերջապես, Սերգո Օրջոնիկիձեին միացած՝ ո՞վ առաջարկեց վերանայել Անդրկովկասի բյուրոյի պլենումի 1921-ի հունիսի երեքի որոշումը՝ հօգուտ Հայաստանի, ու մի ամիս ու երկու օր անց՝ հուլիսի հինգին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմի մեջ մտցնելուն ո՞վ դեմ քվեարկեց՝ այդ նույն բյուրոյի ընդհանուր քարտուղար Հմայակ Նազարեթյանը: Այդ հատկությունները տարիներ ի վեր պիոներ Պավլիկ Մորոզովից ու կիրովաբադցի Գրիշա Հակոբյանից սկսած մինչև այսօր, խրախուսվել են, գիտակցաբար արմատավորել: Ստալինի, Բերիայի, Բագիրովի մարդակործան արարքներին օգնած և ոչ մի տականք նրանց մահից հետո անգամ չի պատժվել: Պատերազմի նախօրեին Ստալինը կարմիր բանակի ղեկավար անձնակազմից՝ մարշալից մինչև լեյտենանտ, քառասուն հազար հոգու գնդակահարեց: Մարշալ Բլյուխերին, նրա կարգադրությամբ, անմարդկային տանջանքների են ենթարկում, փշրում ողնաշարը, բանտարկության տասնութերորդ օրը փառապանծ մարշալը զոհվում է քննիչների սապոգների տակ: Քառասունվեց թվականին, այս անգամ արդեն Բերիայի կարգադրությամբ ու անմիջական մասնակցությամբ, այդ նույն քննիչների սապոգների տակ խոշտանգումների է ենթարկվում նաև մեր քաջ հայրենակից մարշալ Խանփերյանցը՝ Մեծ Թաղլար գյուղից: Տասնութ թվականին նա ծածկագրող էր եղել այստեղ՝ Բաքվի կոմունայի շտաբում, լսել է Բերիայի գաղտնի հեռախոսազրույցը անգլիական հետախուզական ծառայության աշխատակցի հետ և այդ մասին հաղորդել կոմունայի ղեկավարությանը: Բերիան դա չէր մոռացել… Բլյուխերն ինչ, միջազգային մասշտաբի այդ դահիճ Ստալինը քառասուն միլիոն մարդու գլուխ կերավ, նա կարող էր ամբողջ երկրի գլուխն էլ ուտել, բայց, բարեբախտաբար, սահմանափակվեց այդքանով: Ո՞վ էր նրա ձեռքը բռնելու, ո՞վ էր ընդդիմանալու, եթե այդ թիվը կրկնապատկեր ու քառապատկեր: Ոչ ոք: Սպանելու, աքսորելու, երկրի երեսից մարդկանց, ամբողջ ժողովուրդներ, ազգեր ջնջելու իրավունքը միայն ու միայն իրեն էր վերապահված, իր սեփականությունն էր: Միահեծան ու անսահմանափակ իշխանության տեր, իր անձնական դիկտատուրան ներկայացրած որպես պրոլետարիատի դիկտատուրա: Ամեն ինչ տեղը տեղին՝ կա՛ սովետական ժողովուրդ, կա՛ նրա առաջատար ջոկատը՝ բանվոր դասակարգը, կա՛ այդ դասակարգի առաջավոր ջոկատը՝ կուսակցությունը, կա՛ այդ առաջավոր ջոկատի ղեկավարող կորիզը՝ Քաղբյուրոն և, վերջապես, նրա գլխավոր քարտուղարը՝ Ստալինը, որի կամքը կուսակցության կամքն է, ով դեմ է Ստալինին՝ դեմ է կուսակցությանը, ով դեմ է կուսակցությանը՝ դեմ է ժողովրդին, նրա թշնամին է: Հիմա այդ իրավունքն իրար մեջ կիսել են հազարավոր մանր ստալիններ, որոնցից մեկն էլ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովն է, համարյա նույնանման իշխանության տեր: Ստալինին հետմահու պատժեցին, դատապարտեցին նրա անօրեն արարքները, Բերիային ու Բագիրովին գնդակահարեցին, իբր տեսեք, դատապարտեցինք, մենք սահմանադրություն ունենք, դատախազություն, դատարան ու արդարադատություն ունենք: Դրանք բոլորը, իբր, ժողովրդի շահերին ծառայելու համար են ստեղծված: Հիդրայի կտրված գլխի փոխարեն աճել են նոր գլուխներ և այն էլ շա¯տ: Դե արի ու դիմացիր:

Հուրունցը քիչ լռեց և, ասես ինքն իր հետ էր խոսում, կամացուկ ասաց.

– Ճշմարտություն, արդարություն, իբր թե սրանք են մեր կյանքի չափանիշները: Բացատրեք, խնդրեմ, կա՞ն, գոյություն ունե՞ն դրանք: Մեկն ու մեկը դրանց երեսը տեսած կա՞. երեկ, նախանցյալ օրը: Գուցե դրանք յոթ փակի տակ են և սպասում են, որ մենք ազատե՞նք, լույս աշխա՞րհ հանենք:

Մեքենագրուհու դուռն անաղմուկ բացվեց, իր անբաժան մթերացանցը ձեռքին, դուրս եկավ մեր նախկին գլխավոր խմբագիրը:

Մերկ գլխին ձախից աջ սոսնձած ճերմակ մազափնջով, կախ ընկած կրկնակզակով, շեկ, ցածրահասակ ու դեռևս ամրակուռ՝ նա մի պահ թղթապանակը տեղավորեց ցանցում և, ուշադիր նայելով Հուրունցին ու, ասես կրակին յուղ լցնելու ակնհայտ մտադրությամբ, ասաց.

– Կևորկովը բնակարան է տվել ինձ:

Հուրունցը բարձրացրեց գլուխը, զարմանքով նայեց նրան:

– Իսկ դու, ինչ է, բնակարան չունեի՞ր, – հարցրեց նա: – Դու երեք սենյականոց բնակարան ունեիր հայկական եկեղեցուց ոչ հեռու, Հյուսի Հաջիև փողոցի վրա և, գիտեմ, լսել եմ, Հեյդար Ալիևը չորս սենյականոց նոր բնակարան է տվել քեզ կառավարական տան մոտ, ծովափին:

– Էստեղ չէ՝ Ստեփանակերտում, – մեծահոգաբար ժպտալով պարզաբանեց նախկինը: – Որպեսզի ամառները գնամ թութ ուտեմ: Հայրենիքս է, չէ՞, Ղարաբաղը, բանաստեղծություններ ունեմ նվիրած՝ «Շաղասար», «Լալիկ աղբյուր», «Սինգարա»… Ա՛յ, վերջերս եմ գրել, բնակարանը տալուց հետո.

Երբ ասում են Ղարաբաղ,

Մեր սարերն եմ ես հիշում,

Աղբյուրները նրա պաղ,

Խոսուն քարերն եմ հիշում:

Ա¯խ, մեր թոնրի լոշը տաք,

Ու զով կալերն եմ հիշում,

Մեր Քուռանի մոշն անտակ,

11
{"b":"608192","o":1}